
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, դեկտեմբերի 17-ից մասնավոր այցով Մոսկվա էր մեկնել Ռոբերտ Քոչարյանը։ Այցից հետո նրա գրասենյակը կարճ հաղորդագրություն տարածեց, որում հիշատակում չկար նշանակալից հանդիպումների վերաբերյալ։
NewArmenia.am-ի աղբյուրները որոշ մանրամասներ են հայտնում այդ այցից։ Մեր աղբյուրների համաձայն` ՀՀ երկրորդ նախագահը չի կարողացել ունենալ քիչ թե շատ նշանակալից հանդիպում ռուսական քաղաքական էլիտայի բարձր օղակների ներկայացուցիչների հետ։ Գործը փորձել է գլուխ բերել Կոնստանտին Զատուլինը։
Մեր տեղեկություններով` վերջինիս հետ Քոչարյանը հանդիպել է երկու անգամ։ Սակայն Զատուլինը նույնպես չի կարողացել կազմակերպել հավատ ներշնչող հանդիպումներ։ Արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ կրեմլյան բարձր դռները փակ են ՀՀ երկրորդ նախագահի առաջ։ Դա ցույց կտա ժամանակը։
Տեղեկությունները ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ։ Վերջինս չպատասխանեց մեր զանգերին։ Արձագանքի դեպքում կհրապարակենք անմիջապես։