7 C
Yerevan
4 Մարտի, 2021
135785.6 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » 16-ի շարժումը կտրուկ մերժում է արտահերթ ընտրության Փաշինյանի առաջարկը՝ մտահոգվելով Փաշինյանի հնարավոր վերընտրությունից
Գլխավոր Նորություններ

16-ի շարժումը կտրուկ մերժում է արտահերթ ընտրության Փաշինյանի առաջարկը՝ մտահոգվելով Փաշինյանի հնարավոր վերընտրությունից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չնայած վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում փողոցներ փակող «Հանուն հայրենիքի փրկության» շարժման առաջնորդները դեռ միասնական կարծիք չեն արտահայտել արտահերթ ընտրությունների առթիվ Փաշինյանի առաջարկի մասին, այդ շարժման ներկայացուցիչներն այսօր հերթով հանդես են գալիս արտահերթ ընտրությունները կտրուկ մերժող հայտարարություններով: Ավելին՝ շարժման ներկայացուցիչները հայտարարում են, թե արտահերթ ընտությունների գնալով` Փաշինյանը փորձում է վերընտրվել: Ասել է թե՝ չեն հերքում, որ Փաշինյանը կարող է վարչապետի պաշտոնում վերընտրության շանս ունենալ արտահերթ ընտրության դեպքում: 

Շարժման համակարգող, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը վարչապետի առաջարկից հետո ֆեյսբուքյան էջում գրել է, թե Փաշինյանը «փրկության ելքեր է փնտրում, կրկին թաքնվելով ժողովրդի թիկունքում, կրկին փորձելով խաբել և մոլորեցնել ժողովրդին»:

«Քո բոլոր փորձերը մեր ժողովրդին մասնակից դարձնել քո ազգադավ ծրագրերին չի ստացվելու»,-հայտարարել է ՀՅԴ ներկայացուցիչը: 

Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը, անդրադառնալով արտահերթ ընտության շուրջ քննարկման Փաշինյանի առաջարկին, գրել է, թե «Հայրենիքի փրկության շարժման առաջին լուրջ հաղթանակն արձանագրվեց»: 

Ըստ Բաբայանի՝ հայրենիքի փրկված մնացորդներն էլ ամբողջությամբ ոչնչացնելու նպատակով՝ ամենամեծ վնասը, որը հնարավոր է հասցնել, Հայաստանն արագ արտահերթ ընտրություններով ամբողջովին փլուզելն է։ 

Իսկ առավել շարժման ներկայացուցչին անհանգստացրել է Փաշինյանի վերընտրվելու հնարավորությունը. «Ինքը չունի այլ տարբերակ, չունի այլ շանս, քան անձամբ անցկացնել ընտրությունները, որպեսզի հնարավորություն ունենա վերարտադրվել՝ կեղծելու ճանապարհով։ Հետևաբար՝ Հայրենիքի փրկությունը չունի այլընտրանք, քան դավաճան Նիկոլին րոպե առաջ հեռացնելը»,-գրել է նա:

Շարժման շրջանում առկա մտահոգությունն առավել հստակ է արտահայտել ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանը: «Իմ կարծիքով՝ արտահերթ ընտրությունների անցկացման միակ պատճառը նախ իր աթոռը պահելն է և երկրորդ, դա իր սև գործը մինչև վերջ տանելն է»,-«Արմլուրին» ասել է նա՝ հավելելով. «Իսկ այսպես արագ, իր ղեկավարմամբ և իր որոշմամբ, երբ ամբողջ ռեսուրսը իր ձեռքն է, սխալ է գնալ արտահերթ ընտրությունների և բնավ չենք պատկերացնում որևէ քայլ նրա հետ»:

ՀՀԿ-ականը նաև զգուշացրել է, թե այն ուժը, որը կքննարկի Փաշինյանի հետ արտահերթ ընտրության հարցը, «ինքնասպան կլինի»:

Քոչարյանական թևի ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը Փաշինյանի առաջարկի առթիվ գրել է. «Իրականությունն այն է, որ իրեն բացառապես աթոռը, իսկ հիմա նաև՝ իր կաշին է հետաքրքրում։ Ինքը ուզում է փրկվել՝ իր թիմին ու Հայաստանը զոհաբերելով»՝ կանխատեսելով, որ արտահերթ ընտության գնալով Հայաստանը կհայտնվի քաոսի մեջ։

Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի տեսակետը Փաշինյանի առաջարկի մասին չհաջողվեց ճշտել: Նրա խոսնակն ասաց, թե առաջիկա օրերին Մանուկյանը հանդես կգա այդ առթիվ: Մի քանի օր առաջ Մանուկյանը, ադրադառնալով արտահերթ ընտրությունների անցկացմանը, ասել էր. «Եթե նույնիսկ այս պարտությունից հետո ինքը դուրս չի գալիս, դուք պատկերացնո՞ւմ եք` արտահերթ ընտրություններն ինչ են լինելու: Դա աննախադեպ ջարդ է լինելու, և աննախադեպ կեղծիքներ են լինելու»: Մեր հարցին, թե արտահերթ ընտրությունը մերժելով` Վազգեն Մանուկյանը շարժումն այդպիսով բախմա՞ն է տանում, նրա խոսնակը դեռ չի պատասխանել:  

Այսպիսով՝ 16-ի շարժումը փորձելու է առաջիկայում ևս Փաշինյանին պարտադրել հրաժարական, թեև ակցիաների մի մասը ձախողվել են դրանց մասնակիցների սակավաթվության արդյունքում: 

Նշենք, որ երեկ վարչապետ Փաշինյանը հանդես եկավ առաջարկով՝ նշելով. «Ես, կառչած չեմ վարչապետի աթոռից, բայց և չեմ կարող անփույթ վերաբերմունք ունենալ ժողովրդի կողմից ինձ հանձնված իշխանության, վարչապետի պաշտոնի նկատմամբ։ Այդ պաշտոնի և երկրի հետագա քաղաքական առաջնորդության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը՝ իր կամքի ազատ արտահայտմամբ, և ես, որպես Հայաստանի վարչապետ, ինձ համարում եմ այդ կամքի ազատ արտահայտման երաշխավորը։ …Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»։

Պատերազմից հետո Հայաստանում ստեծված իրավիճակում արտահերթ ընտրությունների անցկացմանը կողմ են արտահայտվել կամ գոնե դեմ չեն մի շարք քաաքական ուժեր՝ ՀԱԿ-ը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը», «Քաղացաքու որոշում» կուսակցությունը և այլք, որոնք էլ թերևս առաջիկայում կմասնակցեն արտահերթի շուրջ քննարկումներին:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ՀԱԿ-ը դեռ որևէ քննարկում վարչապետի առաջարկի առթիվ չի ունեցել, ինքն անձամբ կողմ է արտահերթին և դա համարում է լավագույն լուծում, բայց կուսակցական որոշում չկա: «Առաջիկայում արտահերթի ամբողջ կոմպլեքսը կքննարկենք, կուսակցության դիրքորոշումը հայտնի կդառնա»,-ասաց նա:  

Ազգային ժողովրդավարական բևեռի խոսնակն ասաց, որ բևեռն առաջիկայում արտահերթ ընտրությունների մասին վարչապետի առաջարկի առթիվ իր պաշտոնական դիրքորոշումը կներկայացնի: 

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հիշեցրեց. «Ես իմ բոլոր հարցազրույցներում ասել եմ, որ ճգնաժամի լուծումը տեսնում եմ արտահերթ ընտրությունների միջոցով»։ Նա, սակայն, չմանրամասնեց՝ մասնակցելու է վարչապետի մոտ հանդիպմանը, թե ոչ: 

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ասաց, որ վարչապետի մոտ քննարկման չեն գնալու, քանի որ արտահերթ ընտրությունների սեփական ծրագիր ունեն, որը ներկայացրել են: «Ասել ենք բազմիցս, որ արտահերթին պիտի անպայման գնանք, բայց դա պետք է արվի որոշ ժամանակ անց, երբ հասարակության վիճակը կայուն կլինի: Պատերազմից եկած զինված խմբերը զինաթափ կլինեն, մեծ քանակության զենք կա հասարակության ձեռքին»,-նշեց Սիմոնյանը: Ըստ ԼՀԿ-ի՝ պետք է լինի անցումային վարչապետ, որը կազմակերպի արտահերթ ընտրություններ, իրենց համար ընդունելի է Էդմոն Մարուքյանը, սակայն չեն բացառում որևէ այլ թեկնածու: 

«Քաղաքացու որոշումը» կողմ է արտահերթ ընտրություններին, բայց ինչ պայմաններով և երբ` դեռ չեն հասցրել քննարկել: ՔՈ անդամ Միքայել Նահապետյանն ասաց, թե չի կարող ասել՝ մասնակցելու են վարչապետի քննարկմանը, թե ոչ, սակայն իրենք պատրաստ են միջնորդ դառնալ, ճգնաժամը հաղթահարելու համար մասնակցել ցանկացած քննարկման: «Լավագույնը կլինի, որ վարչապետ լինի, որը «Իմ քայլից» և «17 ուժերից» չի լինի, կայունացնի երկիրը, տանի արտահերթ ընտությունների»,-նշեց նա: 

Մարինե Խառատյան 

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետը հանդիպել է Էդմոն Մարուքյանին. խորհրդակցությունները կշարունակվեն

Նատա Հարությունյան

Փաշինյանը ծրագրում է առաջիկա օրերին հանդիպել Մարուքյանի և Ծառուկյանի հետ

Նատա Հարությունյան

Ձեզնից սպասումները մեծ են. Փաշինյանը դիվանագետներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին