10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135763.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Արցախի կորուստը աննկատ մնաց
Գլխավոր Նորություններ

Արցախի կորուստը աննկատ մնաց

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հաճախ կարող ենք նկատել, թե ինչպես են տարբեր տեսաբաններ և փորձագետներ գանգատվում Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ժողովրդական զանգվածների անտարբերությունից։ Անտարբերություն ոչ թե սրտացավության բացակայության իմաստով, այլ՝ իրերի դասավորությունը ըստ էության չընկալելու։ Հենց այդպես էլ ասում են․ մարդիկ մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ է կատարվել Ղարաբաղում, չեն գիտակցում, որ մենք կորցրել ենք այն։

Ամենևին էլ պետք չի կարծել, թե սա միայն մեր հանրույթին ու մեր ժամանակաշրջանին բնորոշ երևույթ է։ Ո՛չ։ Պատմական տարբեր շրջափուլերում, ճգնաժամային և աղետալի իրավիճակների մեջ մխրճված տարատեսակ հանրույթներում կարող ենք որսալ գրեթե նույն մոտեցումը։ Այսինքն, այս կամ այն իրադարձության ժամանակակիցները հաճախ չեն կարողանում գիտակցել այդ իրադարձության էությունն ու դրանից ածանցվող հետևանքները։

Սա շատ բարդ հարց է և պետք է արժանանա առանձին մասնագետների՝ հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքական փիլիսոփաների առանձնահատուկ ուշադրությանը։ Հարցադրումը մոտավորապես սա է․ ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում տեսնել իրենց աչքի առջև գտնվող առարկան։ Օրինակ` ես կարծում եմ, որ սրա ամենաէական պատճառը մարդկանց միֆական-արխայիկ մտածողությունն է։ Այսինքն, մարդն իր գլխի մեջ և իր շուրջը իրերի կայուն, կանխատեսելի դասավորություն է ստեղծել։ Եթե այդ կայուն դասավորությունը փլվի, ապա դրա հետ միասին կկործանվի նաև մարդու կողմից ստեղծված աշխարհը՝ իրական, թե անիրական։ Թերևս հենց սա է պատճառը, թե ինչու մարդիկ սկզբում հրաժարվեցին հավատալ Շուշիի անկմանը, իսկ համոզվելուց հետո պարզապես մոռացան դրա մասին։ Ավելի շուտ ոչ թե Շուշին մոռացան, այլ շրջանցեցին դրա անկման փաստն ու միանգամից սկսեցին մտմտալ բերդաքաղաքը վերադարձնելու մասին։

Խնդիրը ոչ թե վերադարձն է, այլ խուսափումը անկման փաստի հետ առերեսվելու։ Եթե մեկ նախադասությամբ ձևակերպենք երևույթը, ապա սա փախուստ է իրականությունից դեպի կայունության պատրանք։ Այստեղ պետք չի որևէ տրամաբանություն փնտրել, քանի որ ինչպես Լեբոնն է նկատում, միֆը գործողության միջոցով հույսի մարմնավորումն է, բայց այն կտրված է քաղաքական դոկտրիններից։ Անհրաժեշտ է նաև նկատել, որ պետություններն էլ իրենց հերթին նպաստում են միֆական-արխայիկ մտածողությամբ քաղաքացիների ձևավորմանը։ Պետական մեքենային ձեռք չի տալիս ունենալ անկանխատեսելի մտածողությամբ քաղաքացիներ, պետությանը անհրաժեշտ են կայուն և կանխատեսելի, միֆերի մեջ թաղված մարդիկ։ Կարծում եմ` կրթությունը չի կարող լինել այս երևույթի հաղթահարման ամենաարդյունավետ դեղատոմսը։ Առաջարկում եմ շեղվել հարցի տեսական կողմից, ինչ էլ խոսենք, պարզունակ կստացվի։ Ի հակադրություն դրա առաջարկում եմ նույն հարցը դիտարկել հայոց պատմության համատեքստում։ Վերջերս ինքս ինձ հարց եմ տալիս, արդյոք նմանատիպ դեպք եղե՞լ է մեր պատմության ընթացքում, երբ մարդիկ ակնհայտորեն չնկատեն իրենց շուրջ ստեղծված օբյեկտիվ իրականությունը։ Շատ է եղել, բայց հատկապես մեկը արժանի է առանձնահատուկ ուշադրության։ Խոսքը Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սսի անկման մասին է, որը նույնպես չի ընկալվել ժամանակակիցների կողմից։ Սրա մասին շատ հակիրճ գրում է Կիլիկյան Հայաստանի պատմության հետազոտող, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր «Հայերը և խաչակիրները» աշխատության Բ հատորում։ Մասնավորապես, Տեր Պետրոսյանը գրում է․ «Տարօրինակ կերպով Հայոց թագավորության կործանումը և Սսի անկումը թույլ արձագանք են գտել հայկական աղբյուրներում։ Ժամանակակիցները սովորաբար բավարարվում են միայն այդ փաստի հակիրճ արձանագրությամբ․․․»։

Ժամանակաշրջանի ամբողջ աղբյուրագիտական նյութին տիրապետող պատմաբանը նկատում է, որ միայն մի հիշատակագիր է, որ որոշ զգացմունքներ է արտահայտում այդ փաստի առթիվ։ Այնուհետև Տեր-Պետրոսյանը շարունակում է․ «Որքան էլ զարմանալի է, Սսի անկման և Հայոց պետականության վերացման նշանակությունն ավելի սուր է գիտակցվել ուշ շրջանի ժամանակագիրների կողմից․․․»։

 Ակնհայտ է, որ տվյալ ժամանակաշրջանի «մամուլը», այսինքն, հիշատակագիրներն ու ժամանակագիրները հրաժարվել են առերեսվել պետության ոչնչացման փաստի հետ՝ ապրելով Խաչակրաց նոր արշավանքի սպասումով։ Ի՞նչ է սա, եթե ոչ փախուստ իրականությունից, չէ՞ որ մայրաքաղաքը գրավված է, իսկ վիրավոր թագավորը՝ գերեվարված, մի՞թե պարզ չէ, որ դա վերջն է, և Հարյուրամյա պատերազմի մեջ թաղված Եվրոպան, թուլացած պապական աթոռը այլևս չեն կարող խաչակրաց նոր արշավանք կազմակերպել։ Ի դեպ, զավեշտալի զուգադիպությամբ Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո հայաստանցիները լալկան երեխաների պես օգնություն էին աղերսում հենց նույն Ֆրանսիայից։ Պետք չի կարծել, թե միջնադարի մարդը էապես տարբերվում է 21-րդ դարի մարդուց։ Գոնե միֆական մտածողության տեսանկյունից նրանք նույն հարթության վրա են, քանի որ ինչպես Է․ Կասիրերն է նկատում, գիտատեխնիկական զարգացումը մարդկանց չի ձերբազատում իրենց հոգեհարազատ մտածողության ձևից։ Վստահ եմ` ղարաբաղյան աղետը ըստ պատշաճի կընկալվի ապագայում, միայն այդ ժամանակ մարդիկ կհասկանան, թե ինչ փորձանք է պատուհասել Հայաստանին։

Կարպիս Փաշոյան

Նմանատիպ Հոդվածներ

Գիքորը` պետության և կալվածքի երկընտրանքի առջև

Սերինե

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Նատա Հարությունյան

Հեղափոխության երկրորդ ալիքը․ Ուժեղ ձեռք

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին