-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127366.4 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Բոլորը կռվում են բոլորի դեմ
Գլխավոր Նորություններ

Բոլորը կռվում են բոլորի դեմ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ի՞նչ է ի վերջո մեր ուզածը, անկախ ու զարգացող Հայաստան, թե՞  կիսաքանդ ու թերզարգացած հայկական մարզ: Պատերազմի և դրա աղետալի հետևանքների համատեքստում մեզ  համար բնական անհրաժեշտություն է դարձել ներքին և արտաքին մարտահրավերներին ըստ պատշաճի արձագանքող և դիմագրավող ամբողջական մի համակարգի ստեղծումը, որին անվանում են պետություն, իսկ դրա ստեղծման աստիճանական գործընթացը՝ պետականաշինություն:

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը ստեղծվել է չափազանց հապշտապ և ոչ այնքան բարենպաստ պայմաններում՝ Խորհրդային Միության փլուզման հետևանքով։ Այսինքն՝ ի սկզբանե օբյեկտիվ պատճառներով չի հաջողվել նախագծել համակեցական, ինստիտուցիոնալ այնպիսի մի կառույց, որը կգործի ժամացույցի ճշգրտությամբ և արդյունավետությամբ։ Ի վերջո փխրուն սոցիալական կապերի վրա կառուցված նորանկախ պետությունը ինքնահոս կերպով փոխակերպվել է կարճաժամկետ խնդիրներ լուծող, թերզարգացած և արատավոր մի համակարգի (1998-ից սկսած): Պետական կառավարման այս մոդելն արիստոտելյան բնորոշմամբ ընդունված է անվանել օլիգարխիա: Այս և այլ բազմաթիվ առանցքային պատճառների հետևանքով վերջին 25 տարիներին պետական ինստիտուտների մի մասը կամ ընդհանրապես չեն գործել կամ էլ գործել են թերի՝ էլ ավելի վատթարացնելով իրավիճակը:

Այս ամենին զուգընթաց՝ մարդկությունը, անցում կատարելով դեպի 21-րդ դար, բախվել է նորանոր մարտահրավերների և անլուծելի թվացող խնդիրների, որոնց դիմակայելու համար անհրաժեշտ է ադապտացվել նոր հասարակարգի օրինաչափություններին, ստեղծել սեփական գոյությունը պաշտպանող պլացդարմ, որի արդյունքում հնարավոր կլինի խուսափել տարրալուծման ամենակուլ երախից: Եվ այսպես, վերադասավորվող, վերաձևակերպվող այս աշխարհում ո՞րն է Հայաստանի տեղը և դերը, ի՞նչ է սպասվում ավելի քան 25 տարվա ընթացքում կոռոզիայի ենթարկված պետությանը, որը նման է հիվանդ մարդու և աստիճանական կերպով սահում է դեպի անդունդը: Սա ամենևին էլ հռետորական հարցադրում չէ, այլ, ընդհակառակը, կան կոնկրետ հասցեատերեր, այն է՝ պետության էլիտա կամ էլ ընտրախավ հորջորջվողները, որոնք կան միայն ֆիզիկական գոյությամբ:

Բայց առաջադրված խնդիրներին լուծումներ տալու փոխարեն Հայաստանի քաղաքական էլիտա կոչված մարդակույտը աստիճանաբար առաջնային պլան է  մղում բոլորովին այլ՝ պետականաքանդ տրամադրություններ: ՀՀ ընդդիմադիր դաշտի որոշակի շրջանակներում գերակշռող է դարձել այն մտայնությունը, որ իշխանափոխության ամենաարդյունավետ տարբերակը բռնությունն է։ Ավելին՝ ստեղծել դիմադրության ամուր օղակ, որը և, ըստ էության, պետք է հանդիսանա իշխանությունների կազմաքանդման և հեռացման գործընթացի հաջողության հասնելու գրավականը: Ամեն օր մենք բռնության կոչեր ենք լսում, իսկ վերջերս նույնիսկ ականատես լինում։ Խնդիրն ավելի քան պարզ է. պետականաշինությունը և բռնությունն իրար հակասող կատեգորիաներ են և ոչ մի կերպ չեն կարող մեկտեղվել՝ անկախ նրանից, թե հակամարտող կողմերից որ մեկն է առաջինը հարվածել՝ իշխանությունը, թե՞ ընդդիմությունը:

Պատմական պրակտիկան ցույց է տալիս` բռնությունը և դրա միջոցով իշխանության գրավումն օրինաչափորեն կանխարգելում են պետականաշինության աստիճանական պրոցեսը և, որպես կանոն, արձանագրում հետընթաց՝ տևական ժամանակ նախապատրաստված գործընթացները տանելով այնտեղ, որտեղից դրանք սկսվել էին: Բռնությունը նման է համաճարակի, այսինքն՝ ոչ ոք չի կարող կանխատեսել դրա ընդգրկման տևականությունը և տարածման սահմանները: Որպես կանոն, այն ընդգրկում է հասարակական գրեթե բոլոր շերտերը և ի վերջո հանգեցնում անսանձ տեռորի: Բոլորը կռվում են բոլորի դեմ, և արդյունքում՝ բռնությանը կուլ են գնում հենց նրանք, ովքեր ի սկզբանե բռնություն գործադրելու կոչեր էին անում:

Այսպիսով՝ բռնությունը` որպես քաղաքական պայքարի միջոց, բոլոր դեպքերում չի կարող արդարացված լինել: Այն կարող է լուծել միայն կարճաժամկետ, առօրեական խնդիրներ՝ ապահովելով վտանգավոր և ալեկոծվող խաղաղություն, որը կարող է պայթել ամենաչսպասված ժամանակամիջոցին: Իսկ երկարաժամկետ, քաղաքական գործընթացները ոչ միայն առաջընթաց չեն արձանագրի, այլև կտեղաշարժվեն ի շրջանս յուր սկզբունքով: Ընտրությունը մերն է. կարճաժամկետ, բայց գայթակղիչ բարիկադնե՞ր, թե՞ երկարաժամկետ, բայց «տաղտկալի» պետականաշինություն:

Ալեքսանդր Սարգսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին