-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127395.2 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Հայաստանում ավարտվեց Խորհրդային Միությունը
Գլխավոր Նորություններ

Հայաստանում ավարտվեց Խորհրդային Միությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերջապես մենք ունեցանք մեր պարտությունը: Սա վտանգավոր նախադասություն է, բայց սա վտանգավոր է նրա համար, որն այս պարտությունն էլ չի ուզում տեսնել: Ժողովուրդները պետք է հաշվի նստեն պարտությունների հետ, հարկ եղած դեպքում՝ ծափահարեն այդ պարտությունը: Որովհետև դա անդունդի հատակն է, որը պետք է գիտակցվի:

Մենք հաղթելուց հետո չէինք հասկանում, որ ընկնում ենք, մեզ ասում էին, որ կիսատ հաղթանակը հենց անկումն է: Հաղթանակը էն դատարկ ձուն էր էր, որի վրա որպես թխսկան նստած չգիտեինք, թե ինչ է դուրս գալու դրանից: Վերջին 30 տարին մեզ վտանգավոր ժողովուրդ էր դարձրել: Մենք ասես դուրս էինք եկել Խորհրդային Միությունից, բայց չէինք մտել անկախ Հայաստան: Արցախյան առաջին պատերազմում ունեցած հաղթանակը մեզ թույլ չտվեց տեսնել, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում: Այդ հաղթանակը փակել էր մեր տեսադաշտը աշխարհի առջև: Մենք մեզ բանտարկեցինք այդ հաղթանակի մեջ, մենք պատսպարվեցինք մեր ունեցած միակ նվաճման անդուռ-անլուսամուտ սենյակում, որից դուրս բոլորովին այլ իրականություն էր ծավալվում:

Այս պարտությամբ մեզանից յուրաքանչյուրը վերջապես դարձավ հայ ժողովրդի պատմության ժամանակակից, մենք կտրվել էինք մեր բոլոր նախորդ պարտություններից, մենք չգիտեինք, որ պարտությունները սովորեցնում են իմաստավորել, մեզ թվում էր, թե մեր բոլոր պարտությունները տեղի են ունեցել բոլորովին ուրիշ մոլորակի վրա ապրած բոլորովին ուրիշ հայ ժողովրդի հետ:

Հիմա մենք գիտենք, թե մեզ հետ ինչեր են տեղի ունեցել նախկինում, մենք դարձանք մեր բոլոր նախորդ պարտությունների փայատեր: Մենք երես էինք առել ծավալված Հայաստանի Հանրապետությամբ (Արցախով ու գրավյալ տարածքներով), արցախյան առաջին հաղթանակը մեր միջից հանել էր պետության վրա ունեցած դողը, որը հենց այդ նույն հաղթանակով էլ պայմանավորված չձևավորվեց: Ու այդ ամբողջ անպատասխանատվության պատճառն այն էր, որ մենք ամբողջ էությամբ Սովետական Միության մաս էինք, մենք 30 տարվա ընթացքում Սովետական Միությանը մատնված սերունդ էինք մեծացնում: Դա ի՞նչ էր նշանակում: Դա նշանակում էր, որ Հայաստանի Հանրապետությունում ապրում են մարդիկ, որոնք հարևաններ չունեն, այդպիսի զգացումը հատուկ է անդուռ-անլուսամուտ տան մեջ ապրող ժողովուրդներին: Իսկ երբ դու  ըստ քեզ հարևաններ չունես, բացարձակ պարտավորություններ չունես հարաբերություններ կառուցելու, դու ստած թխսում ես մի ապագայի վրա, որի մասին ունեցած քո ամբողջ տեղեկությունն այն է, որ այդ տունը քոնն է:

Հայաստանում ավարտվեց Խորհրդային Միությունը: 1991 թվականի դեկտեմբերից, այսինքն, ԽՍՀՄ վերջնական փլուզումից 29 տարի հետո Հայաստանը դադարեց լինել խորհրդային երկիր: Ադրբեջանից կրած մեր պարտությունը դառնում է աշխարհի առջև բացվող մեր դուռ ու լուսամուտը: Հաճելի չէ այսպես ձևակերպելը, բայց դա փաստ է: Մեր պահածոյացված ինքնիշխանությունը աշխարհ առջև կանգնում է դեռևս լույսին անսովոր աչքերով: Այդ ընթացքում բոլորը ծիծաղեցին մեր ինքնության վրա, մեզնից բացի բոլորը գիտեին, որ հայ ժողովուրդը ինքն իրեն պահածոյացրել է ինչ-որ անտերունչ տան մեջ, որի թթվածինը բաղադրություն չունի: Իսկ ի՞նչ է նշանակում «Հայաստանում ավարտվեց Խորհրդային Միությունը»: Դա նշանակում է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններ: Այսուհետև Հայաստանը կարող է անել ինքնուրույն քայլեր, Հայաստանի ինքնիշխանությունը վերջապես հասցեական է՝ դա Հայաստանի քաղաքացին է, Հայաստանում շոշափելի են դառնում օրենքները, Սահմանադրությունը, քաղաքական միտքը, խորհրդարանը: Չեմ ուզում տպավորություն թողնել, թե պարտությունն ամենալավ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ մեզ հետ: Բայց ամեն ինչ գին ունի: Գին ունի և այն, որ այս պարտությունը կարող է լինել և պետք է լինի առաջին էջը մի պատմության, որը գոնե ներսից մեր երկիրը կարող է դարձնել մեծ ու լուսավոր:

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանը պետք է հրապարակի Արցախի հարցով 2019-ի առաջարկը. ակնհայտ է, որ ռուսական կողմը ճիշտ չի ասում․ քաղաքագետ

Անի Գրիգորյան

2021 թ․-ի համար միակ ցանկությունն է` խաղաղություն ու համերաշխություն երկրի ներսում․ հարցախույզ

Սերինե

Զինված հեղաշրջումն ամենավերջին հարվածը կհասցնի Հայաստանին․ իրավապաշտպան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին