
Հունվարի 11-ին նախատեսված է վարչապետ Փաշինյանի այցը Ռուսաստանի Դաշնություն։ Ամենայն հավանականությամբ այնտեղ տեղի է ունենալու եռակողմ հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի մասնակցությամբ։ Չի բացառվում նաև Ալիևի հետ երկկողմ հանդիպման հնարավորությունը։
Հանդիպման հիմնական թեման լինելու է նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարումը և հայտարարությունից դուրս մնացած հարցերի շուրջ նոր համաձայնությունների ձեռք բերումը։
Խնդրահարույց է մնում 8-րդ կետի կատարումը, որը նախատեսում է, մասնավորապես, գերիների փոխանակում։ Այն մասամբ տեղի է ունեցել՝ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 54 գերիների և ստացել 14-ը։ Սակայն դրանից հետո Ադրբեջանը կրկին գերիներ է վերցրել (շուրջ 6 տասնյակ)՝ այս անգամ Խծաբերդից։ Այդ գործողության որոշ հանգամանքներին մենք անդրադարձել էինք, սակայն կարծում ենք` միայն հետաքննությանը կպարզի, թե ինչու էին հայկական զորամիավորումները մնացել Խծաբերդ/Նոր Թաղեր գյուղերի հատվածում առանց լրացուցիչ պաշտպանության, և ո՞վ էր առհասարակ հրահանգել նրանց նախ՝ տեղակայվել Խծաբերդ/Հին Թաղեր հատվածում՝ առանց խաղաղապահների ներկայության և վարել ռազմական գործողություններ։ Հարկավոր է նաև պարզաբանել, թե որոնք են պատճառները ռուս խաղաղապահների՝ այդ տարածք ուշացած ժամանելուն և չնայած նրանց այնտեղ գտնվելու հանգամանքին՝ հայ զինվորականներին գերեվարելուն։
Մինչ օրս պարզ չէ հայ գերիների քանակը։ Խնդիրը բարդանում է` հաշվի առնելով հետևյալ հանգամանքները․
- Ադրբեջանը ներկայացնում է հայ գերիներին, որպես ահաբեկիչների, որոնք ենթակա են քրեական և դատական հետապնդման;
- Հայաստանում այլևս չկան ադրբեջանցի գերիներ, ինչը բարդացնում է բանակցությունները փոխանակման ուղղությամբ;
- Ադրբեջանը գիտակցում է, որ գերիների հարցը լրջագույն ներքաղաքական ճնշում է ՀՀ իշխանությունների վրա և օգտվելու է այս հանգամանքից՝ հնարավոր զիջումներ Հայաստանից կորզելու նպատակով։
Վստահ կարելի է պնդել, որ հայկական կողմը հունվարի 11-ին պնդելու է բոլոր գերիների վերադարձի անհրաժեշտությունը։ Հաշվի առնելով, որ հանդիպումը կայանալու է Վ․ Պուտինի նախաձեռնությամբ, հավանականությունը մեծ է, որ այդ հարցում գրանցվի առաջընթաց։ Այստեղ հարցն այն է, թե գերիներին հանձնելու դիմաց ի՞նչ է պահանջելու Ադրբեջանի նախագահը։ Արդյոք նա կբավարարվի Հայաստանի համաձայնությամբ՝ ճանաչելու գերիներին որպես հայկական ԶՈՒ ներկայացուցիչներ, թե՞ պահանջներն այլ են լինելու։ Ադրբեջանը վերջինի կարիքը այլևս չունի, քանի որ հայտարարության 6-րդ կետով Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին վերադարձնել Քելբաջարի և Լաչինի շրջանը (հատկանշական է, որ հայտարարության 2-րդ կետի՝ Աղդամի շրջանի վերաբերյալ ձևակերպումը մինգամայն այլ է՝ Հայաստանը չի նշվում)։ Հաշվի առնելով, որ հայտարարության նշյալ կետով Ադրբեջանը հասել է կարևոր առավելության, Բաքվի պահանջները կարող են վերաբերել այլ հարցերին։
Հայ հասարակությունը շատ է անհանգստացած Սյունիքում սահմանների ճշտման ցավալի դրսևորումներ ունեցող գործընթացի ընթացքով, և այս հարցերը, անշուշտ կքննարկվեն։ Այս պահին, կարծում ենք, դեռ վաղ է խոսել սահմանազատման և սահմանագծման միջկառավարական հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ ձեռք բերվելիք պայմանավորվածության մասին։ Սահմանային կետերի ճշտման գործընթացը, ամենայն հավանականությամբ, շարունակվելու է ընթանալ հին քարտեզներով՝ ՌԴ ներկայացուցիչների միջնորդությամբ։ Սակայն ցանկալի է, որ Հանձնաժողովների ստեղծման անհրաժեշտության մասին խոսակցությունը արդեն մեկնարկի։
Ալիևը, վստահաբար, բարձրացնելու է ՀՀ ԶՈՒ Արցախում տեղակայվելու հարցը։ Բավականին թեժ քննարկում է սպասվում նաև այն դեպքում, եթե ՀՀ վարչապետը երկուշաբթի պնդի ԼՂ կարգավիճակի հարցը։ Թերևս, այն պետք է բարձրացվի այլ առիթներով՝ այն փուլում, երբ Հայաստանում կհաստատվի կայունություն։
Հաշվի առնելով ռուսական միջնորդությունն ու կողմերի շահագրգռվածությունը` անդրադարձ կլինի հայտարարության 9-րդ կետի իրագործման խնդիրներին։ Դրա մասին օրերս հայտարարություններ են արվել թե՛ Բաքվում և թե՛ Երևանում։ Մասնավորապես, քննարկվելու է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող նոր ճանապարհի կառուցման, Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Նախիջևանով դեպի Մեղրի և Իրան տարացիկ ճանապարհների օգտագործման հնարավորությունները։
Երկու երկրների հասարակություններին այսօր դեռ դժվար է համակերպվել նման զարգացումներին, բայց հարկավոր է հաշվի առնել, որ այդ կետը առկա է, և այն իրագործվելու է, հետևաբար դրան պետք է պատրաստ լինել։ Ցանկալի է, որ այս հարցերի շուրջ քննարկումները լինեն թափանցիկ՝ ընկալելի հասարակության համար։
Նշված հարցերից ավելի կարևոր է մեկ այլ պայմանավորվածության ձեռք բերումը․ կողմերը և առաջին հերթին Ադրբեջանը պետք է հրաժարվի սովորական դարձած ու անփոփոփոխ իր հռետորաբանությունից։ Շարունաելով նման կեցվածքը` Ադրբեջանը կվտանգի բոլոր այն ծրագրերի իրագործումը, որոնք միտված են պատրաստել երկու երկրների հասարակություններին խաղաղության և ոչ թե պատերազմի։ Այս հարցում կա կարևոր անելիք, և դրա շուրջ պայմանավորվածությունն ունի կենսական նշանակություն։
Արմինե Փանոսյան