Տոնական օրերին պարալիզացված 16 կուսակցությունների շարժման ներկայացուցիչները վերջին օրերին կրկին դիմել են չհաստատվող լուրերով «ահաբեկելու» մեթոդին՝ թերևս մարդկանց փողոց հանելու և շարժումը վերակենդանացնելու նպատակով: Նախ՝ նրանց պատկանող մամուլն ու տելեգրամ ալիքները «սենսացիոն տեղեկություն» տարածեցին հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրվելիք համաձայնագրի մասին, ապա դրա դեմ պայքարելու համար ընդդիմադիրները մարդկանց հրավիրեցին փողոց: Ու բոլորովին նշանակություն չունի, որ երեկ արդարադատության նախարարի խոսնակը, իսկ այսօր՝ նախարարը հերքել են, թե նման համաձայնագիր կա, և այն քննարկվում է:
Այդ թեմայով երեկվա ֆեյսբուքյան «փոթորիկից» հետո այսօր առավոտյան Արդարադատության նախարարության առաջ բողոքի ակցիայի հրավիրեց Արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը, որը վերջին շրջանում զբաղվում էր Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանությամբ: Ճիշտ է՝ ակցիային եկել էին բացառապես շարժման ներկայացուցիչները, այն էլ՝ մի քանի հոգի, բայց Մելիքյանը հայտարարեց, թե «նախարարության դիմաց կուտակված ոստիկանական ուժերը ամրապնդեցին այն համոզմունքը, որ խնդիրը կա, և այդ պայմանագիրն առկա է»:
«Չլինի, թե հունվարի 11-ին էլ հայտարարեն, թե այդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո փաստաթուղթ ստացանք։ Սա արձանագրում ենք և դրանից հետևություններ կանենք։ Որպես դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ ներքև և արեց հայտարարություն, բայց հետագայի համար այս փաստն օգտագործելու ենք։ Եթե հունվարի 11-ին ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, մենք լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 8-ին»,-ավելի ուշ հավելեց Մելիքյանը:
Եթե սրան գումարենք, որ երեկ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ առնչվող «Փաստինֆոն» հաստատական տոնով գրել էր Տավուշի 5 գյուղերը Ադրբեջանին հանձնելու մասին, ինչը արագ հերքվեց, իսկ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն իր կայքերով Փաշինյանին մեղադրել էր «Մեղրին հանձնելու մեջ», ապա կարելի է պատկերացնել, թե նախկին իշխանության ներկայացուցիչները ինչ ջանքեր են գործադրում՝ համախոհներ հավաքելու համար: Ու բոլորովին նշանակություն չունի, որ դա արվում է մարդկանց՝ հատկապես այդ տարածքների բնակիչներին պարբերաբար ահաբեկելով:
Տեղական ընդդիմադիրներին միացել է Արցախի «Արդարություն» կուսակցությունը, որը ոչ ֆորմալ համարվում է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի կուսակցությունը՝ պահանջելով օր առաջ հասնել Փաշինյանի հրաժարականին, քանի որ «թշնամին նոր ականկալիքներ ունի հունվարի 11-ին»: Ուշագրավն այն է, որ հայտարարությունը տարածվել է կուսակցության ֆեյսբուքյան էջով, մինչդեռ, ըստ Բալասանյանի, Արցախում Ֆեյսբուքով չպետք է քաղաքականություն իրականացվեր: Անգամ Արցախի նախագահը դրա իրավունքը չունի, իսկ ահա իրեն սատարած կուսակցությունն օգտագործում է Ֆեյսբուքը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու համար:
«Այդ ամենի տակ մեդիատեռորի հերթական ալիքն է, պայմանավորված առաջիկա հնարավոր հանդիպմամբ, որի մասին դեռ նույնիսկ պաշտոնական հաղորդագրություն էլ չկա»,-NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով. «Մյուս կողմից էլ պաշտոնական Երևանը՝ վարչապետն ու նրա մամուլի քարտուղարը, շարադրել են Հայաստանի առաջնահերթությունները, և համենայն դեպս, դրանից դուրս այլ բան չկա: Անգամ Ալիևը չի խոսել համաձայնագրի մասին»:
Քաղաքագետը նախադրյալներ չի տեսնում Մոսկվայում հնարավոր համաձայնագրի համար, քանի որ, ըստ նրա, անգամ եռակողմ հայատարարության մի շարք կետեր դեռ չեն կատարվել: «Համենայն դեպս, Ադրբեջանը ռազմագերիներին պահում է որպես պատանդ և Հայաստանում բացասական զարգացումների ներքաղաքական գործոն: Դա 16-ի համար որպես ազդանշան է ընկալվում՝ ակտիվություն ցուցաբերելու համար և ծառայում է մեդիատեռորի հերթական ալիք սանձազերծելու համար»,-նշեց Մեհրաբյանը:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով թեմային, ֆեյսբուքյան էջում գրել է. «Անհնար է անտարբեր անցնել այն չարագուշակ կանխատեսումների կողքով, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցելության ժամանակ «ինչ-որ փաստաթղթեր են ստորագրվելու»: Ես իհարկե նույն վստահությամբ ոչ կարող եմ հերքել, ոչ էլ հաստատել դա, բայց փորձեմ մի քանի գնահատումներ ու կանխատեսումներ կատարել նրա վրա, ինչ կա այժմ։ Եռակողմ հայտարարության մեջ «չիրականացված» կետերից են մնացել ռազմագերիների փոխանակումը և ճանապարհների ապաշրջափակումը»։
Ըստ այդմ, նա կարծում է, որ ռազմագերիների հարցը անպայման օրակարգային կլինի: «Մանավանդ որ Ադրբեջանի խանիկը հայտարել է, թե բոլորը չէ, որ ռազմագերի են համարվում և ոմանք «որպես հանցագործ» կդատապարտվեն։ Իլհամը փորձում է իր մոտ երկարաժամկետ պատանդներ պահել, հետևաբար Հայաստանը այս թեմայով ասելիք պետք է որ ունենա»։
Ըստ Սաֆարյանի՝ ճանապարհների ապաշրջափակումը փաստաթղթում երկկողմանի պարտավորություն է. «Գոնե ես այդպես եմ տեսնում ու կարդում։ Դեռ 2008-ից հրապարակված ռուսական պլանով դա վերաբերում է նախկին ԼՂԻՄ-ի բոլոր ուղղություններով ապաշրջափակմանը։ Մոսկվային ակնհայտորեն պետք են Ադրբեջանի տարածքով Արցախի հետ կապվելու ճանապարհներ և դրա մասին շատ վաղուցվանից է հայտարարել։ Իհարկե, դա ներկայացվել է որպես Արցախի ապաշրջափակում, սակայն իր շահն այդտեղ այլ է եղել ու մնում»։
ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեզ հետ զրույցում հերքեց համաձայնագրի առկայությունը՝ հղում անելով Արդարադատության նախարարի հայտարարությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մասնավորապես գրել է. «Կրկին ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ չկա ոչ «Մեղրի» ոչ էլ ՀՀ որեւէ տարածքի առնչությամբ «միջանցք» արտահայտություն: Հայաստանից դեպի Ռուսաստան եւ Ադրբեջանից դեպի Նախիջեւան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»:
Մարինե Խառատյան
