5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Մուլտիմեդիա տեխնոլոգիաներ. Օրբելի եղբայրների թանգարանը նոր շունչ է ստացել
Մշակութային

Մուլտիմեդիա տեխնոլոգիաներ. Օրբելի եղբայրների թանգարանը նոր շունչ է ստացել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում օրերս բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը։

Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Բունիաթյանը նշում է, որ նոր ձևաչափը կնպաստի այցելուների թվի աճին՝ մանավանդ, որ Ծաղկաձորը հանրապետության զբոսաշրջության կենտրոններից է, իսկ քաղաքի միակ մշակութային օջախը 1980 թվականին հիմնադրված Օրբելի եղբայրների տուն-թանգարանն է, որը տարեկան շուրջ ութ հազար այցելու է ունենում:

Նրա խոսքով՝ տուն-թանգարանի այցելուներն արդեն կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին և տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։

1928-1932 թվականներին Սովետական կառավարությունը, երկիրը ծանր վիճակից հանելու և երկրի բյուջեն համալրելու նպատակով, վաճառքի էր հանել երկրի մշակութային արժեքները, ինչը թանգարանային աշխատողներին սարսափի մեջ էր գցել:

Ստալինի` 1932 թվականի հունվարի 24-ի հրամանի համաձայն՝ վաճառքի հանվեցին նաև Պետական Էրմիտաժի մշակութային արժեքները, ինչին դեմ կանգնեց ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նա դիմեց այդ տարիների համար աննախադեպ քայլի. նամակ գրեց Ստալինին ու բացատրեց, թե այդ քայլը ինչ սպառնալիքի տակ է դնում Էրմիտաժը և մշակութային օջախներն ընդհանրապես: Էրմիտաժում բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է պատահելու գիտնականի հետ: Օրբելին ստացավ իր նամակի դրական պատասխանը, որն օգնեց ոչ միայն Էրմիտաժին, այլև երկրի շատ մշակութային օջախների: Այդ քայլով նա կարողացավ փրկել և սերունդներին հանձնել համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց այսօր հաղորդակցվում են Էրմիտաժի հյուրերը. դա անկասկած Հովսեփ Օրբելու արժանիքն է:

«Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ «Էրմիտաժի գանձերի փրկությունը» յուրօրինակ ծրագրի իրականացումը թանգարանի ցուցադրությունը դարձնում է ավելի գրավիչ` հետաքրքիր ձևաչափով ներկայացնելով Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը: «Փոքրիկ Շլիման» խորագիրը կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ մեր նոր կրթական ծրագիրը, որն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն մշակութային կրթության ծրագրերին ու միջացառումներին» դրամաշնորհային ծրագրով, կարող է հիանալի նվեր լինել աշակերտների համար: Ակադեմիկոս Հովսեփ Օրբելին անցկացրել է պեղումներ քաղաքամայր Անիում, Վանում և Ամբերդում: Պեղումների արդյունքում Անիից դուրս են բերվել բազմաթիվ հնագիտական նյութեր, Ամբերդից՝ ծաղրածուի կմախք և աքաղաղ, իսկ Վանից Սարդուրի 2-ի սեպագիր արձանագրությունը: Խաղի էությունը կայանում է նրանում, որ երեխան կարող է սենսորային էկրանի վրա ընտրել պեղումների համար նախատեսված վայրը, կարող է ընտրել նաև պեղումների համար անհրաժեշտ գործիքներ: Արդյունքում, օրինակ, եթե պեղվել է Ամբերդը և դուրս է բերվել ծաղրածուի կմախքը, երեխան էկրանի վրա կկարդա «Ամբերդի ծաղրածուի» մասին հետաքրքիր պատմությունը, իսկ որպես մրցանակ կստանա միջնադարյան առակ՝ բացիկի տեսքով»,-մանրամասնում է տնօրենը:

Նա հավելում է, որ նոր կրթական ծրագիր ունեն նաև փոքրիկների համար։ «Ուզո՞ւմ եք իմանալ՝ ովքեր են հանճարեղ գիտնականները, ուրեմն դիտեք «Նրանք երեքն էին» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է Օրբելի եղբայրների կյանքի մասին: Այս ծրագրերը դարձել են տուն-թանգարանի մշտական ցուցադրության մասը և արդիականացրել ծառայությունների մատուցման ձևերը նոր տեխնոլոգիաների շնորհիվ, ինչը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը:

2020 թվականի Օրբելի եղբայրների տուն-թանգարանը նշեց հիմնադրման 40-ամյակը, իսկ այս ծրագերի ներդնումը լավագույն նվերն էր տուն-թանգարանի համար»,-եզրափակում է Մարինե Բունիաթյանը:

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» մուլտիմեդիա ցուցադրությունը ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ և տեղական նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին