-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127401.6 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Չորրորդ հանրապետության ցանցային նախագահը
Այլ Լուրեր

Չորրորդ հանրապետության ցանցային նախագահը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախագահ Արմեն Սարգսյանը ծավալուն հոդված է հրապարակել բովանդակային պետության անհրաժեշտության, չորրորդ հանրապետության ստեղծման առաջնահերթության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների և ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին։ Նախագահն, ըստ էության, իր ծրագրային հոդվածում խոսել է բոլորի և ոչ ոքի պատասխանատվության մասին՝ լոկ մեկ տողով  և զուտ դեկլարատիվ ակնարկելով նաև իր պատասխանատվության մասին։

Նախևառաջ, աչքի է զարնում հոդվածի լեզվի «հայրենասիրականանությունը»՝ ազգային  օջախի, նախնիների ժառանգության, նախնիների երազանքի, նվերների ու համահայկական գույքագրման մասին։ Նախագահը խորհրդածում է մեզ վերհասած աղետի, դրա պատճառների ու հետևանքների վերացման մասին՝ տրամաբանորեն շեշտելով, որ երեսուն տարի մենք մեր տնային աշխատանքը չենք արել ու հույսներս դրել ենք «փրկիչների» ու դաշնակիցների վրա։

Խոսվում է արտահերթ ընտրությունների առաջնահերթության, ազգային համաձայնության կառավարության, արհեստավարժների կառավարության ու համահայկական գույքագրման ու համաշխարհային հայության հանդեպ պատասխանատվության մասին։ Հիանալի ու երանելի խոսքեր, եթե մի պահ մոռանանք, որ նախագահը քաղաքական գործիչ է, սահմանադրականության երաշխավորը, երկրի ներկայացուցիչը և նախկին պաշտոնյա տարատեսակ իշխանությունների ու  արտաքին մարտահրավերների ժամանակ։  Խոսքն, ըստ էության, բարի կամքի դրսևորումների, բարի ցանկությունների հանրագումար է «հանուն ամենայն բարիքի ընդդեմ ամենանայն չարիքի», «բոլորի պատասխանատվության» անորոշ ու լղոզված պատասխանատվության շեշտադրմամբ։ Բարի կամքի հռչակագիր, անընդհատական «պետք է»-ների շեշտադրմամբ, առանց առարկայական ինքնաքննադատության ու համակարգային վերլուծության։ Ակամայից խորենացիական ողբի օրինակով, երբ երկիրը կործանվեց, քանի որ բոլորը ինքնահավան էին ու ըմբոստ։

Նախագահը նշում է, որ պետք է քաղաքական բովանդակային համակարգ, որը երկիրը դուրս կբերի այս ծանրագույն իրավիճակից, ուղենիշներ կսահմանի և վերասահմանի հայկական սասանված ինքնությունը՝ միաժամանակ շեշտելով, որ պարտությունը քաղաքական համակարգինն է, որ ժողովուրդը, զինվորը և ազգը չեն պարտվել։ Քվանտային քաղաքականության տեսաբանը, ըստ այդմ, չի պատկերացնում կապը քաղաքական համակարգի ու հասարակության միջև, կարծես քաղաքական համակարգը երկրի քաղաքացիների, բնակչության ու էլիտաներից անկախ համակարգ է, որին մասնակից չենք մենք բոլորս։ Կարծես բոլորս երևելիներ ենք, իսկ քաղաքական համակարգը՝ հարևանի սնանկության պատճառ։ Այս ինքնաքննադատության բացակայությունն է մտորելու տեղիք տալիս։

Նախագահ, իսկ  92-94թթ.՝ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, սակայն, առաջին պատերազմի հաղթանակը համարում է «նվեր», կարծես պատերազմները ձմեռ պապիներն ու աստվածներն են հաղթում՝ նվիրելով իրենց «արժանի ու խելոք» պահած ժողովուրդներին։ Չնկատելով, որ պատերազմները կոնկրետ պետություններն ու ղեկավարներն են հաղթում։ Կամ եթե ղեկավարները չեն հաղթում, և դրանք նվեր են, ապա ինչո՞ւ պահանջել կառավարության հրաժարականը, չէ՞ որ նվերի էությունն իսկ անորոշությունն ու անկանխատեսելիությունն է, որը ոչ մի կերպ երաշխավորված չէ։  Ավելին, նախագահը, որ երկու տարի շարունակ խոսում էր հեղափոխության ու նրա բերած հնարավորությունների մասին, հիմա ուրանում է այն՝ իշխանափոխություն կոչելով ու համարելով նախկին  համակարգի բնականոն շարունակություն, որն էլ բերեց պարտության։

Այս ամենի մեջ, իհարկե, ամենածեծվածը ու թերևս տարակուսելին համահայկական գույքագրման, համաշխարհային հայության առաջ կառավարության պատասխանատվության  մասին չարչրկված թեզն է։ Ինչո՞ւ չարչրկված, որովհետև այն Տիգրան Սարգսյանի «ցանցային պետության», Սերժ Սարգսյանի «Արմենիկումի» օրգանական ու բովանդակային շարունակությունն է։ Չէ որ իրապես կայուն ու ունակ պետությունները այսօր և հիմա կապված են կոնկրետ հողին ու քաղաքացիներին, կոնկրետ խնդիրներին ու լուծման պոտենցիալներին, ոչ թե մարգարեական կենացներին, թե մենք ամենախելացին ենք, ունակը, ահռելի պոտենցիալ ունեցողը, ուղղակի մեր ու սփյուռքի միջև «բեռլինյան պատեր» կան, կարծես այս պատերը այլմոլորակայիններն են կառուցել։ Կամ էլ Հայաստանը գրավիչ է, սփյուռքից հորդաներ կան, և այդ չարաբաստիկ պատերն են, որ չեն թողնում համահայկական ներուժը միավորել։  Արցախյան երկու պատերազմները եկան ապացուցելու, որ սփյուռքի գործոնը չափազանցված թմրամոլության շահարկումն է, երբ տնային աշխատանքի բացակայությունը ստիպում է հավատալ Աստծուն, դաշնակցին, սփյուռքին։  Պետության քաղաքական օրգանիզմի մասին լռենք, ցանցային պետություն ազգային պետությունների դարաշրջանում, երբ կորոնավիրուսային համաճարակը նույնիսկ կույրին ու խուլին է ցույց տալիս դրանց ահռելի պահանջարկը ու անմրցելիությունը։  Իսկ այս վիճակում խոսել «չորրորդ հանրապետության»  մասին, նախագահի կողմից, որն ի պաշտոնե սահմանադրության երաշխավորն է, իր խոսքերով՝ անշեղորեն օրենքի տառը պահպանողն է, ուղղակի երեսպաշտություն է, ի՞նչ ենք անում կամ պլանավորում անել, որին երրորդ հանրապետությունը խանգարում է, իսկ գուցե վատ պարողի հայտնի խոչընդոտների պատճառաբանության մե՞ջ է խնդիրը։ Եվ եթե պետության անունը փոխես, չորրորդ, հինգերրորդ, Մեծ Հայք, Եդեմ, կամ Տուրուբերանի թագավորություն, դրանից մոգական ուժով նոր բովանդակություն կստանաս։

Ամփոփելով՝ կարելի է արժանին մատուցել նախագահի գլոբալ ընկալմանը, քվանտային քաղաքականության ու ցանցային պետության գաղափարներին՝ ակնկալելով անձնական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության, հողեղեն խնդիրների ու պատասխանատուների շեշտադրում ու ակնկալիք, որ ապագայում կլինեն կոնկրետ լուծումների առաջարկներ՝ անկախ չորրորդ կամ հինգերրորդ հանրապետությունների ընձեռած բովանդակային հնարավորություններից ու գեղարվեստական զեղումներից։

Արմինե Փանոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը ստորագրել է«Կուսակցությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը

Նատա Հարությունյան

ՀՀ նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Անի Գրիգորյան

Կենացային տրամադրությունները դատապատող նախագահին հասարակությունը մեղադրեց նոր կենաց ասելու մեջ. կարծիքներ` նախագահի հոդվածի արձագանքների մասին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին