-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127385.6 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Ճանապարհորդություն դեպի Արցախ
Կարևոր

Ճանապարհորդություն դեպի Արցախ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունվարի 9-ին մեկնեցի Արցախի Հանրապետություն։ Պատերազմից հետո սա առաջին այցն էր, և ես չգիտեի, թե ուր եմ գնում, և ինչ անակնկալներ կարող են սպասվել։ Հոկտեմբերի վերջերին, երբ վերադառնում էի Արցախից, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհն ինձ համար ռազմաճակատից հեռու, ապահով մի տարածություն էր, միայն ԱԹՍ-ներից էի զգուշանում, որոնք ամենուր էին։ Բայց հիմա իրավիճակն այլ էր․ քաղաքից քաղաք տանող սովորական այդ ճանապարհը արդեն միջանցքի կարգավիճակ ուներ, որի տարբեր հատվածներում տեղակայված էին ռուս խաղաղապահների հսկիչ-անցագրային կետերը։ Յուրաքանչյուր կետում մեզ կանգնեցնում էին, ստուգում փաստաթղթերն ու մեքենայի բեռնախցիկը և վերջում ամենայն քաղաքավարությամբ լավ օր մաղթում։ 

Հարվածային ԱԹՍ-ների սարսափին փոխարինել էր միջանցքով անցնելու խեղդող զգացողությունը։ Հողը ոտքերիդ տակով փախնում է, և դու չես հասկանում, թե որտեղ ես` Ադրբեջանո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Արցախում։ Բանից պարզվում է, որ ո՛չ այնտեղ և ո՛չ էլ այստեղ, դու ընդամենը խողովակի մեջ ես, որն ամեն պահ կարող է խցանվել՝ թողնելով քեզ քաղաքական քարտեզից դուրս, ինչ-որ մի խոռոչում, որտեղ ֆիզիկայի օրենքներն այլ կերպ են գործում։

Ճամփորդության հենց առաջին տհաճ միջադեպն արձանագրվեց Հայաստանի սահմանագծին, որտեղ կողք կողքի ծառայություն էին իրականացնում հայ սահմանապահներն ու ռուս խաղաղապահները։ Հսկիչ-անցագրային կետում ավելի քան հարյուր հայ զինվորներ կային, որոնք կանգնեցրել էին իրենց տեղափոխող ավտոբուսն ու հրաժարվում էին մեկնել Արցախ շարունակելու ծառայությունը։ Հազար ու մի պատճառ կարելի է գտնել զինվորների այդ արարքը արդարացնելու համար, նույնիսկ որոշները կարող են տրամաբանական ու հիմնավորված լինել։ Բայց, այնուամենայնիվ, ժամկետայինների ըմբոստությունն ինձ համար ընկալելի չէր, ինչպե՞ս կարող են զինվորները չենթարկվել հրամանատարներին ու ինքնագործունեությամբ զբաղվել, չէ՞ որ նրանք զինվորական երդում են տվել։ Եթե որոշողը զինվորն է, ապա մենք ո՛չ բանակ ունենք և ո՛չ էլ պետություն։ Այսինքն, տարածաշրջանի ամենամարտունակ բանակի լոզունգն ընդամենը ներքին սպառման ապրանք էր, գոյություն չունեցող պատրանք, որը քամիների հետ քշվեց ու անհետացավ։ Բայց չի կարելի ըմբոստության ողջ պատասխանատվությունը բարդել զինվորների վրա։ Իսկ ո՞ւր են նրանց հրամանատարները, ռազմական ոստիկանությունն ու դատախազությունը։ Ինչո՞ւ էին զինվորները ճանապարհ ընկել առանց ոստիկանական վերահսկողության։ Ի դեպ, այնպես չէ, որ երևույթն այս նորություն էր։ 

Ամբողջ պատերազմի ընթացքում ինքնագործունեությունն ու կամակորությունը մեր անբաժանելի ուղեկիցներն էին։ Ով ինչ ուզում, այն էլ անում էր։ Կամավորներն իրենց կամավորությունից պատիվ առած կարծում էին, թե բոլորն իրենց պարտք են, մոբիլիզացված զինապարտների մի զգալի մասը պատերազմն իրենը չէր համարում։ Վերջին հույսը 18-20 տարեկան զինվորներն էին, որոնք իրենց անձնուրացությամբ փրկում էին բարոյալքված բանակի երեսը։ Բայց հունվարի 9-ին իմ աչքի առջև մահանում էր նաև այդ վերջին հույսը, ընդամենը ամիսներ առաջ հրամանատարների հրամանով կրակի մեջ նետվող զինվորները հրաժարվում էին հրաման կատարել։ Եվ դա անում էին անպատիժ մնալու վստահությամբ, քանի որ ժամանակներն են այդպիսին․ հիեարարխիկ համակարգերի փոխարեն խաղի կանոններ են թելադրում միտինգները, նույնիսկ եթե այդ կանոնները անտրամաբանական են։ 

Լեգիտիմացված դասալքության այդ սարսափելի դրվագը չլքեց ինձ ամբողջ ճանապարհի ընթացքում։ Տեսարանն այդ այնքան ծանոթ էր թվում, որ, կարծես թե, այն վերապրած լինեի անցյալում։ Իրականում դա պատմական հիշողության ծանր բեռն էր, չէ՞ որ հարյուր տարի առաջ տիրապետող էր հենց այդ նույն բարոյալքությունը։ Փաստորեն դասագրքերում և պատմական աշխատություններում կարդացածը մարմնացյալ տեսք էր ստացել 21-րդ դարում, բայց այս անգամ ոչ թե Կարսում, այլ արևելից կողմաց անառիկ ամրոցում։ 

Ահա այս մտքերի մեջ թաղված արդեն հայտնի խողովակով հասանք Շուշիի մատույցներին, որտեղ սպասվում էր երկրորդ տհաճ տեսարանը։ Ո՛չ, դա ադրբեջանական դրոշները չէին և ոչ էլ Ղազանչեցոց վանքի օտարացած գմբեթը։ Շուշիից Ստեփանակերտ տանող խաչմերուկին մեզ դիմավորեցին ռուս խաղաղապահները, իսկ ադրբեջանցի զինվորականները աջ կողմում էին։ Խաղաղապահներից հարյուր մետր այն կողմ ծառայություն էին իրականացնում հայ զինվորներն ու ոստիկանները։ Առաջին հայացքից նկարագրվածը սովորական զինվորական իրականություն է, որտեղ յուրաքանչյուր վերակարգ իրականացնում է իր պարտականությունները։ Բայց սովորականից անդին հենց այդ տեսարանի մանրամասների մեջ կարելի է գտնել մեր այս ողորմելի վիճակի ամենաառաջնային պատճառներից մեկը։ Ռուս և ադրբեջանցի զինվորները, կարծես թե, ստեղծված լինեին հենց այդ առաքելության համար։ Գեղեցիկ և կոկիկ համազգեստով, ատլետիկ տվյալներով, ըստ պատշաճի սպառազինված՝ նրանք իրենց ծառայությունն էին իրականացնում, իսկ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա ինչ-որ բուտկայի կողքին կուչ էին եկած հայերը՝ թափթփված համազգեստներով, առանց գլխարկների ու բլյախների, կեղտոտ կոշիկներով և չյուղված զենքերով։ Նրանք նույնիսկ իրենց շուրջն էին ալարել մաքրել ու կահավորել, իսկ ռուսներն ու ադրբեջանցիները դիրքավորված էին այնքան կոկիկ ու արհեստավարժ, որ, կարծես թե, հենց նույն պահին պատրաստ կլինեին մարտի նետվել։ 

Ես չգիտեմ, թե ինչու է ամեն ինչ այսքան ողորմելի դասավորվել, ո՞ւր են հրամանատարներն ու քաղաքական պատասխանատուները։ Մի՞թե պատերազմում պարտությունն ենթադրում է փոշիացնել նաև պետության վերջին մնացորդները։ Իսկ պետությունն ու պետականությունն ինչ-որ օդում թևածող աննյութեղեն գաղափարներ չեն, դրանց գոյությունը պայմանավորված է նույնիսկ ամենաերկրորդական մասնիկներով։ Մասնիկներ, որոնք ժամանակի ընթացքում փոխակերպվեցին մանրուքների՝ կազմաքանդելով այն ամենը, ինչ որ կյանքի գնով էր ստեղծվել։ Եթե զինվորը հրաժարվում է հրաման կատարել, ապա Երևանում ինչ-որ մեկն իր տեղում չէ, եթե Ստեփանակերտի դարպասները հսկող զինվորականը ալարում է ինքն իրեն կարգի բերել, ուրեմն ոգին այլևս մահացած է։ Բայց իրականում ամենն այդքան էլ վատ չէ, կամ էլ ես չեմ ուզում ակնարկը այսպիսի բացասական երանգներով ավարտել։ 

Ստեփանակերտում կյանքն աստիճանաբար վերականգնվում էր, 44 օր խավարի տիրապետությամբ ապրող քաղաքը լուսավորված էր, նորից եռուզեռի մեջ ու ապրելու անհագ ցանկությամբ։ Ինչևիցե ամեն ինչ անցողիկ է ու փոփոխման ենթակա, միայն թոթի արաղն է, որ նույնն է՝ անփոփոխ ու կայուն։ Ամեն դեպքում ես չեմ ուզում, որ մենք պատմության մեջ մնանք որպես լավ օղի թորողներ։ 2009 թ․-ին Էջմիածնի կուբախտի հսկիչներից Սևադան անընդհատ կրկնում էր խորհրդային բանակի հայտնի ասույթը․ «Խոսում ենք զինվորական, հրամանները կատարում ենք վազքով»։ Սևադան զինվորներին կտտանքների ենթարկող տականք էր, բայց ամեն դեպքում ճիշտ էր ասում։ Եթե մենք էս պարզ ճշմարտությունը չենք հասկանում ու որոշել ենք կործանել զինվորական մշակույթի վերջին կռճոնները, ապա որպես պետություն այլևս անելիք չունենք համաշխարհային պատմության արենայում։ Սա միլիտարիզմի քարոզչություն չէ, այլ պետական հաստատությունների մասին մահախոսականներ չգրելու նախավերջին մի փորձ։

Կարպիս Փաշոյան

Նմանատիպ Հոդվածներ

Ո՞ւր է սփյուռքի 100 հազարանոց բանակը

Նատա Հարությունյան

Արցախի կորուստը աննկատ մնաց

Սերինե

Երբ կհաշտվեն ընդդիմությունն ու իշխանությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին