2 C
Yerevan
4 Մարտի, 2021
135574.4 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » «Պետական կառույցները, որոնք պետք է քայլեր ձեռնարկեն տեղեկատվական տեռորի դեմ, մասամբ կաթվածահար են»
Գլխավոր Նորություններ

«Պետական կառույցները, որոնք պետք է քայլեր ձեռնարկեն տեղեկատվական տեռորի դեմ, մասամբ կաթվածահար են»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հատկապես նախկին իշխանությանը պատկանող մեդիաներում ու սոցցանցերում շարունակվում են տեղեկատվական պատերազմներն ու մեդիատեռոր պարունակող տեղեկությունների շրջանառումը․ գրեթե ամեն օր Ֆեսյբուքում «գյուղեր կամ գյուղ են հանձնում Ադրբեջանին» ու անիծում իշխանությանը, հակահայկական համաձայնագիր ստորագրում և այլն։ Բառացիորեն երեկ Ֆեյսբուքում «հանձնեցին» Արարատի մարզի Տիգրանաշենը։ Դրա մասին գրեց նաև ԶԼՄ համարվող ՀՅԴ-ի «Երկիր մեդիան»։ Այն, որ այդ տարածքներում մարդիկ են ապրում, որոնք ահաբեկվում են ամեն նման գրառումից, «հայրենասեր մեդիաահաբեկիչներին», թերևս, չի հետաքրքրում։

«Երևանի մամուլի ակումբի» նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ խնդիրը բավական ծանր և բազմաշերտ է, քանի որ առնչվում է Հայաստանում քաղաքական անորոշության և անկայության հետ։ «Մենք տեսնում ենք, որ մի կողմից ընդդիմությունը հիմքեր ունի կասկածներ ունենալ ընդունվող որոշումների, ընթացող գործընթացների առթիվ, սակայն մյուս կողմից այստեղ կա իշխանության ձգտելու հանգամանքը և այդ նպատակն իրագործելու համար միջոցների խտրություն չանելը։ Փորձ է  արվում ամեն գնով օգտագործել այս իրավիճակը և ապահովել իշխանափոխություն և վերադարձ իշխանությանը»,-մեզ հետ զրույցում նշեց Նավասարդանը։

Փորձագետի խոսքով՝ տեղեկատվական վերոնշյալ հոսքերը մեդիատեռոր են։ «Իհարկե, այստեղ կան տեղեկատվական տեռորի էլեմետներ, փորձում են օգտվել այն անհաջողություններից, որ ունեցել է Հայաստանը որպես պետություն, օգտվել ընդհանուր հանրային անհանգստության և անորոշության վիճակից։ Ցավոք, օգտագործում են նաև անթույլատրելի մեթոդներ, որը բռնության և ատելության քարոզն է, ինչը նույնիսկ Հայաստանի բավական լիբերալ օրենսդրությամբ համարվում է քրեական հանցագործություն»,-ասաց նա։

Նավասարդյանը նաև նկատեց, որ այն պետական կառույցները, որոնք պետք է զբաղվեն այդ տեղեկատվական տեռորով և համարժեք միջոցներ ձեռնարակեն, մասամբ կաթվածահար են։ «Փաստորեն ոչ ի բան չի արժանանում անհրաժեշտ արձագանքի, ոչ մի գործողություն չի պատժվում, և այստեղ նաև իրավապահ մարմինների և դատական իշխանությունների խնդիրն է, որովհետև մենք շատ հեշտ կարող ենք կռահել, որ եթե նույնիսկ հարուցվի քրեական գործ տեղեկատվական տեռորի հետ կապված, շատ քիչ հավանական է, որ դատարանները համապատասխան սանկցիաներ կտան այդ մարդկանց նկատմամբ հետապնդում իրականացնելու համար։ Այնպես որ գտնվում ենք շատ բարդ իրավիճակում կապված ընդհանուր անվտանգության և դրա բաղադրիչի՝ տեղեկատվական անվտանգության առումով»,-ասաց Նավասարդյանը՝ հավելելով․ «Բացի ներքին բաղադրիչի՝ ներքին տեղեկատվական պատերազմներից, շատ ուժեղ է ճնշումը դրսից։ Ադրբեջանն օգտագործում է բոլոր տեղեկատվական խողովակները, որ մեր երկրում լինի անկայություն, և ինքն առավելագույնս օգտվի իր ռազմական հաղթանակից»։

Մեդիատեռորի դեմ արդյունք, ըստ փորձագետի, կարելի է ակնկալել միայն այն դեպքում, երբ պետական կառույցները սկսեն գործել. «Այդ դեպքում է հնարավոր արդյունք ակնկալել։ Սպասել, որ քաղաքական ուժերն ավելի զուսպ կլինեն և կգիտակցեն պատասխանատվությունը, որը կա իրենց առջև, դա միամտություն կլիներ»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց, թե իրենց քաղաքական թիմը ու անձամբ ինքը այլընտրանք չեն տեսնում խոսքի ազատությանը։ «Խոսքի ազատությունը մեր պատկերացրած պետության արժեհամակարգային տիրույթում կարևորագույն դեր է զբաղեցնում։ Բայց այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, խոսքի ազատության դրսևորման տեսակ է, բայց իրեն ավելի շատ կաելի է անվանել տեռոր և ամենաթողություն, որովհետև ցանկացած ազատություն, որը ոտնահարում է դիմացինի իրավունքներն ու ազատությունները, արդեն չի կարող դիտարկվել որպես ազատություն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով․ «Օրինակ, մարդն ունի տեղաշարժի իրավունք, բայց նա չի կարող առանց փաստաթղթի և օրենքի խախտմամբ սահման հատել, կամ մարդն ունի աշխատանքի իրավունք, բայց չի կարող օրենքի խախտմամբ ընդունվել աշխատանքի։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, պետական արժեհամակարգի վրա մեծապես ազդեցություն է ունենում, և իմ գնահատմամբ, գուցե, այո, կա ազգային անվտանգության խնդիր։ Բայց դա էլ է վերլուծության ենթակա, որովհետև խոսքի ազատության նկատմամբ ցանկացած սահմանափակում պիտի հիմնավոր և միանշանակ լինի»։

Անդրադառնալով իր համահեղինակած տեսալսողական մեդիայի մասին օրենքին, որն արդեն ընդունվել է, պատգամավորն ասաց, թե դրանով ենթադրվում է, որ առնվազն հեռուստատեսության նոր սլոթների մրցույթից հետո հաղթողները պետք է գործեն նոր կանոններով։ «Այդ նոր կանոնները ոսկե միջինն են, որոնք խոսքի ազատությանը որևէ կերպ չեն խոչընդոտում, բայց խոսողների վրա դնում են որոշակի էթիկական պատասխանատվություն»։

Ըստ Թևոսյանի՝ արդեն մրցույթներն ընթանում են, քանի որ սահմանված 10 տարին լրացել է․ «Շուտով արդյունքները հայտնի կդառնան, և նույնիսկ եթե նույն հեռուտաալիքները լինեն եթերում, և խոսողներն ավելի էթիկական պատասխանատվության տակ են լինելու, քան մինչ այդ ունեցել են։ Այսինքն՝ հնարավորություն ունեն ասելու այն, ինչ մտածում են, բայց որոշակի սահմանափակումներ կլինեն, թե ոնց են ասում»։

Ըստ իշխանական պատգամավորի՝ սոցցանցերում և տելեգրամ ալիքներում շրջանառվող տեղեկությունների հետ կապված իրենք ոչ մի նախաձեռնություն չունեն։ «Ես ինքս համարում եմ, որ մարդու ընտրությամբ հասանելի ռեսուրսների գործը հենց մարդու գործն է առաջին հերթին։ Պարզապես պետք է այդ ալիքին իգնոր անել»։

Մեր հակադարձմանը, թե մարդիկ ահաբեկվում են շրջանառվող տեղեկություններից, պատգամավորը շեշտեց, թե դրա համար ավելի շատ պետք է զբաղվել մեդիագրագիտությամբ, քան նպաստել խոսքի ազատության սահմանափակմանը. «Դա սկզբունք է, որի դեմ հակափաստարկ չկա»։

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Պետք է ոչ թե խոսքի ազատության նոր սահմանափակում, այլ եղածի ավելի հետևողական կիրառում. Բորիս Նավասարդյան

Նատա Հարությունյան

«Նահանջ» բառը պետք է ընկալել ռազմական ամբողջ պրոցեսի մեջ․ Վահագն Թևոսյան

Անի Գրիգորյան

«Մենք վաստակում ենք պինդ աթոռին երկաթե շերեփով նստելու իրավունքը». Վահագն Թևոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին