8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136195.2 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Պատերազմն ու սերը՝ եզդիերեն. առաջին եզդիական թատրոնը՝ Հայաստանում
Այլ Լուրեր

Պատերազմն ու սերը՝ եզդիերեն. առաջին եզդիական թատրոնը՝ Հայաստանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պատերազմն ու սերը միահյուսված կներկայանան թատրոնի բեմից, սակայն եզդիերեն լեզվով: Հայաստանում առաջին անգամ եզդիական թատրոն է հիմնադրվել, որի  ներկայացման պրեմիերան տեղի կունենա օրեր անց:

«Կռիվ ու սեր» ներկայացումը նվիրված է արցախյան պատերազմին մասնակցած ու զոհված եզդի հերոսներին:

Առաջին եզդիական թատրոնը Հայաստանում

«Եզդիների կողքին» կրթամշակութային նախաձեռնության շրջանակներում հիմնադրվել է Հայաստանում առաջին եզդիական թատրոնը, որը կրում է մնջախաղի վարպետ, ազգությամբ եզդի Արսեն Փոլադովի անունը:

«Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանն ասում է՝ եզդիական համայնքում թատրոնի հիմնադրման գաղափարը մեծ ոգեւորությամբ է ընդունվել:

На изображении может находиться: 1 человек, часть тела крупным планом

«Եզդիների կողքին» ծրագրի մեկնարկից ի վեր՝ շուրջ մեկ տարի, Գրետան մտածել է եզդիական թատրոնի հիմնադրման շուրջ, ասում է՝ յուրաքանչյուր հարց նուրբ մոտեցում էր պահանջում՝ սկսած թատրոնի անվանումից, մինչեւ ներկայացման դեկորացիա:

Ռեժիսորն Էջմիածնի Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Բաբախանյանն է: Ներկայացումը տեղի կունենա Մաչանենց թատրոնում:

«Սովետական շրջանում Հայաստանում 55 հազար եզդի էր ապրում, հիմա էլ մեծ թիվ են կազմում, եւ թատրոն ունենալու պահանջն իսկապես կա»,- ասում է Գեւորգ Բաբախանյանը:

На изображении может находиться: 1 человек, ночь и часть тела крупным планом

Եզդիները՝ արցախյան պատերազմում, կամ ինչպես ծնվեց սցենարը

Թատրոնի առաջին ներկայացման թեման որոշվել էր դեռեւս օգոստոսին՝ նախատեսվում էր բեմադրել եզդիական ազգային որեւէ լեգենդ կամ պատմություն: Վրա հասած պատերազմը, սակայն, փոխեց ամեն ինչ:

«Ներկայացման թեման արցախյան պատերազմն է: «Կռիվ ու սեր» ներկայացման հանդիսատեսը կտեսնի եզդիների կարեւորությունը Հայաստանում եւ նրանց սերը դեպի հայրենիք Հայաստան»,- ասում է Գրետա Ալեքսանյանը, ով սցենարի հեղինակն է:

Գրետան պատմում է՝ պատերազմի 44 օրերի ընթացքում մասնակցել է  ազգությամբ եզդի 13 զոհված հերոսի հուղարկավորության:

«Շատ ծանր էր տեսնել նրանց ծնողների ապրումները, եւ ձեռքի դողով ներկայացրել եմ այն, ինչ տեսել եմ եզդի ընտանիքներում, եզդի մայրերի աչքերում: Երբ տեսա՝ ինչպես է Քյարամ Սլոյանի մայրն իր երկրորդ որդուն ճանապարհում պատերազմ, հենց այս ամենի արդյունքում գրեցի սցենարը»,- պատմում է Գրետան:

Եզդի դերասաններ՝ առանց մասնագիտական փորձի

Ներկայացման լեզուն եզդիերենն է, բեմում՝ եզդի դերասաններ, սակայն առանց մասնագիտական կրթության կամ փորձի: Գրետա Ալեքսանյանը նրանց հետաքրքիր կերպ է գտել, ասում է՝ օգոստոս ամիսն էր, մի օր առավոտյան գնաց Ֆերիկ եզդիական համայնք՝ դերասաններ որոնելու:

«Մեկ ամբողջ օր անցկացրել եմ եզդիաբնակ Ֆերիկ համայնքում, յուրաքանչյուր դուռ թակել եմ, մտել բոլորի տներն ու ներկայացրել ծրագիրս ու արդյունքում գտել այն մարդկանց, ում հետ այսօր աշխատում  ենք: Նրանք կիսեցին իմ գաղափարը: Առանց ճանաչելու՝ սիրով ընդունում էին, լսում: Մեր դերասաններից մեկի փոքրիկը դրսում խաղում էր, ձեռքիցս բռնած ինձ տարավ իրենց տուն, ու հայրը ցանկություն հայտնեց խաղալ ներկայացման մեջ: Առաջին օրերին թվում էր, փակուղի ենք մտել, չի ստացվելու, բայց ստացվեց»:

Դերասաններից մեկի եղբայրը զոհվել է պատերազմի ժամանակ, սակայն Գրետան ասում է՝ նա ուժ ունի իր մեջ բեմ բարձրանալու եւ իր ապրումները ցույց տալու:

Դերասաններից Ամար Մամոյանի համար, ում դուստրն է առաջինը Գրետայի հետ ծանոթացել, պատերազմի վերաբերյալ ներկայացման մասնակցելը բարդ է՝ ինքն էլ պատերազմի մասնակից է, եղել է Քյարամ Սլոյանի եզդիական կամավոր ջոկատից:

Դերասանական փորձ չունենալն, ասում է, իր դժվարություններն ունի, սակայն աշխատում է, որպեսզի ամեն ինչ ստացվի:

Եզդիերենը բեմից՝ առաջին անգամ

Եզդիերեն ներկայացում բեմադրելու գաղափարը, Ամար Մամոյանի պնդմամբ, դրական արձագանք է գտել համայնքում, հայերեն լեզվով ներկայացումներ շատ կան, եզդիերեն՝ ոչ մի:

Գրետա Ալեքսանյանի համար էլ սցենարը թարգմանելու խնդիրն է բարդ եղել: Մեկ ամիս շարունակ եզդիական տարբեր համայնքներով շրջել է՝ փորձելով թարգմանել:

«Ի վերջո Շամիրամ եզդիաբնակ համայնքում հանդիպեցի վաստակավոր ուսուցիչ Զադա Ուսումյանին, ով  թարգմանեց սցենարը»:

Գրետան ասում է՝ ներկայացման փորձերին եղել են ազգությամբ հայեր, ովքեր չեն հասկացել լեզուն, բայց հուզվել են՝ այն դիտելով: Այդուամենայնիվ, կպատրաստվեն փոքրիկ պաստառներ, որտեղ հայերեն լեզվով կներկայացվի ներկայացման էությունը:

Առաջիկա պլանները

«Կռիվ ու սեր» ներկայացումը հիմնականում կխաղան Էջմիածնի Մաչանենց թատրոնում, սակայն նախատեսում են նաեւ շրջագայել Հայաստանի եզդիաբնակ համայնքներով:

Նատաշա Հարությունյան

На изображении может находиться: 8 человек, люди танцуют и текст
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին