27 Փետրվարի, 2021
134630.4 By Google Analytics 26.02.2021
Գլխավոր » Գերիների հարցը չի լուծվել, քանի որ Իլհամ Ալիևը փորձում է ստիպել ՀՀ-ին ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը․ կարծիքներ
Կարևոր

Գերիների հարցը չի լուծվել, քանի որ Իլհամ Ալիևը փորձում է ստիպել ՀՀ-ին ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը․ կարծիքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոսկվայում կայացած` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվեց  համատեղ հայտարարություն, սակայն գերիների հարցն այդպես էլ չուծվեց։ NewArmenia.am-ը խնդրի հետ կապված զրուցել է է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի և միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հետ։

Մեհրաբյանի կարծիքով՝ ՀՀ-ի համար հանդիպման հիմնական ու կարևոր թեման եղել է գերիների խնդրի լուծումը, քանի որ սա հիմնախնդիր է, որի չլուծումը խանգարում է այլ հարցերի անդրադառնալ, իսկ կոմունիկացիաների հարցն առաջին հերթին հետաքրքրել է ՌԴ-ին, հետո՝ Ադրբեջանին։ Մեհրաբյանի համար արդեն փաստ է, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի ցանկանում տալ հայ գերիներին, իսկ ՌԴ-ն ի զորու չէ հարցը կարգավորել։

«Փաստվեց նաև, որ կողմերը ԼՂ հարցի շուրջ ունեն տրամագծորեն հակառակ դիրքորոշում։ Եթե Ադրբեջանը համարում է, որ հարցն այլևս լուծված է, ու կոնֆլիկտ չկա, հայկական կողմը հակառակն է ասում՝ կոնֆլիկտը լուծված չէ, քանի որ կարգավիճակի հարցը որևէ փաստաթղթով ամրագրված չէ։ Ի՞նչ ունենք։ Տեսնում ենք, որ ՌԴ-ն արբիտրի դերում ասում է, որ երկուսդ էլ ճիշտ եք, այսինքն՝ համ կոնֆլիկտ կա, համ չկա։ Բայց կարգավիճակի հետ կապված, եթե ՌԴ-ն ոչ վաղ անցյալում խոսում էր, որ հարցը պետք է թողնել ապագային, հիմա շատ լավ է հասկանում, որ այն պետք է լուծվի Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափով։ Մենք տեսանք, որ երեկվա հանդիպմանը նախորդեց Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը։ Վաշինգտոնում վարչակազմի ձևավորման գործընթացի ավարտով կակտիվանա նաև ԱՄՆ-ն, մենք կունենանք միանգամայն այլ իրավիճակ, որտեղ Ալիևի կամակորությունները շատ ավելի նվազ դեր կունենան, քան ունեն հիմա»,- ասաց Մեհրաբյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ երեկ գերիների հարցը չի լուծվել, քանի որ Իլհամ Ալիևը փորձում է օգտվել իրավիճակից և օր առաջ ուզում է ստիպել ՀՀ-ին ճանաչել իրենց տարածքային ամբողջականությունը, գոնե ինչ-որ հայտարարության ձևով։

«Գերիների հարցն Ադրբեջանի ամենաազդու լծակն է հարցի լուծմանը հասնելու ճանապարհին։ Հայ գերիների վրա Ադրբեջանը ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել, իր պատկերացածով սա հակաքայլ է հայկական ջանքերին, քանի որ հայկական կողմն ապացուցել է Ադրբեջանի կողմից ահաբեկիչներ բերելը։ Այս քեյսերը միջազգային ատյաններում ամբողջական տեսք են ստանալու ու Ալիևի քթից բերելու են՝ հատկապես Ալիևի ռեժիմի արտահանվող կոռուպցիայի դեպքերի բացահայտման ֆոնին։ Միլանում ԵԽԽՎ իտալացի սկանդալային պատգամավորին 4 տարի տվեցին՝ադրբեջանցիներից կաշառք վերցնելու, Լոնդոնում ԿԲ-ի հետ կապված միջադեպը և այլն, իսկ Ալիևը հայ գերիներին փորձում է լծակ պահել՝ հակախաղ կազմակերպելու համար»,- ընդգծեց  Ռուբեն Մեհրաբյանը։

Վերջինս նշեց, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների խնդիրը չլուծելը միտված է նաև ՀՀ-ում ներքին անկայունություն ստեղծելուն․ «Այս իմաստով մենք տեսնում ենք, որ Ալիևն այստեղ գաղափարակիցներ ունի, սա ասում եմ առանց չափազանցության՝ այդ 17 կոչված խաժամուժն Ալիևի պրոկսի դերում են»,- շարունակեց  Մերաբյանը։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան էլ խնդիրն իրավական կողմից դիտարկեց։ Նա նախ նկատեց, որ հանդիպումից ու գերիների հետ կապված հարցերի մասին տեղեկատվությունը բավականին քիչ է։

«Ամբողջ իրողությունը չի տրամադրվում, բայց հիմա մեզ մնացել է իրավական գործընթացը , որը բոլոր դեպքերում պետք է պահել, իսկ իրավական գործընթացները ներկայումս էլ առկա են։ Որպես իրավաբան պետք է ասեմ, որ իրավական գործընթացը, որը զսպող ազդեցություն ունի, անպայման պետք է պահպանվի»,- ասաց  Ղազարյանը։

Իրավաբանը չբացառեց, որ Ադրբեջանը ռազմագերների խնդրին լուծում չի տալիս քաղաքական դիվիդենտներ շահելու համար։

«Ադրբեջանը հայելանման իրավիճակ է ստեղծել։ Մենք ունենք հաջողված պատմություն՝ կապված Ադրբեջանի կողմից վարձկանների ու ահաբեկիչների օգտագործման վերաբերյալ, իրենք նման պատում չունեին, բայց հիմա իրենք ստեղծում են իրենց թեման։ Սա բնորոշ է իրենց, որ ցույց տան, թե առնվազն իրավական հարցերում  նույն հարթության վրա են, քանի որ երկուստեք նույն բանն են արել։ Սակայն ամբողջ հարցն այն է, որ մենք ունենք իրավական հիմքեր, որ իրենց կողմից մասնակցել են ահաբեկիչներ, իսկ իրենք չեղած տեղը ստեղծում են հիմքեր։ Պատահական չէ, որ հայկական փոքրիկ զորախմբի դեմ նրանք հսկայական զորք էին հանել՝ նկատի ունեմ վերջին 62 գերուն։ Ադրբեջանը պետք է կառուցեր հերթական լեգենդը, թե զորախումը ահաբեկիչներ են, զինված ու անօրինական խմբավորում է, բայց փասերը չեն հիմնավորում այս ամենը»,- շեշտեց Արա Ղազարյանը։

Ինչ վերաբերում է հարցին՝ գերիների հարցում էլ ուժն իրավունք կթելադրի՞, Արա Ղազարյանը պատասխանեց. «Ուժը թելադրում է իրավունք, գուցե, ռազմական ու քաղաքական առումով, բայց իրավաբանաության մեջ չէի ասի, որ այդպես  է»։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Գերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Նատա Հարությունյան

Գերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան․ ուղիղ

Նատա Հարությունյան

Նման կոչերը պետք է քրեականացվեն, իսկ այդ մարդիկ հետապնդվեն քրեորեն․ Մեհրաբյանը՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին