2 C
Yerevan
16 Հունվարի, 2021
125996.8 By Google Analytics 15.01.2021
Գլխավոր » Կենացային տրամադրությունները դատապատող նախագահին հասարակությունը մեղադրեց նոր կենաց ասելու մեջ. կարծիքներ` նախագահի հոդվածի արձագանքների մասին
Հարցազրույցներ

Կենացային տրամադրությունները դատապատող նախագահին հասարակությունը մեղադրեց նոր կենաց ասելու մեջ. կարծիքներ` նախագահի հոդվածի արձագանքների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կարճ, եթե ներկայացնենք նախագահի կողմից հրապարակված հոդվածը, ապա այն կարելի է բնութագրել որպես գործող իշխանության հրաժարականի պահանջի կրկնություն: NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Մովսես Հարությունյանը` անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Դեպի «Չորրորդ Հանրապետություն»» հոդվածին: Նա նկատեց, որ նախագահ Սարգսյանի հոդվածի մեսիջները նոր չէին, քանի որ նախկինում ևս ներկայացվել էր Արմեն Սարգսյանի  կողմից։

«Այստեղ նորությունն այն է, որ Արմեն Սարգսյանը փաստորեն ժամանակավոր կառավարության ձևավորման տեսլականը պատկերացնում է նախագահի ինստիտուտի շուրջ, որում առանցքային դերակատարում պետք է ունենա հենց Արմեն Սարգսյանը։ Կոպիտ ասած՝ այս հոդվածով Արմեն Սարգսյանն առաջադրեց իրեն որպես անցումային կառավարության վարչապետի այլընտրանքային թեկնածու»,- ասաց Մովսես Հարությունյանը:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ կարծում է, որ հոդվածը բարձր ինտելեկտի տեր մարդու կողմից գրված էր, սակայն չի հերքում, որ հոդվածը որոշակի խնդիրներ ունի: Նրա խոսքով` հոդվածը նրա մասին է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունը պետք է փոխանցվի, իսկ իշխանության փոխանցման գործում մեծագույն դերը պետք է ունենա նախագահի ինստիտուտը  կամ այդ իշխանությունը փոխանցվի հենց նախագահի ինստիտուտին:

«Հիմա խնդիրը նրանում է, որ իշխանությունը Հայաստանում ձևավորվում է միայն ու միայն ժողովրդի  կամարտահայտմամբ: Կան երկներն որտեղ այլ կերպ է լինում, բայց մեզ մոտ այդպես է, թեպետ, ՀՀ-ում էլ եղել են ժամանակներ` Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք, որ իշխանությունը փոխանցվեց ընկերական ձևով: Նախագահի հոդվածի գլխավոր թերությունն այն է, որ ինքը կտրված է իրականությունից, քանի որ նախագահ Սարգսյանը նախագահի ինստիտուտի հետ կապում է գործառույթներ, որոնք ոչ միայն Սահմանադրությամբ նախատեսված չեն, այլ երբեք հասարակության կողմից չեն էլ բարձրացվել, որ այդ խնդիրները նախագահը պետք է լուծի»,- շարունակեց Արեգ Քոչինյանը:

Վերջինս չբացառեց, որ նման հոդվածով նախագահ Սարգսյանը փորձել է հասարակության մեջ տրամադրություններ աճեցնել, որ այս հարցերով կարելի է նախագահին դիմել: Միևնույն ժամանակ Քոչինյանը նկատեց, որ այս պահին նման տրամադրությունը հասարակության մոտ դեռևս չի տեսում:

Հարցին` նախագահ Սարգսյանի հոդվածից հետո տարբեր արձագանքներ եղան` թե՛ դրական, թե՛ բացասական, այս արձագանքներն ինչի՞ մասին են վկայում, Մովես Հարությունյանը պատասխանեց, թե դրական արձագանքները պայմանավորված էին այն հանգամանքով, որ նախագահ Արմեն Սարսգյանը տևական լռությունից  հետո խոսելու փորձեր է կատարում։

«Հասարակության մեծ մասը նրան մշտապես մեղադրում էր կրավորական կեցվածքի ու լռության համար։ Այս տեսանկյունից որոշները ողջունեցին նախագահի հոդվածի՝ ինքնին հրապարակման երևույթը, սակայն ոչ բովանդակությունը, ինչով էլ պայմանավորված էին քննադատությունների հիմնական ուղղությունները։  Կենացային տրամադրությունները դատապատող նախագահին հասարակությունը մեղադրեց նոր կենաց ասելու մեջ։ Նախագահն իր հոդվածում կրկնեց այն սխալները, ինչում նա մեղադրում էր հայությանը։ Գործնական լուծումներ առաջարկելու փոխարեն Արմեն Սարգսյանը խոսում էր տարբեր վկայակոչումներից և սխալների վերհանումից՝ որևէ անգամ չհիշատակելով սեփական սխալների մասին։ Տպավորություն ունեմ, որ Արմեն Սարգսյանն այս հոդվածով փորձում էր ևս մեկ անգամ մեղսազերծել սեփական անձը՝ ինչպես նա արեց նոյեմբերի 9-ի հայտարարության առավոտը՝ ասելով, որ մամուլից է տեղեկացել ստորգրված փաստաթղթի բովանդակության մասին, այն դեպքում, երբ նա մասնակցել էր ԱԽ այն նիստին, որում ներկայացվել էր ստորագրված տարբերակին մոտ այլ առաջարկ»,- ընդգծեց Մովսես Հարությունյանը:

Արեգ Քոչինյանն էլ գտնում է, որ  քննադատությունների հիմքում ընկած է հատկապես այն, որ հոդվածում թիրախավորվեց  4-րդ հանրապետության տերմինը:

«Բանն այն է, որ 4-րդ հանրապետություն տերմինը մի քիչ շատ ուշադրության արժանացավ, իսկ ես չեմ գտնում, որ հոդվածի մեջ անկյունաքարայինը դա էր, քանի որ ասում է` ինչպես  ուզում եք կարող ենք անվանել` ռեստարտ, 4-րդ հանրապետություն և այլն: 4-րդ հանրապետությունը գեղեցիկ ձևակերպում էր, որը ուշադրություն գրավելու նպատակ ուներ: Անկյունաքարը նախագահի ինստիտուտի վերաարժևորման  գործընթացն էր, որը պետք է սկսի իշխանության վերաձևակերպումից, բայց դա հնարավոր է միայն ժողովրդի կամարտահայատության միջոցով, որն էլ կարող լինել արտահերթ խորհրդարանական ընտրություններով: Սակայն ճգնաժամի լուծման քվեն տրված չէր նաև Նիկոլ Փաշինյանին ու նրան տրված քվեն էլ ունի վերաարժևորման կարիք: Գործնականում երկիրը պետք է պատրաստել ընտրություններին, քանի որ այս պահին պատրաստ չէ, պետք է փոխվի Կուսակցությունների մասին օրենքը,  ԸՕ-ն,  Ոստիկանության մասին օրենքը և այլն»,- եզրափակեց Արեգ Քոչինյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Անի Գրիգորյան

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուբեն Մաթևոսյանին` 80-ամյա հոբելյանի առթիվ

Անի Գրիգորյան

Չինաստանի նախագահը շուտափույթ ապաքինում է մաղթել Արմեն Սարգսյանին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին