-12 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127366.4 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Ո՞ւր է սփյուռքի 100 հազարանոց բանակը
Այլ Լուրեր

Ո՞ւր է սփյուռքի 100 հազարանոց բանակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Թվում էր, թե պատերազմում աղետալի պարտությունը սթափություն կբերի հայ քաղաքական մտքին։ Ամեն դեպքում գոնե ես նմանատիպ հույսեր ունեի, բայց կյանքը ցույց տվեց, որ չափից դուրս լավատես էի ու նաիվ։ Վերջին 25 տարիներին տիրապետող էր Հայաստանն ու Արցախը սփյուռքի միջոցով զարգացնելու դոկտրինը, ավելին՝ արտերկրում ապրող միլիոնավոր հայերը պետք է դառնային այն ռեսուրսը, որի հաշվին տնտեսությունը կաճեր վագրի թռիչքներով, և մենք կհաղթեինք պատերազմում։

Ինչպես տեսնում ենք, վերոհիշյալ ռազմավարությունն անիրական էր ու անլուրջ։ Նույնիսկ դրան ռազմավարություն կոչելն է մոլորություն, բայց հայ քաղաքական միտքն անգամ Արցախը կորցնելու պարագայում չի էլ փորձում լրջության և կենդանության նշաններ ցույց տալ ու առերեսվել իրականության հետ։ Սփյուռքի միջոցով Արցախը պահելու թեզին աստիճանաբար փոխարինում է ոչ պակաս ավելի զավեշտալի թեզը, որն է՝ սփյուռքի միջոցով Հայաստանի վերականգնումն ու վերածնունդը։

Նորից հրապարակ է նետվել աշխարհի հայերին ու հատկապես գիտնականներին համախմբելու և Հայաստանը զարգացնելու մոլուցքը։ Իհարկե, ամենն այս միֆական դատարկախոսություն է և առանց որևէ կոնկրետ թիրախի։ Նմանատիպ տեքստերով հանդես եկող գործիչները հետևանքի ակնկալիք չունեն և չեն էլ կարող ունենալ։ Դրանք ընդամենը հերթապահ ճառեր են և ոչ ավելին։ Եկեք քաղաքական միֆերը թողնենք մի կողմ ու վերադառնանք իրականություն:

Սփյուռքը երբեք չի կարող վճռական նշանակություն ունենալ Հայաստանի զարգացման գործում, ավելին՝ Ադրբեջանի հարուստ բնական պաշարների ու Վրաստանի նպաստավոր աշխարհագրական դիրքի կողքին հայկական սփյուռքի գործոնը որպես համարժեք ռեսուրս ներկայացնելը պարզապես խաբկանք է: Եվ ոչ միայն հիմա, այլ միշտ էլ այդպես է եղել։ Եկեք չմոլորեցնենք հայաստանցիներին: 25 տարի մոլորեցրել ենք՝ արտաքին աշխարհից խաչակրաց արշավանքի պատրանքի հույսեր տալով: Խաչակրաց արշավանքի տակ կարող եք հասկանալ և՛ տնտեսական ներդրումներն ու ֆինանսական օգնությունը, և՛ պատերազմական իրավիճակներում մարդկային ռեսուրսներ տրամադրելը: Ո՞ւր են այդ միլիարդավոր ներդրումները, ո՞ւր է սփյուռքից ժամանած հարյուր հազարանոց բանակը, որը պետք է ծնկի բերեր Ադրբեջանին։

Իհարկե, օգնություն միշտ էլ եղել է, ինչպես ներդրումների, այնպես էլ բարեգործության տեսանկյունից: Արցախյան պատերազմին մասնակցողներ էլ են եղել։ Հարցը դա չէ, և ես որևէ կերպ չեմ ուզում նսեմացնել Հայաստանին օգնող դրսի մեր հայրենակիցներին։ Իրականում մենք՝ բոլորս, երախտապարտ ենք նույնիսկ մեկ ցենտ օգնության համար։ Այսինքն՝ քննադատությունը ոչ թե սփյուռքին է ուղղված, այլ հայաստանցի գործիչներին, որոնք չեն հասկանում պարզունակ ճշմարտություններ․ Հայաստանի՝ սփյուռքի միջոցով չզարգանալը պայմանավորված է ոչ թե գործընթացի վատ համակարգվածությամբ, այլ՝ գաղափարի առհասարակ սնանկությամբ։ Սփյուռքը փոքրիկ ռեսուրս է, որը դժվար թե երբևէ զգալիորեն մեծացնի իր ծավալները: Հիմնադրամների հանգանակած գումարները երբևէ չեն գերազանցելու անցյալում արձանագրված թվերին, ակնկալվող ներդրումային պայթյունը վերջում սահմանափակվելու է մի քանի տասնյակ հաջողված կամ էլ ձախողված պրոյեկտներով։

Իրավիճակն այս ավելի քան օրինաչափ է և տրամաբանական: Այլ կերպ չի էլ կարող լինել։ Ի վերջո պետք է հասկանանք, որ աշխարհով մեկ սփռված գաղթօջախները Հայաստանի Հանրապետության գաղութները չեն: Դրանք բազմաշերտ, բարդ կառուցվածք ունեցող ու երբեմն էլ տարերային գործող համայնքներ են: Արտերկրում ապրող հայերը ուրիշ երկրների քաղաքացիներ են, նրանք ունեն իրենց կյանքը, հոգսերը, խնդիրներն ու տարատեսակ հետաքրքրությունները:

Այսինքն՝ համաշխարհային ազգ եզրույթը որպես այդպիսին փուչիկ է, որն անընդհատ պայթում է՝ հայաստանցիներին կանգնեցնելով կոտրած տաշտակի առջև: Տարընթերցումներից խուսափելու համար ստիպված եմ նորից կրկնել, որ ես ամենևին էլ չեմ թերագնահատում սփյուռքի դերը:

Իհարկե, այն՝ որպես տարասեռ միավորների ամբողջություն, կարևոր առաքելություն ունի, որը պետք է դրսևորվի տարատեսակ ամբիոններում հայկական շահերը պաշտպանելու և լոբբինգ անելու համատեքստում: Բայց խոսքը սրա մասին չէ, այլ՝ Հայաստանի ներքին զարգացման ու անվտանգության ապահովման հեռանկարների: Այս համատեքստում սփյուռքը չափազանց քիչ անելիքներ ունի և չի էլ կարող ավելիին ձգտել:

Հայաստանցիները պետք է հասկանան, որ այդ բարդ առաքելության միակ ու բացառիկ հասցեատերը հենց իրենք են ու միայն իրենք: Այդ բարդագույն ճանապարհին ոչ մի էական աջակցություն ու օգնություն չի լինելու: Հայաստանի քաղաքացին ինքն է կառուցելու իր ապագան՝ իր սահմանափակ ռեսուրսների ու փորձառության հաշվին: Մենք պետք է փորձենք աստիճանաբար հրաժարվել համաշխարհային ազգի անորոշ ու լղոզված պատրանքից: Ադրբեջանական նավթի ու վրացական աշխարհագրական դիրքի կողքին պետք է շատ ավելի կենսունակ ու մրցունակ արժեքներ դրվեն: Իսկ ազգային զարթոնքի համար պետք է նոր ու կենսունակ գաղափարներ ստեղծվեն: Գաղափարներն այդ պետք է լինեն իրական, տեսանելի ու շոշափելի: Մենք իրավունք չունենք մեր քաղաքացիներին տանել պատրանքների ճանապարհով:

Կարպիս Փաշոյան

Ծաղրանկարի հեղինակային իրավունքները պատկանում են Medialab–ին

Նմանատիպ Հոդվածներ

Ճանապարհորդություն դեպի Արցախ

Սերինե

Արցախի կորուստը աննկատ մնաց

Սերինե

Երբ կհաշտվեն ընդդիմությունն ու իշխանությունը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին