-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127411.2 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Բայդենի գալով Հայաստանի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը չի փոխվի. միջազգայնագետ
Այլ Լուրեր

Բայդենի գալով Հայաստանի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը չի փոխվի. միջազգայնագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԱՄՆ-ում Հանրապետական վարչակազմից Դեմոկրատականի անցումը մեր տարածաշրջանի համար գլոբալ փոփոխություններ չի բերելու։ NewArmenia.am-ի հետ  զրույցում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Նրա խոսքով՝ չի փոխվի նաև ՀՀ-ի հարցում ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը։

«Կարծում եմ՝ որևէ փոփոխություն պետք չէ ակնկալել։ Իրականում, կարող է լինել վերաբերմունքի փոփոխություն, բայց քաղաքականության փոփոխություն մեր տարածաշրջանում Վաշինգտոնը չի ունենա։ Նրանք շարունակելու են իրենց  քաղաքական գիծը սպասարկել թե՛ իրանական, թե՛ ռուսական ուղղությամբ, որն էլ անուղղակիորեն կարող է մեզ վրա անդրադառնալ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ որոշակի շտկումներ կլինեն՝ կապված նոր իրավիճակի՝ Արցախի պատերազմում մեր պարտության հետ։ Կլինեն շեշտադրումների փոփոխություններ, բայց, մեծ հաշվով, քաղաքականության գլոբալ փոփոխություն պետք չէ սպասել»,- ասաց նա։

Սարգսյանը նկատեց, որ ՀՀ-ում հույս են կապում Դեմոկրատական Ջո Բայդենի հետ, քանի որ ընկալում կա, թե Հայաստանը տարիների ընթացքում Դեմոկրատների հետ ավելի լավ է աշխատել, քան Հանրապետականների։ Սակայն անձամբ գտնում է, որ քաղաքականության առումով էական փոփոխություններ չեն լինելու։ Ինչ վերաբերում է հարցին, թե շեշտադրման ինչ փոփոխություններ կլինեն, հնարավո՞ր է ակտիվանա Արցախի հակամարտության կարգավորման հարցում, Սուրեն Սարգսյանը պատասխանեց, թե ամեն ինչ կախված է նաև նրանից, թե ՀՀ-ն ինչ ապագա է տեսնում բանակցութունների հետ կապված։

«ԱՄՆ-ն Մինսկի խմբի համանախագահ է, որքան էլ այս պահին պրոցեսներից դուրս է մնացել, միևնույնն է, փորձելու է վերադառնալ գործընթաց ու իրավիճակի նկատմամբ ունենալ անձնական որոշակի ազդեցություն։ Կարծում եմ՝ սա տեղի կունենա բավականին արագ, երբ Միացյալ Նահանգներում բոլոր պաշտոնները նշանակվեն։ Այդ ժամանակ կարելի է ակնկալել քաղաքական շեշտադրումներ ու մոտեցումների  փոփոխություններ»,- շարունակեց Սարգսյանը։

Միջազգայնագետը, խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերություններում թարմություն բերելու հնարավորություն մասին, հաշվի առնելով նաև, որ ՀՀ որոշ պաշտոնյաներ բավականին լավ հարաբերություն ունեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, նշեց․«Իհարկե, անձնական հարաբերությունները կարևոր են, բայց գլոբալ քաղաքական պրոցեսների վրա դրանք որևէ ազդեցություն ունենալ չեն կարող։ Այո, մենք կարող ենք մեր համայնքի միջոցով, լոբբիստների միջոցով ակտիվ աշխատանք տանենք ԱՄՆ հետ հարաբերությունների ուղղությամբ, բայց դա բացառապես կախված է մեր իշխանությունների ցանկությունից, պրոֆեսիոնալությունից ու կարողություններից»։

  Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ողբերգական անցյալից մինչև նախագահ․ Ջո Բայդեն. տեսանյութ

Նատա Հարությունյան

ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը ընտրություններում

Նատա Հարությունյան

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը հրաժարվել Է աշխատել Բայդենի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին