-11 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127385.6 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Պետական ի՞նչ աջակցություն են ստանում տուրիստական գործակալությունները
Այլ Լուրեր

Պետական ի՞նչ աջակցություն են ստանում տուրիստական գործակալությունները

հետևեք մեզ նաև Telegram-ում

 2020 թվականի մարտի 16-ին, երբ Հայաստանում հայտարարվեց առաջին արտակարգ դրությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով, գրեթե բոլոր ոլորտները կաթվածահար եղան։  Թերևս ամենախոցելի ոլորտը զբոսաշրջությունն էր, որը մինչ օրս էլ նորմալ չի վերականգնվել։

Կառավարությունն, իհարկե, կորոնավիրուսի տնտեսական հետևանքները չեզոքացնելու նպատակով մշակեց աջակցության ծրագրեր, որոնց շահառու էին նաև զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները։

New Armenia.am-ի հետ զրույցում տուրիստական գործակալություններից երեքի՝ ONE WAY TOUR, ANRIVA TOUR «LLC», «Շելբի տուր», ներկայացուցիչները նշեցին, որ պետությունից ստացել են աջակցություն այնքանով, որքանով այն վերաբերել է իրենց ոլորտին։

Շուկայում 8 տարի գործող «Շելբի տուր» ընկերության գործադիր տնօրեն Մարինա Ավետիսյանը շնորհակալ է ստացած աջակցության համար, սակայն նշում է, որ երբեք չեն դժգոհել, պահանջել պետությունից, ընդհակառակը.

«Աշխատել ենք մեր մասով տնտեսությունը կաթվածահար չանել, ինքներս աջակցել պետությանը։ Չենք փակել ոչ մի մասնաճյուղ, չենք ազատել ոչ մի աշխատակցի, նույնիսկ անձնական միջոցները ներգրավելով՝ պահել ենք ընկերությունը»,- ասաց Մարինա Ավետիսյանը։ Ավետիսյանը նշեց, որ այս պահին պետության կողմից մշակված աջակցության ծրագրերից 25-րդ-ի շահառու են։

ONE WAY TOUR ընկերության հիմնադիր տնօրեն Մաթևոս Բարսեղյանին, սակայն, չի հաջողվել խուսափել աշխատակիցների կրճատումից․ «Խնդիրներ առաջացել են հենց մարտ ամսվանից, երբ ընկերությունը փակվեց, փորձել ենք մինչև սեպտեմբեր պահել ամբողջ կազմը, վճարել հարկերը, բայց պատերազմից հետո էլ ավելի սրվեց վիճակը, աշխատակիցների կեսին կրճատել ենք»։

ANRIVA TOUR «LLC» Եգիպտոսի նախագծի համակարգող Լիլիթ Բաբայանը, սակայն, դժգոհ է պետության կողմից հատկացված աջակցության ծրագրերից․ «Ենթադրելի էր, որ պետք է աջակցությունը շարունակական լինի, քանի որ ոլորտը երկար ժամանակ է՝ կոլապսի մեջ է, իսկ այն միջոցառումները, որոնք մշակվել են, ընդհանրապես արդարացված չեն, որովհետև  այս փուլում տուրիստական բազմաթիվ ընկերություններ փակված են ու չեն էլ պատրաստվում վերականգնվել, որովհետև չկա իրական աջակցություն»։

Բաբայանը նշեց, որ այս պահին իրենց ընկերությունն աջակցություն չի ստանում։

Մեր զրուցակիցները նշեցին, որ ոլորտն էլ ավելի տուժեց պատերազմի հետևանքով, սակայն մեծ հույս ունեն, որ այս տարի կկարողանան հաղթահարել անցած տարվա ծանր հետևանքները, բայց այս պահին «կարևոր է, որ արտերկրում կարողանանք Հայաստանը ներկայացնել՝  որպես ապահով երկիր, որպեսզի մարդիկ ցանկություն ունենան գալ մեր երկիր»,- ասաց Մաթևոս Բարսեղյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին