Նոյեմբերի 8-ին՝ եռակողմ հայտարարությունից մեկ օր առաջ հրաժարական տված Ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարած Միքայել Համբարձումյանը Թիվ 5-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը չի տեղեկացրել Պուտինի հայտնի առաջարկի մասին, որով, ինչպես հետո հրապարակավ բացահայտեց Փաշինյանը, պատերազմը կանգնեցնելու համար պետք էր Ադրբեջանին հանձնել 7 տարածքները, իսկ Շուշի պետք է վերադառնային 100 հազար ադրբեջանցիներ:
Ըստ ԱԱԾ նախկին ղեկավարի, միակ ռեալ հնարավորությունը դա էր, և իր համար «հասկանալի չէր», թե ինչու չի կանգնեցվել պատերազմը, այն դեպքում, երբ ԱԱԾ-ն ամենժամյա ռեժիմով վարչապետին զեկուցել է կորուստների, խնդիրների մասին։
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը նաև հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստից որոշ բացահայտումներ է արել՝ ասելով, թե գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մանրամասն ներկայացրել է տիրող իրավիճակը և հեռանկարը՝ ցույց տալով, որ պարտության են գնում։
Համբարձումյանը նաև ասել է, որ իր համար անհասկանալի է, թե իշխանությունները, պատերազմը չկանգնեցնելով, ինչ նպատակ են հետապնդել. «Ո՞ւր ենք մենք գնում։ Վերջը ո՞ւր ենք հասնելու։ Ստեփանակե՞րտն ենք կորցնելու, թե՞ արդեն հյուսիսային շրջաններն ենք կորցնելու, որ նոր գանք, հասնենք էդ կետին, որ պետք ա պատերազմական գործողությունները կասեցվեն կամ ավարտվե՞ն»։
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր հարցին, թե արդյոք ուսումնասիրության առարկա դարձե՞լ են ԱԱԾ նախկին պետի հայտարարությունները, ասաց, թե հասկանալի չէ՝ ինչ կտրվածքով պետք է քննության առարկա դառնան ԱԱԾ նախկին պետի ասածները և դրանց նպատակը: «Չեմ կարող ասել՝ ինչ առաջարկ է քննարկվել կամ ոչ, որովհետև գլխավոր դատախազը ԱԽ նիստին չի մասնակցել և Անվտանգության խորհրդի անդամ չէ: Ինձ համար դժվար է հիմա ասել՝ որքանով է հրապարակված տվյալների ծավալը կամ բովանդակությունը պետական գաղտնիք»,-ասաց դատախազի խորհրդականը՝ հավելելով. «Պատերազմին և դրա արդյունքներին հանգեցրած հանգամանքները բազմաթիվ քրեական գործերով քննության առարկա են, և բոլոր այն դրվագներին, որոնք իրենց մեջ որոշակիորեն քրեական օրենսգրքով արգելված գործողությունների տարրեր են պարունակում, տրվելու են իրավական գնահատականներ»:
ԱԱԾ-ն ընդամենը մոտ մեկ ամիս ղեկավարած Համբարձումյանն իր հարցազրույցում հիշեցրել է, որ այդ օրերին այդպիսի առաջարկ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հետագայում մանրամասնել է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը համաձայնել է, հրաժարվել է Փաշինյանը։
Ուշագրավ է, որ ՌԴ-ի առաջարկի մասին Փաշինյանը նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին խոսել էր անգամ արտախորհրդարանական ուժերի հետ, ինչի մասին NewArmenia.am-ը հոդված է հրապարակել դեռ նոյեմբերի 11-ին:
ԱԱԾ նախկին պետը պնդել է, թե մինչև նոյեմբերի 7-ը տեղյակ չի եղել Պուտինի առաջարկի մասին, մինչդեռ դրա մասին տեղյակ են եղել անգամ արտախորհրդարանական ուժերը:
ԱԱԾ նախկին պետի հայտարարությունների առթիվ մեր հարցին ԱԱԾ-ից խոստացան պատասխանել միայն գրավոր դիմումի դեպքում՝ սահմանված ժամկետում:
Ի դեպ, Համբարձումյանը նաև ասել է, թե հեղափոխությունից հետո զգացել է, որ նոր իշխանությունն այնքան էլ չի վստահում ԱԱԾ պաշտոնյաներին, և պետական պաշտոնը դարձել էր «ոչ գրավիչ»:
Մարինե Խառատյան
