-12 C
Yerevan
22 Հունվարի, 2021
127356.8 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » ՀՀ-ն հիմա պատրաստ չէ ընտրությունների, իռացիոնալը հաղթելու է ռացիոնալին. կարծիքներ
Քաղաքականություն

ՀՀ-ն հիմա պատրաստ չէ ընտրությունների, իռացիոնալը հաղթելու է ռացիոնալին. կարծիքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախում հայկական կողմի պարտությունից հետո քաղաքական ուժերի կողմից երկրում իշխանափոխության պահանջ է դրվել: Ի վերջո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Սակայն այստեղ օբյեկտիվ հարց է առաջանում` երկիրը պատրա՞ստ է հիմա ընտրությունների: 

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության գործադիր մարմինի անդամ Հայկ Սարգսյանը կարծում է, որ ներկա պահին հայ հասարակությունը պատրաստ չէ ընտրություններին: Նա նշեց, թե պատահական չէ, որ արտահերթ ընտրությունների մասին խոսող որոշ քաղաքական ուժեր օգտագործում են նաև խելամիտ ժամկետներ արտահայտությունը:

«Ունենք փորձ, որ հեղափոխության էյֆորիայի տակ ընտրություններ կատարվեցին, ու տեսանք արդյունքները, քանի որ կարճ ժամանակ հետո այդ ընտրություններում ձևավորված խորհրդարանն այլևս չէր ներկայացնում հասարակության հիմնական հատվածի շահերը: Նույնը հիմա է կատարվելու, եթե էմոցիոնալ ֆոնի վրա քաղաքացին կատարի ընտրություն, այսինքն` ընտրությունը ռացիոնալ չի լինելու, իռացիոնալ գործոնները շատ ավելի են լինելու, հետևաբար, որոշ ժամանակ հետո նույն պատկերն ենք ունենալու: Պետք է սպասել, կրքերը մի քիչ հանդարտվի, ու քաղաքացուն տրվի ռացիոնալ ընտրության հնարավորություն, որ զարգացում տեղի ունենա»,- NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց նա:

Հայկ Սահակյանը ընտրությունների անցկացման ամենասեղմ ժամկետը համարում է 6 ամիսը, թեպետ, այս պարագայում էլ իռացիոնալը հաղթելու է ռացիոնալին:

«Քաղաքական ուժերը մեծամասամբ փորձելու են այս պատերազի էմոցիոնալ ֆոնը շարունակել ու մարդկանց բերել իռացիոնալ վիճակի: Հիմա կարևոր է խոսել ոչ թե ժամկետների, այլ այս իրավիճակի հաղթահարման մասին, այսինքն` պետք է գնանք ընտրությունների, երբ այս իրավիճակը կհաղթահարենք: Այս պահին գոնե կուսակցությունները տրամադրված չեն ռացիոնալ ընտրություններ կազմակերպել: Ռացիոնալ ընտրությունն այն է, որ իսկապես կարողանանք մտածված ընտրել: Վստահ եմ` հիմա կուսակցությունները գալու են ու ասեն` գտնել դավաճանին, կախել և այլն, բայց այլ բանի`ապագայի, սոցիալ-տնտեսական վիճակի, զարգացման ուղղությունների մասին չեն խոսելու»,- ընդգծեց Հայկ Սահակյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ, որը տևական ժամանակ աշխատել է Ընտրական օրենսգրքի մշակման վրա, շեշտեց` Հայաստանն ընդհանրապես պատրաստ չէ ընտրությունների: Պատրաստ չլինելու կարևոր հանգամանքներից մեկն օրենսդրական դաշտում առկա խնդիրներն են:

«ՀՀ-ն պատրաստ չէ ոչ միայն համապետական, այլև տեղական ընտրությունների: Նախ դեռ ռազմական դրություն է, իսկ գլխավոր շտաբից մեզ տեղեկացնում են, որ ռազմական դրության անհրաժեշտությունը կա, երկրում կարանտին է` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Կարևորն էլ այն է, որ օրենսդրությունը փոխված չէ, ու գործող օրենսդրությամբ ընտրություններ անելը խնդրահարույց է: Պետք է խելքի բերվի դատական համակարգը,  քաղաքական վիճակը պետք է կայունանա ու խելքի գա, քանի որ նոր ուժեր են ձևավորվում և այլն, իսկ ֆոսմաժորում ընտրություն չեն անում»,- նշեց Դանիել Իոաննիսյանը` հավելելով, որ սեպտեմբերին երկրում կարող են լինել ընտրություններ:

Քաղաքագետ Արեգ Քոչինյանն էլ կարևորեց իրավական համակարգի բարեփոխումներն ու օրենսդրական դաշտը:

«Կուսակցությունների մասին օրենքը, Ընտրական օրենգիրքը, Ոստիկանության մասին օրենքը պետք է փոխվեն, այս առևանգված արդարադատության ու դատական համակարգի հետ կապված էլ պետք է լուծումներ գտնել: Մինչև այս 4 էլեմենտները չիրացվեն, մենք լուրջ սպառնալիքի տակ կդնենք երկիրը, եթե հիմա գնանք ընտրությունների, որովհետև ընտրությունները կեղծելու, բռնություն անելու լուրջ հնարավորություններ կլինեն: Մենք տեսնում ենք, որ ինտերպոլի կողմից Հայաստանին հանձնված, փաստացի ռեցեդևիստ Գոնսալեսին(նկատի ունի Սերժ Սարգսյանի եղբոր տղա Նարեկ Սարգսյանին.-խմբ) այս դատարանները բաց են թողնում, ապա ինչը կխանգարի այս դատարաններին ընտրակեղծարարություն կամ ընտրատեղամասում բռնություն արած մարդուն հենց նույն օրն ազատ արձակել: Իմ հիմնական մտավախությունը սա է»,- շեշտեց Արեգ Քոչինյանը:

Նկատենք, որ երկրում կորոնավիրուսով պայանավորված նաև սահմանափակումներ կան, և դժվար է ասել, թե աշխարհում տարածվող նոր տիպի կորոնավիրուսը, եթե ներթափանցի ՀՀ, ինչ նոր սահմանափակումներ կլինեն: 

Անի Արամի

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին