-12 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Սեյրան Օհանյանը՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին
Այլ Լուրեր

Սեյրան Օհանյանը՝ Արգիշտի Քյարամյանի հայտարարությունների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ հարցազրույցի ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանն անդրադարձավ պատերազմի օրերին տեղի ունեցած որոշ իրադարձությունների, մասնավորապես՝ Շուշիի պաշտպանության գործողություններին։

Քյարամյանը նշեց, որ Շուշիի աշխարհազորը ղեկավարել է գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որ Օհանյանի առաջարկով ինքը դիմել է Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» զորախմբին՝ մարտական գործողություններին մասնակցելու համար, որ Շուշիից իրենք դուրս են եկել միասին ու նույն մեքենայով։

Այս պնդումների վերաբերյալ New Armenia.am-ը մեկնաբանություն խնդրեց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Ընդհանուր առմամբ՝ դեմ եմ լրատվամիջոցներում  պատերազմի վերաբերյալ, մանավանդ ռազմական գործողությունների մասին քննարկում ծավալելուն, բայց քանի որ այդ հաղորդման ժամանակ նշվել է իմ անունը, Արգիշտի Քյարամյանի ասածը կմեկնաբանեմ միայն ինձ վերաբերող հարցերով։ Արցախում լինելու ժամանակ ես աջակցել եմ Արցախի Հանրապետությանը՝ աշխարհազորի ձևավորման գործում, մանավանդ, օրենսդրական դաշտի նաև՝ իրավապայմանագրային ընթացակարգերի հստակեցման ուղղությամբ։ Օգնել եմ բոլոր շրջանների ղեկավարներին, որ տեղերում ձևավորեն աշխարհազորները և նաև համապատասխան համագործակցություն իրականացնեն բանակի հետ։ Ցավոք սրտի, աշխարհազորի ձևավորման ընթացքում Պաշտպանության բանակում չձևավորվեց աշխարհազորի շտաբ, և հասկանալի է, չէ՞, որ աշխարհազորը չէր կարող ընդհանուր մարտական գործողությունների համատեքստում և ՊԲ-ի ենթակայության տակ չիրականացնել տվյալ գործողությունները։

Շուշիում ևս աջակցել եմ աշխարհազորի հրամանատարին, դե «աշխարհազոր» բառի մեջ «աշխարհ» բառն է, բայց Շուշիի աշխարհազորը շուրջ հարյուր հոգուց էր բաղկացած, այդքան էլ մեծ ստորաբաժանում չէր։ Շուշիում եղել եմ կամավոր՝ տվյալ ուղղության հրամանատարին աջակցելու նպատակով։ Մեզ հետ շտաբում է եղել նաև Արգիշտի Քյարամյանը։ Նա, տվյալ ուղղության հրամանատարի խնդրանքով, որոշ դեպքերում նաև իմ խնդրանքով, միշտ պատրաստակամ է եղել, հանդերձավորվել է, վերցրել զենք, կապի միջոցներ և առաջին գծում իրականացրել է այն խնդիրները, որի մասին ինքն ասում էր։ Շուշիում վերջին պահին՝ նոյեմբերի 5-ի գիշերը, մենք եղել ենք իր հետ, մոտավորապես 16 անձ հրամանատարական կետում՝ մի քանի ուղղությամբ շրջապատված վիճակում։ Երբ Պաշտպանության բանակի հրամանատարությունը որոշում ընդունեց հրամանատարական կետը Շուշիից տեղափոխել, մենք բոլորս միասին Շուշիից դուրս ենք եկել՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան, 5։30 րոպեին, ընդ որում, ես և Արգիշտի Քյարամյանը, ճիշտ է ասում, դուրս ենք եկել մեկ մեքենայով։ Այնուհետև գտնվել ենք Ստեփանակերտում՝ տարբեր խնդիրներ ենք իրականացրել։ Նոյեմբերի 7-ին իմ մեքենայով մենք միասին եկել ենք Երևան՝ Արայիկ Հարությունյանի խնդրանքով, նոր զենք-զինամթերքի հետ կապված խնդիրներ կային՝ համագործակցելու հարցով։ Մնացած խնդիրները մանրուքներ են, որոնք վերաբերում են օպերացիաներին, ես խնդրում եմ՝ այդ հարցերն իրենց տաք»,- ասաց Սեյրան Օհանյանը։

Շուշիի աշխարհազորը ղեկավարելու և «Հայրենիք» զորախմբին դիմելու իր առաջարկության մասին հայտարարության մասով՝ գեներալ-գնդապետը նշեց հետևյալը․

«Ես օգնել եմ, որպեսզի աշխարհազորը կայանա, բայց տեղում աշխարհազորի հրամանատար է եղել Արցախի իշխանություններից։ Ես կազմակերպչական բնույթի հարցերով եմ զբաղվել, արագ ծրագրեր եմ մշակել, տվել իրենց, կառուցվածք եմ գծել, որ դրանով գործեն։ Ոչ միայն «Հայրենիքի» մասով եմ ասել, այլ տարբեր խմբավորումների։ Բանակի կողմից տվյալ ուղղությամբ նշանակված հրամանատարն՝ առաջին հերթին, և ես աջակցություն ենք ցուցաբերել, և այդպիսի մեկ դեպք չի եղել, որ համապատասխան աջակցություն չցուցաբերենք»,- եզրափակեց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Գլխավոր դատախազության պատասխանը Սեյրան Օհանյանին

Նատա Հարությունյան

Սեյրան Օհանյանը բաց նամակ է հղել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին

Նատա Հարությունյան

Սեյրան Օհանյանն Ամանո՞ր է նշում. լուսանկարներ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին