-10 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում
Քաղաքականություն

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության 2021 թվականի առաջին նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետը հաջողություն է մաղթել գործադիրի բոլոր անդամներին. «Հարգելի գործընկերներ, սկսում ենք 2021 թվականի հունվարի 14-ի կառավարության հերթական նիստի աշխատանքները: Սա այս տարվա մեր առաջին նիստն է, և ուզում եմ բոլորիս հաջողություն մաղթել այս դժվար ժամանակաշրջանում, որպեսզի մեր պարտականությունները կարողանանք պատշաճ մակարդակով կատարել և երկիրը դուրս բերել ճգնաժամային իրավիճակից: Սրա համար մեզ պետք է գործադրել առանձնահատուկ ջանքեր և առանձնահատուկ փոխհամագործակցություն և կառավարման նոր որակ բերել մեր երկրին, գործադիր մարմնին»:

Գործադիրը հավանություն է տվել  «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ  կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության արդյունավետությունը, ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը,  կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

Ինչպես նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այս փաթեթով ներդրվում է մինչդատական վարույթների նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացումը։  «Դատական իշխանության վիճակագրական տվյալները փաստում են, որ քրեական մասնագիտացման դատավորները քննում են նաև այնպիսի գործեր, որոնք վերաբերում են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությանը։ Մենք կարծում ենք, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացումն անհրաժեշտություն է նմանատիպ միջնորդությունների քննության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։ Եվ նաև մեր հակակոռուպցիոն ռազմավարությունից է բխում, որ պետք է ներդրվեր նաև մասնագիտացում կոռուպցիոն հանցագործությունների մասով»,- ասել է նախարարը։

Ըստ Ռուստամ Բադասյանի՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների՝ առանձնահատկություններ սահմանելով Երևան քաղաի և մարզերի դատարանների համար։ Նախատեսվում է դատավորների թվակազմի ավելացում՝ ինչպես առաջին ատյանի ընդհանուր իրավասության, այնպես էլ Վերաքննիչ քրեական դատարանում։ Մինչև 21 դատավորի հաստիք կավելանա առաջին ատյանի դատարանում, 3 դատավորի հաստիք՝ Վերաքննիչ քրեական դատարանում։ 

«Դատավորների թվի ավելացումը կբերի քրեական գործերի քննության ժամկետների կրճատմանը։ Երկրորդ, անընդհատ հասարակությանը հուզում է մանավանդ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակում կայացված դատական ակտերի օբյեկտիվությունը։ Կարծում ենք, որ նոր ընթացակարգով դատավորների ընտրությունը, այդ թվում՝ բարեվարքության ստուգումը և այս ոլորտում մասնագիտացման ներդրումը կնպաստի, որ նշված դատական ակտերն ավելի օբյեկտիվ կլինեն, և հասարակական ընկալման տեսանկյունից՝ վստահությունը դատական իշխանության նկատմամբ այս մասով կբարձրանա »,- ասել է նախարարը։

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով  դատական համակարգի բարեփոխումների շատ էական փուլ ենք մտնում: «Առաջիկայում մենք սպասում ենք պարեկային ոստիկանության ձևավորմանը, և այս փաթեթն էլ մեր բարեփոխումների շատ կարևոր մասն է։ Մենք կալանքի ու ձերբակալության հետ կապված հարցերի վերաբերյալ առանձնացնում ենք դատարանի որոշակի կազմ, որը կքննի միայն մինչդատական վարույթի վերաբերյալ գործերը: Ընդ որում, սա աշխարհում լայնորեն կիրառվող պրակտիկա է: Եվ, ըստ էության, դատավորների ընտրության ու նշանակման նոր պրոցեդուրա է անցնելու, որտեղ ամենակարևորը բարեվարքության ստուգումն է, որը շատ լայնորեն քննարկվում է»,- նշել է  վարչապետը: 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է երաշխավորված լինենք, որ նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպ կասկածի տակ չդրվեն։ «Այսինքն՝ կայացվեց որոշումը և բոլորն ի գիտություն ընդունեն, որ դատարանն այդպիսի որոշում կայացրեց, այլ ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ պատճառահետևանքային, այդ թվում՝ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ: Մեր խնդիրը, որ մենք պետք է լուծենք, սա է: 

Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է հետևողական լինենք, այդ թվում՝ նաև բարեվարքության ստուգման արդյունքների հետագա ազդեցություններն ապահովելու համար: Որովհետև եթե բարեվարքության ստուգման հետ կապված նեգատիվ տեղեկատվություն կա, պետք է երաշխիքներ ստեղծենք նաև ինչ-որ առումով, որ  հիմնավոր և ապացուցված այդ  նեգատիվ տեղեկատվությունը շատ կոնկերտ և ուղիղ ազդեցություն կունենա»,-ասել է վարչապետը

Պարզեցված ընթացակարգ՝ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու համար

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգում: Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որոշմամբ ներդրվում է պարզեցված ընթացակարգ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին և քաղաքացիական անձանց աջակցող միջոցներ տրամադրելու հաստատման կարգում: Ըստ նախարարի՝ գործող կարգավորումներով վիրավորում ստացած զինծառայողները, քաղաքացիական անձինք աջակցող սարքեր ստանալու համար պետք է ունենան հաշմանդամության խումբ, որից հետո ստանան:

«Գործող կարգավորումներով հաշմանդամության խումբ ստանալը որոշակի բժշկական գործընթացից հետո է տեղի ունենում՝ բուժումը ավարտելուց հետո երեք ամիս ժամկետով, սակայն որոշ դեպքերում հենց բուժման ընթացքում սայլակների և քայլակների անհրաժեշտություն կա»,- ասել է Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ  առաջարկվող ընթացակարգը հնարավորություն է տալիս կարիքների գնահատման միջոցով՝ առանց հաշմանդամության խմբի տրամադրման գործընթացն ավարտելու, անմիջապես արագ գործընթացով տրամադրել այդ օժանդակ սարքերը։ Նախարարի խոսքով՝ ներկայացված ընթացակարգի, գործընթացն իրականացվում է կա՛մ բուժհաստատություններում, կա՛մ բնակության վայրերում:

Կարևորելով ընդունված որոշոմը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսինքն՝ տվյալ դեպքում ոչ թե կարիք ունեցող քաղաքացին է գնում, գալիս կառավարություն կամ նախարարություն, նախարարությունն ինքն է գնում և տեղում կարիքները գնահատում»։

Գործադիրը փոփոխություններ է կատարել  «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ»  ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ Տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲ ընկերության «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ոչ հրապարակային մասնագիտացված պայմանագրային ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների իրականացման գործընթացում: Ըստ այդմ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, համաձայն որի՝ ֆոնդի կողմից ներդրումներ կարող են իրականացվել այն առևտրային կազմակերպություններում, որոնք՝

ա. ֆոնդի կողմից ներդրման իրականացման դեպքում միաժամանակ կստանան առնվազն նույն չափով ներդրում մասնավոր ներդրողից: Ընդ որում, նոր մեկնարկող ծրագրերի դեպքում մասնավոր ներդրումը պետք է իրականացվի դրամական միջոցներով: Ֆոնդի և մասնավոր ներդրողի ներդրումների արդյունքում կազմակերպության սեփական կապիտալը պետք է ավելանա այդ ներդրումների հանրագումարի չափով: Այն դեպքում, երբ ֆոնդի կողմից ներդրումն իրականացվում է արդեն մեկնարկած ներդրումային ծրագրում, այդ պայմանը համարվում է բավարարված, եթե ֆոնդի կողմից ներդրման իրականացման պահին կազմակերպության զուտ ակտիվների արժեքը գերազանցում է ֆոնդի ներդրման ընդհանուր արժեքը, և առնվազն ֆոնդի մասնակցության արժեքին համարժեք ակտիվները երրորդ անձանց պահանջներով ծանրաբեռնված չեն,

բ. ֆոնդի և մասնավոր ներդրողի կողմից ներդրման իրականացման դեպքում կազմակերպությունը միևնույն ժամանակ կստանա առնվազն այդ ներդրումների հանրագումարի չափով վարկային միջոցներ։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ այս պահանջները խիստ սահմանափակում են ներդրումային ֆոնդի պոտենցիալ շահառուների շրջանակը։ «Մենք առաջարկում ենք սրանք հանել, որպեսզի հնարավոր լինի ներդրումներ կատարել մասնավոր ընկերություններում»,- ասել է նախարարը:

Հարցի շուրջ ծավալվել է քննարկում, ներկայացվել են դիտողություններ և առաջարկություններ:  Մասնավորապես,  առաջարկվել է քննարկել պայմանների մեղմման, ներդրումների խրախուսման մեխանիզմերի ավելացման տարբերակը, այլ ոչ թե դրանք ամբողջությամբ հանելու:

Էկոնոմիկայի նախարարի դիտարկմամբ՝ Հայաստանում բիզնես անելու հիմնական խոչընդոտը ֆինանսական միջոցների անհասանելիությունն է և ոչ թե  բյուրոկրատիան, կոռուպցիան, ոչ էլ հարկերը։ «Հայաստանում բիզնեսմենը փող կարող է վերցնել միայն բանկից: Չկան այլ ենթակառուցվածքներ, որոնք շատ զարգացած են աշխարհում։ Դրանք են՝ մասնավոր ներդրումային ֆոնդերը, հրեշտակային և վենչուրային ֆոնդերը, կորպորատիվ արժեթղթերի շուկան, կապիտալի շուկաները։ Հայաստանում այդ բոլոր ենթակառուցվածքներն իսպառ բացակայում են, և այսօր բանկային համակարգն ունի մոնոպոլ դիրք բիզնեսը ֆինանսավորելու առումով»,- նշել է Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝  նման  որոշում  ընդունելով Հայաստանում բանկի այդ մոնոպոլ դիրքը չի թուլացվել, քանի որ ընկերությունը պետք է գնա բանկ և վարկավորում վերցնի նաև բանկից։ «Մեր նախարարության գերխնդիրն է ստեղծել այն բոլոր ենթակառուցվածքները՝ բանկային համակարգին զուգահեռ, որոնք փողն ավելի հասանելի կդարձնեն բիզնեսմեններին։ Եվ այս որոշման փոփոխությամբ մենք թույլ ենք տալիս, որ այն ընկերությունները, որոնք հիմնականում արդեն  սպառել են միջոցներ ձեռք բերելու  մյուս գործիքները, հնարավորություն ստանան իրենց կապիտալը համալրել նաև պետական օժանդակությամբ»,- ասել է Վահան Քերոբյանը։

Վարչապետի առաջարկությամբ հարցը դրվել է քվերարկության և արժանացել է կառավարության մեծամասնության հավանությանը (դեմ` 3): 

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս թեման կպահվի կառավարության ուշադրության կենտրոնում և գուցե անցկացվի ևս մեկ աշխատանքային քննարկում  մինչև ստորագրումը: 

Այլ որոշումներ

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ապահովագրությամբ դիմակայման ներդրումային հիմնադրամի և ԲլուՕրչարդ Ֆայնենս ՍՊԸ-ի միջև «Աջակցություն գյուղատնտեսության ապահովագրական համակարգին» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 700 հազար եվրո որպես անհատույց աջակցություն, որի նպատակն է նպաստել Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրական համակարգի զարգացմանը:

Հավանության է արժանացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը (մինչև 2040 թվականը) և դրա իրագործումն ապահովող ծրագիր-ժամանակացույցը: Փաստաթղթի հիմնական նպատակն է էներգետիկայի ոլորտի ռազմավարական պլանավորումը: Էներգետիկայի ոլորտի ռազմավարությունը, ինչպես նաև մի շարք այլ իրավական ակտեր կորցրել են արդիականությունը և անհրաժեշտություն է առաջացել վերանայել ու համապատասխանացնել ժամանակի պահանջներին, ինչպես նաև մշակել ռազմավարական նոր ծրագիր և դրա իրականացումն ապահովող ծրագիր-ժամանակացույց: Ըստ այդմ, կսահմանվեն մինչև 2040թ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման հիմնական ուղղությունները և դրա իրագործումն ապահովող միջոցառումները: 

 Գործադիրը հավանություն է տվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, համաձայնագրի և դրա իրականացման կարգի մասին կիրարկման արձանագրության կնքումը հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել կողմերի տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ երրորդ երկրների  քաղաքացիների  և  քաղաքացիություն չունեցող անձանց  հայտնաբերման և վերադարձի կազմակերպման հարցերում:

Նմանատիպ Հոդվածներ

Պետք է կառավարման ձևի փոփոխություն, ոչ թե անձերի․ քաղաքագետները՝ կադրային փոփոխությունների մասին

Անի Գրիգորյան

Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Նատա Հարությունյան

Փաշինյանի կարծիքով՝ ընդդիմադիրների գործողությունները վտանգում են գերիների վերադարձը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին