-14 C
Yerevan
26 Հունվարի, 2021
128083.2 By Google Analytics 25.01.2021
Գլխավոր » Հայաստանը պետք է հրապարակի Արցախի հարցով 2019-ի առաջարկը. ակնհայտ է, որ ռուսական կողմը ճիշտ չի ասում․ քաղաքագետ
Կարևոր

Հայաստանը պետք է հրապարակի Արցախի հարցով 2019-ի առաջարկը. ակնհայտ է, որ ռուսական կողմը ճիշտ չի ասում․ քաղաքագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Տեսանելի է, որ ամեն գնով փորձում են տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը թողնել Հայաստանի վրա, որ իբրև  Հայաստանն է այս ամենի պատասխանատուն՝ շրջանցելով հարցը, որ, ըստ էության, հենց իրենք են ուզել այսպիսի լուծում ստանալ դեռ 2008 թ-ից»,- անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությանը՝ NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:  

Ըստ նրա՝ 2008-ից այդ պլանը կա, և ռուս փորձագետները դեռ այդ ժամանակ այն չեն թաքցրել: «Տեսնում են, որ հայ հասարակությունը դժգոհ է այս ամենից, այս իրավիճակի միակ մեղավոր են ուզում կարգել Հայաստանի իշխանությանը, թե՝ այ, որ Հայաստանն  ընդունած լիներ այդ պլանը, ավելի լավ կլիներ»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածին, նշել է, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջանները, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: «Ռուսական առաջարկությունների անվան տակ, հավանաբար, նկատի է առնվում փուլային կարգավորման պլանը, որի վերջին խմբագրումը կողմերին տրամադրվել է 2019թ. հունիսին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Այդ պլանի հիմքում, որը մեծամասամբ համընկնում է Կազանյան փաստաթղթի հետ, ընկած են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բազային սկզբունքները, որոնց թվում` Ադրբեջանին 5 շրջանների վերադարձն է` առաջին փուլով, իսկ երկրորդ փուլով` 2, ընդորում, հատուկ շեշտեմ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման հետ փոխկապակցված: Առաջին փուլում Երևանի հետաքրքրություններն արտացոլող այլ տարրերից է ԵԱՀԿ նիստերին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցության ապահովումը, ապաշրջափակումը, սահմանների բացումը, կողմերի` ուժ չկիրառելու պարտավորությունների ընդունումը: Այդ պատճառով` պնդել, որ Ռուսաստանն առաջարկել է վերադարձնել 7 շրջանները` «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանդարտվել, իրականությանը չի համապատասխանում»,- մասնավորապես նշել է Պոպովը:

Ստյոպա Սաֆարյանը պնդում է, որ ռուսական պլանը երբեք չի ունեցել կարգավիճակի լուծում: «Պարզ, հստակ ասել են: Ընդ որում, հիմնավորել են, թե ինչու չպետք է Արցախը կարգավիճակ ունենա, քանի որ հայերն ու ադրբեջանցիները չեն կարող համաձայնել կարգավիճակի շուրջ, ուրեմն պետք չի կարգավիճակ: 2008-ից մերձկրեմլյան փորձագիտական շրջանակներն են ասել, որ ռուս խաղաղապահները պետք է լինեն, կարգավիճակի հարցը պետք է տեղափոխվի: Ոմանք անգամ չեն թաքցրել, որ պետք է այնպիսի լուծում լինի, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավասարապես լինեն ռուսական կախվածության ներքո: Հիմա դրել են այդ կախվածության ներքո, ինչո՞ւ են ուզում դա գցել Հայաստանի վրա»,-հարց ուղղեց քաղաքագետը:

Սաֆարյանը մատնանշեց, որ տեսնելով, թե Փաշինյանն իր տեսակետներն է շարադրել, ռուսական կողմը հիմա էլ ասում է, թե 2019-ին ձեզ առաջարկ ենք ներկայացրել, որտեղ կարգավիճակի լուծում կար: «Հայաստանին ներկայացված ոչ մի փաստաթղթում կարգավիճակի հարց չի եղել»,-հավաստեց Սաֆարյանը՝ շարունակելով. «Ենթադրենք Հայաստանի վարչապետը սխալ է ասում, այդ դեպքում Արևմտյան համանախագահները ինչո՞ւ էին անընդհատ ռուսներին ի պատասխան ասում՝ ոչ, Արցախի կարգավիճակի շուրջ պետք է համաձայնություն լինի: Ինչո՞ւ էին այդ հարցի շուրջ Ռուսաստանն ու Արևմուտքը վիճում: Միթե Սերգեյ Պապովը տեղյակ չէ՞, իհարկե տեղյակ է: Արևմուտքը Ռուսաստանին ասել է, որ ռուսական պլանը անընդունելի է, քանի որ այն կոնֆլիկտը չի լուծում, որ կոնֆլիկտի պատճառը կարգավիճակի հարցը չի լուծում: 2011-ից այս կողմ, քաղաքագետի խոսքով, կոնֆլիկտ կա նաև Մինսկի խմբի ներսում այդ հարցի շուրջ»:     

Մեր հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը չի հրապարակում  2019-ի ՌԴ առաջարկը, Սաֆարյանն ասաց. «Այո, թող Հայաստանը հրապարակի այն, ինչ իրեն ներկայացվել է 2019-ին, որովհետև ակնհայտ է, որ ռուսական կողմը ճիշտ չի ասում: Պուտինն էլ ասեց՝ Շուշիի տարբերակ չի եղել ոչ մի տարբերակում, մինչդեռ Շուշիի տարբերակ Քի Վեստում եղել է: Ցանկություն կա թուլացած Հայաստանի ղեկավարի վրա թողնելու ինչ-որ պատասխանատվություն»:

Մեր դիտարկմանը, թե ակնհայտ չէ՞, որ եթե մենք համաձայնեինք Լավրովյան պլանին, պատերազմ չէր լինի, Հանրային խորհրդի նախագահը պատասխանեց. «Լավրովյան պլանին չի համաձայնել Ադրբեջանը: 2011-ի Կազանյան փաստաթուղթը հենց Լավրովյան պլանի մոդիֆիկացիան է, հենց ռուսական միջնորդությամբ ծնված փաստաթուղթն է, որին չի համաձայնել Ադրբեջանը: Լավրովյան պլանի չիրականացման պատճառներից մեկը նաև Արևմուտքն է եղել, իրենք են ասել, որ ռուս խաղաղապահներ չպիտի լինեն: Իսկ Լավրովյան պլանում հենց ռուս խաղաղապահների տեղակայման հարցն է եղել: ԱՄՆ համանախագահ Ուորլիքը դեռ 2016-ին ռուսներին զգուշացնում էր՝ ասելով, որ ո՛չ իրենք, ո՛չ ռուսները իրավունք չունեն Արցախում խաղաղապահ տեղակայել»:

Քաղաքագետի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահները հիմա էլ են դժգոհ և ՌԴ-ից բացատրություն են պահանջում, քանի որ իրենք ՌԴ-ին ասել են՝ միայն հրադադար հաստատել, ոչ թե կոնֆլիկտի կարգավորման տարրեր շոշափել: «Դա Մինսկի խմբի ֆորմատում պետք է լինի: Հիմա Արևմուտքը ՌԴ-ից բացատրություններ է պահանջում, թե հրադադարի հետ ի՞նչ կապ ունի ճանապարհների ապաշրջափակումը: Կոնֆլիկտը եղել է Մինսկի խմբի ներսում, և դրա հետ Հայաստանը կապ չի ունեցել»:

Կոնֆլիկտաբան, վարչապետի Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը, անդրադառնալով նույն խնդրին, ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները, թերևս, ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը, որոնք պետք է գտնվեն գործող քաղաքական մեծամասնության տնօրինության ներքո: Այսպիսով, նախ` հստակություններ կմտցվեն ներհայաստանյան հանրային-քաղաքական դաշտում, և ապա կկանխվեն ապագայի ներքին ու արտաքին հնարավոր նոր շահարկումները: Մեր երկրի ու ժողովրդի համար այս լրջագույն մարտահրավերների շրջանում գործող պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ կամ` ամբողջական ծավալով լույս են սփռում անցյալի անգամ ամենածանր իրողությունների վերաբերյալ, կամ` դադարեցնում են մասնակի ներկայացնել պաշտոնական փաստաթղթերը, որոնք խորացնում են ճգնաժամն ու ավելացնում վտանգները»:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում ավարտվեց Խորհրդային Միությունը

Անի Գրիգորյան

2021 թ․-ի համար միակ ցանկությունն է` խաղաղություն ու համերաշխություն երկրի ներսում․ հարցախույզ

Սերինե

Զինված հեղաշրջումն ամենավերջին հարվածը կհասցնի Հայաստանին․ իրավապաշտպան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին