
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնը 2020 թվականին ունեցել է նկատելի ձեռքբերումներ՝ աշխատանքային տարին եզրափակելով օգուտներով։ Ինչպես տեղեկացրեց «Մարտունու ԲԿ» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2021 թվականի ընթացքում կատարվել է հեմոդիալիզի բաժանմունքի ծավալում 5 մահճակալով , բժշկական եւ տնտեսական նշանակության գույքի համալրում , պահանջվող չափորոշիչներին համապատասխան շահագործում, սպասարկող անձնակազմի վերապատրաստում, ստեղծվել է 10 նոր աշխատատեղ։
ԲԿ օգուտների, ՀՀ առողջապահության նախարարության կամ առանձին բարերարների կողմից կատարված ներդրումների հաշվին իրականացվել են հիմնանորոգման եւ վերազինման աշխատանքներ։ Նորոգվել են հեմոդիալիզի , մանկական պոլիկլինիկայի , վերակենդանացման բաժանմունքի միջանցքները՝ սանհանգույցների հետ միասին։ Ամբողջովին վերանորոգվել եւ գույքավորվել է վերակենդանացման բաժանմունքը, հիվանդասենյակներում մոնտաժվել է թթվածնային համակարգ՝ կենտրոնացված կարգով։ Իրականացվել է նույն բաժանմունքի եւ ընդունարանի լոկալ ջերմամատակարարման համակարգի մոնտաժում , տաք եւ սառը ջրի ապահովում շուրջօրյա ռեժիմով ։ Մանկական բաժանմունքում վերանորոգվել է չորս սենյակ, բաժանմունքի առանձին դռներ փոխարինվել են մետաղապլաստե դռներով , բաժանմունքն ապահովվել է տաք եւ սառը ջրի շուրջօրյա մատակարարմամբ։ Վիրաբուժական բաժանմունքի հիվանդասենյակները , աշխատասենյակները , միջանցքները հիմնանորոգվել եւ այն համապատասխանեցվել են պահանջվող չափանիշներին։
Կատարվել է բաժանմունքի լոկալ ջերմամատակարարման համակարգի մոնտաժում , շուրջօրյա ռեժիմով տաք եւ սառը ջրի ապահովում , պահանջվող հիվանդասենյակներում եւ առանձին սենյակներում թթվածնային մատակարարման համակարգի մոնտաժում, կառուցվել են առանձին սանհանգույցներ եւ հիվանդների համար լոգարան։ Բարելավվել է ֆլյուրոգրաֆիկ ծառայության կաբինետը, որտեղ իրականացվել է վերանորոգում եւ սարքավորման վերամոնտաժում։ Էխոկարդիոգրաֆիայի կաբինետը եւս շահագործվում է արդի չափորոշիչներին համապատասխան։ Կլինիկո — ախտորոշիչ լաբորատորիայում թվով չորս սենյակներ են վերանորոգվել, կլինիկական եւ կենսաքիմիական ծառայություններում ձեռք են բերվել ժամանակակից եւ արդիական անալիզատորներ, տնտեսական նշանակության գույք։ Իրականացվել է ադմինիստրատիվ բաժանմունքում աշխատասենյակների պատուհանների եւ դռների փոխարինում , երկու աշխատասենյակների ամբողջական վերանորոգում եւ գույքավորում , գլխավոր մասնաշենքի երկու գլխավոր մուտքերի դռների մոնտաժում, թերապևտիկ բաժանմունքի ամբողջական ընթացիկ նորոգում, դռների եւ պատուհանների փոխարինում , լոկալ ջերմամատակարարման համակարգի մոնտաժում , հիվանդասենյակներում թթվածնային համակարգի մոնտաժում , շուրջօրյա ռեժիմով տաք եւ սառը ջրի ջրամատակարարում։ Covid-19 բաժանմունքում ամբողջական վերանորոգման է ենթարկվել երկու վերելակ, տեղադրվել 10 միավոր ջրատաքացուցիչ , շուրջօրյա ռեժիմով ապահովվել է տաք եւ սառը ջրի ջրամատակարարումը , կենտրոնացված համակարգով թթվածնի մշտական մատակարարումը, բաժանմունքը կահավորվել է բժշկական եւ տնտեսական նշանակության անհրաժեշտ գույքով։ Ամբողջական լաբորատոր ստուգման եւ կապիտալ վերանորոգման է ենթարկվել գրեթե 20 տարի չգործող 10/400 կվ հզորությամբ տրանսֆորմատորը ՝ ապահովելով էլեկտրասնուցման վթարային ռեզերվը։ Զուգահեռաբար ընթացիկ նորոգման են ենթարկվել գլխամասային մասնաշենքի բաժանմունքները սնուցող էլեկտրավահանակները եւ մալուխային ցանցի առանձին հատվածները։ ԲԿ-ում օպերատիվ տվյալները վերլուծելու նպատակով տեղադրվել է տեսադիտողական համակարգչային համակարգ։
Ինֆեկցիոն անվտանգությունը ապահովելու նպատակով գլխավոր մուտքում տեղադրվել է մանրէազերծիչ թունել։ Բացի տեխնիկական հագեցվածության եւ հիվանդանոցային պայմանների բարելավման ուղղությունները, թվերը խոսուն են նաեւ բուժսպասարկման որակի բարձրացման, ձեռնարկության եկամուտների ավելացման առումներով։
«2020 թվականին, ռազմական դրությամբ պայմանավորված, մեզ մոտ բուժվել եւ շարք է վերադարձել 496 զինծառայող , Covid-19 բաժանմունքում բուժվել է 435 հիվանդ։ Հիվանդանոցում հոսպիտալացվել է 3611 հիվանդ , որը գրեթե 400 –ով գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը։ Ֆինանսական առանձին ցուցանիշների վերլուծականը ցույց է տալիս, որ պետպատվերի գծով մատուցված ծառայությունները 2019 թվականին 2018 թվականի համեմատ ավելացել են 30 տոկոսով, իսկ 2020 թվականի ցուցանիշները 2019 թվականի ցուցանիշների համեմատ՝ 43 տոկոսով։ Վճարովի մատուցվող ծառայությունների գծով 2019 թվականի ցուցանիշները 2018 թվականի համեմատ ավելացել են 60 տոկոսով, իսկ 2020 թվականի ցուցանիշները 2019 թվականի համեմատ կազմել են 30 տոկոս աճ։ 2018-2020 թվականներին բացվել է 44 նոր աշխատատեղ, որի մեջ ներառված չեն Covid-19 բաժանմունքում աշխատող 72 աշխատատեղերը։ Եկամուտների հետ մեկտեղ աճել են նաեւ պետբյուջե մուծվող հարկերը։ Այսպես, եթե 2018 թվականին բոլոր հարկերի գծով մեր ձեռնարկությունը պետական գանձարան է փոխանցել 109.6 միլիոն դրամ , ապա 2019 թվականին այն հասել է 152,9, 2020 թվականին՝ 191 միլիոն դրամի։ 2020 թվականի ֆինանսական տարվա ավարտին վճարովի մատուցված ծառայությունների գծով առաջացած հաշվարկային տնտեսված գումարներից Հայաստան Համահայկական Հիմնադրամի §Ամեն ինչ Արցախի համար¦ ծրագրին փոխանցվել է 1 միլիոն դրամ։
Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարության մեկնարկը տրվել է 2020 թվականի օգոստոսից։ Անցած ամիսների ընթացքում արդեն ավարտվել է հիմքի կառուցումը, այժմ ընթանում են շինմոնտաժային աշխատանքներ։ Բժշկական կենտրոնի նոր շենքի շահագործման արդյունքում, որը նախատեսված է 2022 թվականին, մենք կունենանք արդի չափորոշիչներին համապատասխան առողջապահական հաստատություն եւ աշխատանքային շատ ավելի բարվոք պայմաններ։ Իսկ մինչ այդ հիվանդանոցային պայմանների հետագա բարելավման քայլեր կիրականացնենք գործող մասնաշենքերի տարբեր բաժանմունքներում։ Այս ձեռքբերումներն, անշուշտ, արձանագրվել են ՀՀ առողջապահության նախարարության եւ Գեղարքունիքի մարզպետարանի ղեկավարման եւ համագործակցության արդյունքում»,-ներկայացրեց Անդրանիկ Հարությունյանը: