-10 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127648 By Google Analytics 21.01.2021
Գլխավոր » Զանգեզուրյան ինքնավարությո՞ւն, թե՞ միասնական Հայաստան
Գլխավոր Նորություններ

Զանգեզուրյան ինքնավարությո՞ւն, թե՞ միասնական Հայաստան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ձևափոխեց և գլխիվայր շուռ տվեց բոլոր այն համակարգերն ու խաղի կանոնները, որոնց հիմքի վրա ձևավորվել ու կայացել էր Հայաստանի Հանրապետությունը։ Կերպափոխումն այս մեծ տարածություն ընդգրկող և երկարաժամկետ գործընթաց է, և որևէ մեկը հստակ չի կարող կանխատեսել, թե տարիներ հետո ինչ տեսքով, կարգավիճակով և կառուցվածքով է հանդես գալու Երրորդ Հանրապետությունը։ Ճանապարհների ապաշրջափակումն ու սահմանների բացումը հեղափոխելու են տնտեսական միջավայրը, Ղարաբաղյան կոնֆլիկտի ավարտը բոլորովին այլ ռելսերի վրա է դնելու անվտանգության համակարգն ու առհասարակ քաղաքական միտքը։

Իհարկե բոլոր այս տեղաշարժերը չեն կարող անհետևանք ու սահուն լինել։ Անշուշտ դրանք ի հայտ են բերելու նոր մարտահրավերներ ու ճգնաժամեր, որոնց մեջ առաջնային տեղ է զբաղեցնում պետության կառուցվածքի հիմնախնդիրը։ Առաջին հայացքից վերոհիշյալ միտքը տարօրինակ է և նույնիսկ զավեշտալի, ի՞նչ խնդիր կարող է առաջնալ կառուցվածքի հետ կապված, եթե Հայաստանն ունիտար և մոնոլիտ պետություն է։ Վստահաբար այդպես է, և գոնե մինչև վերջերս այս ճշմարտությունները ենթակա չէին վիճարկման։ Իսկ հիմա լուրջ հիմքեր կան կարծելու, թե պետության ունիտարությունը լրջագույն վտանգի տակ է։ Սա քողարկված և մինչև վերջ չընկալված հիմնախնդիր է, որը ապագայում կարող է պայթեցնել Հայաստանի ներքին կառուցվածքն ու կայունությունն ընդհանրապես։

Ենթադրում եմ, որ ընթերցողներն արդեն իսկ գուշակել են, որ խոսքը Սյունիքի մասին է։ Ո՛չ, մենք չենք տարվել դավադրությունների տեսություններով և չենք պնդում, թե մարզը անջատվելու է հանրապետությունից կամ էլ օկուպացվելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։ Առաջարկում եմ ֆեյսբուքյան այս աղմուկը մի կողմ շպրտենք և խնդիրը դիտարկենք ըստ էության։ Պատերազմից հետո Հայաստանի ունիտար կառուցվածքը կասկածի տակ է հայտնվել և նպաստավոր պայմաններ են ստեղծվել հարավում զանգեզուրյան ինքնավարություն ձևավորելու համար։ Խոսքը ոչ պաշտոնական ֆեդերացիայի մասին է, ինչի համատեքստում Սյունիքը հանրապետության կազմում ձեռք է բերում առանձնահատուկ կարգավիճակ՝ ամբողջությամբ վերափոխելով կենտրոնի՝ Երևանի հետ փոխհարաբերությունները։

Հստակ արձանագրենք, որ պատերազմից հետո կենտրոնական իշխանությունների վերահսկողությունը թուլացել է հարավում, բանը հասել է նրան, որ նույնիսկ ՀՀ վարչապետը չի կարողանում այցելել մարզի տարբեր քաղաքներ։ Սյունիքի այս առնաձնահատուկ կարգավիճակը պայմանավորված է սոցիալ-տնտեսական պատճառներով։ Այն Հայաստանի ամենահարուստ մարզն է, որի տնտեսական և առաջին հերթին արդյունաբերական հզորությունը թույլ է տալիս դրան հանդես գալ Հայաստանի մնացյալ  մարզերից էապես տարբերվող դիրքերից։ Մասնավորապես՝ հանքաարդյունաբերությունը պատճառ է դարձել օլիգարխիկ կլանների ձևավորման համար, որոնք սոցիալական գերության մեջ են պահում մարզի բնակիչներին և կարողանում են շանտաժի լեզվով խոսել կենտրոնի հետ։

Ենթադրվում է, որ խնդիրը նոր չէ։ Այն միշտ էլ եղել է, և Հայաստանի ղեկավարներից յուրաքանչյուրը տարբեր կերպ է դիմագրավել այդ խնդրին։ Ռոբերտ Քոչարյանը հարցը դիտարկել է զուտ տնտեսական տիրույթում և դրան լուծում տալու փոխարեն փորձել է սերտաճել կլանների հետ՝ դառնալով նրանց գործընկերն ու փայատերը։ Սերժ Սարգսյանը իրավիճակը վերահսկել է կրիմինալի միջոցով, այսինքն՝ Սյունիքում փոքրիկ դիկտատոր է նշանակել, որը զենքի սպառնալիքով կայունություն է հաստատել։ Հարցը ուժային տիրույթում է դիտարկել նաև Նիկոլ Փաշինյանը, որը 2018 թ․-ին մարզ ուղարկեց ամենափորձառու ոստիկաններից մեկին՝ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին։ Առանձին ուշադրության է արժանի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մոտեցումը, որը 2016 թ․-ի հոկտեմբերին մարզպետ նշանակեց հանքակլանի ամենաառանցքային դեմքերից մեկին՝ Վահե Հակոբյանին։ Այսինքն, իշխանությունը հանձնեց օլիգարխիային։ Բայց հիմա իրավիճակը գլխի վայր շուռ է եկել, Ղարաբաղի անկումը կրկնապատկել է զանգեզուրյան ոչ պաշտոնական ինքնավարության հրատապությունը՝ պայմանավորված ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով։ Ի դեպ հետխորհրդային տարածքում սա բավականին տարածված երևույթ է, և ամենացցուն օրինակը թերևս Ուկրաինան է, որի ունիտար կառուցվածքը պարզապես կազմաքանդվեց։ Իհարկե Հայաստանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակները արմատապես տարբերվում են։ Մի շարք փորձագետներ նշում են, որ վերջինս միայն անունով էր ունիտար, իսկ էությամբ՝ դաշնային։

Չխորանալով մանրամասների մեջ միայն նշենք, որ Ուկրաինայի կառուցվածքի և միասնականության հետ առնչվող խնդիրները պայմանավորված են տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային, քաղաքակրթական գործոններով։ Իրականում գործ ունենք իրարից անկախ գոյություն ունեցող տարասեռ ուկրաինաների հետ։ Լվովը տարբերվում է Օդեսայից, վերջինս Կիևից, իսկ Կիևն էլ հաստ պատնեշով տարանջատված է Դոնեցկից։ Հայաստանի պարագայում խնդիրը շատ ավելի պարզ է, զուտ՝ սոցիալ-տնտեսական։ Բայց ամենևին էլ պետք չի ենթադրել, թե պարզությունը ձերբազատում է մեզ այն լրջագույն մարտահրավերից, որը ամեն պահ կարող է կազմաքանդել երկրի միասնությունը։ Կասկածից դուրս է, որ Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղադրելու օրակարգը թելադրված էր զանգեզուրյան հանքակլանի կողմից, որոնք փորձում են Մոսկվայի միջամտությամբ երաշխավորել իրենց կապիտալի անվտանգությունն ու մարզի ինքնավարությունը։

Ի դեպ պետք չի կարծել, թե Հայաստանը զերծ է ֆեդերացիայի փորձառությունից։ Կարելի է պնդել, որ մինչև 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ը Երևանն ու Ստեփանակերտը ապրել ու կառավարվել են դաշնային տրամաբանությամբ։ Նույնը, իհարկե քաղաքական այլ բովանդակությամբ, հնարավոր է խաղարկել նաև Զանգեզուրի պարագայում։ Ղարաբաղում Երևանը գործ ուներ ռազմաքաղաքական կլանի հետ, իսկ Սյունիքում՝ օլիգարխիայի։ Բայց Ղարաբաղի հետ ֆեդերացիան պատմականորեն թելադրված բնական պարտադրանք էր, իսկ զանգեզուրյան ինքնավարությունը խիստ արհեստական բնույթ է կրում։ Ավելորդ չի նկատել նաև, որ ինչպես Արցախը, այնպես էլ Զանգեզուրը պատմականորեն հարյուրամյակներ շարունակ կտրված են եղել կենտրոնից՝ Արարատյան դաշտից, ինչը լրջագույն փորձառություն է առանձին և ինքն իր համար գոյություն ունենալու տեսանկյունից։ Արցախի մելիքությունները, Ղարաբաղի խանությունը, Դավիթ Բեկի իշխաապետությունն ու Գարեգին Նժդեհի Լեռնահայաստանը ասվածի լավագույն վկայությունն են։ Ցանկն այս դեռ կարելի է երկար շարունակել, եթե տեղափոխվենք միջնադար՝ Սյունիքի թագավորություն կամ էլ Օրբելյան և Հասան-Ջալալյան իշխանների ժամանակաշրջան։ Ինչևիցե, Երևանի կենտրոնական իշխանությունները պարտավոր են հարցին որևէ լուծում տալ և պատերազմ հայտարարել հանքակլանին։ Հակառակ պարագայում կարևոր այդ  ռեգիոնը ծառայեցվելու է որպես պլացդարմ արտաքին միջամտության համար, ինչպես նաև տնտեսական շանտաժով և ապտամբելու սպառնալիքով խոչընդոտելու է ներհայաստանյան կյանքի կազմակերպումը։

Ալեքսանդր Սարգսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին