
Հայաստանի նախկին վարչապետ, 16 կուսակցությունների շարժմանը միացած Հրանտ Բագրատյանը դեռ վաղ է համարում խոսել, թե արդյոք առանձի՞ն կմասնակցի արտահերթ ընտրություններին, թե՞ 16 կուսակցությունների դաշինքով:
«Յուրաքանչյուր կուսակցություն ընտրություններին մասնակցություն ունենալու համար է ստեղծվում, սակայն նման հարցերին շուտ է պատասխանելը»,-մեզ հետ զրույցում ասաց Բագրատյանը: Վերջինս նաև հրաժարվեց գնահատական տալ ներկայում ընդդիմության քայլերին. «Ոչ մի գնահատական չեմ ուզում տալ ոչ մյուսներին, ոչ՝ ինձ»:
Մամուլում այսօր գրվել է, որ «Ազատությունը» քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում գաղափարակից կուսակցությունների հետ՝ առաջիկայում կայանալիք ընտրություններին ալյանսով մասնակցելու համար:
Հրանտ Բագրատյանից հետաքրրքվեցինք նաև, թե ինչ ֆինանսներով է իր կուսակցությունը գրասենյակներ բացում մարզերում, քանի որ մամուլում նաև գրվել է, որ արդեն գրասենյակներ են վարձել Երևանում, Վանաձորում և Գյումրիում, պատրաստվում են եւս 4-5 մարզում գրասենյակներ բացել։
«Դրանք կուսակցության անդամների, նախագահի անձնական միջոցներն են, նաև՝ անդամավճարը»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով. «Ոչ մի առանձնահատուկ բան չկա, նախկինում 10 գրասենյակ ենք ունեցել, հետո փակել ենք: Հիմա կուսակցության անդամների մոտ ակտիվություն է, կուսակցությունը դարձել է պահանջված»:
Մարինե Խառատյան