
«ԱԱԾ-ն մշտապես հորդորել և հորդորում է զերծ մնալ ազգաբնակչության շրջանում խուճապ և անհանգստություն տարածող հրապարակումներից՝ այդ ուղղությամբ իր իրավասությունների շրջանակում ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ»,- այսօր նախկին իշխանությունների կողմնակից, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի տարածած տեղեկության առթիվ NewArmenia.am-ին փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ զգուշացնելով. «Իսկ երբ ապատեղեկատվությունը անմիջական սպառնալիք կներկայացնի ազգային անվտանգությանը, կձեռնարկվեն օրենքով նախատեսված միջոցառումներ»:
Նշենք, որ Սամսոնյանի տեղեկությունը տարածվել էր սոցցանցերում և մամուլում, թե իբր ժամեր առաջ «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցի Կոմիտասի մասնաճյուղում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել: Կից տարածելով լուսանկար` Սամսոնյանը գրել էր. «Վաղը ձեր տներն են նույն մարդկանց ուղեկցությամբ մտնելու»:
Պաշտպանությաննախարարությունը, անդրադառնալով լուրին, արդեն հերքել է այն. «Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»։
Մարինե Խառատյան