Հունվարի 15-ի այսօրվա նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական և մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։ Ըստ այդմ՝ «Հ2» և «Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին՝ համապատասխանաբար 626 և 545, որոնք կարող էին բավարարել մայրաքաղաքային սփմռան սլոթի համար, դուրս մնացին, քանի որ դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին։
NewArmenia.am-ին չհաջողվեց կապ հաստատել «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարության հետ, իսկ «Հ2» հեռուստաընկերության «Լրաբեր» ծրագրի տնօրեն Շավարշ Գևորգյանն ասաց, որ իրենց առաջիկա քայլերի մասին հստակ կարող է ասել հանձնաժողովի որոշումը ստանալուց հետո միայն․ «Քանի դեռ չենք ստացել հանձնաժողովի օրինական ուժի մեջ մտած որոշումը, որը եռօրյա ժամկետում օրենքի պահանջով պետք է տրամադրեն ընկերություններին, մեր հետագա ռազմավարության մասին ձեռնպահ ենք մնալու առաջիկա օրերին խոսել, իսկ հենց ստանանք, որոշենք՝ ինչ ենք անելու, հանդես կգանք պարզաբանումներով։ Այն, որ վիճարկելու ենք և համաձայն չենք որոշման հետ, դա փաստ է»,- ասաց Գևորգյանը` պարզաբանելով, որ դիմել են միայն հանրապետական սփռման սլոթերի համար, որովհետև մշտապես հեռարձակվել են հանրապետականով և բարոյական չեն համարել փոքրացնել մայրաքաղաքային սփռում ունեցող իրենց գործընկերների լիցենզիա ստանալու շանսերը։ Հարցին՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ մայրաքաղաքային սփռման թափուր մնացած մեկ տեղի համար հայտարարվող մրցույթին չեք դիմելու, Գևորգյանն ասաց, որ եթեներով չի ուզում պատասխանել, որոշումն ստանալուց հետո հստակ կասեն։
Հավելենք, որ մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ թափուր տեղ մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280 միավոր։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից փոխանցեցին, որ թափուր մնացած տեղի համար կհայտարարվի մրցույթ՝ օրենքի սահմանված կարգով․ «Մեկ ամսվա ընթացքում կհայտարարվի նոր մրցույթ, և նույն ընթացակարգով կընտրվի միայն մեկը» ։
Քրիստինե Աղաբեկյան
