6 C
Yerevan
28 Փետրվարի, 2021
134803.2 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » Գերիներին վերադարձնելուն կարող է օգնել… Թուրքիան
Գլխավոր Նորություններ

Գերիներին վերադարձնելուն կարող է օգնել… Թուրքիան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ես չեմ հասկանում, թե ինչու Փաշինյանը չի փորձում գերիներին և անհետ կորածներին վերադարձնելու հարցով ուղիղ շփումներ սկսել Թուրքիայի հետ: Եթե Նիկոլն այն մարդը չէ, որի հետ թուրքերը կխոսեն, թող անմիջապես հրաժարական տա ու նշանակվի մեկը, որի հետ կխոսեն: Եթե ամեն ինչ այդքան հեշտ չէ, և գերիներին վերադարձնելու հարցով մենք դեռ երկար պիտի սպասենք, ուրեմն օր առաջ պետք է արվի ոչ սովորական քայլ. եթե, իհարկե, մեզ համար իսկապես կարևոր է մեր գերիների կյանքը: Ոչ ոք չգիտի, թե ինչպես են մեր տղաներին վերաբերվում Բաքվում, ինչերի միջով են ստիպում անցնել: Դա պետք է խանգարեր այստեղ բյուջեի հաշվին ապրող պետական ցանկացած պաշտոնյայի քունը: Մենք տեղյա՞կ ենք նրանց անքնության պատմություններից:

Ադրբեջանը հաղթել է, կապիտուլացրել մեզ ու հանգիստ կարող է մեր զինվորներին ներկայացնել տեռորիստ: Պարզ է, որ աշխարհում ոչ մեկը այս մեղադրանքը լուրջ չի ընդունի, բայց ոչ մեկն իր քիթը չի խոթի այս անհեթեթությունը սրբագրելու գործի մեջ ու չի մասնակցի գերիներին վերադարձնելու գործին: Ռուսներն էլ դա չեն անի: Դա կարող է անել միայն Հայաստանը: Իսկ Հայաստանը պետք է դա անի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Ադրբեջանն այս պատերազմից ստացել է գրեթե ամեն ինչ և նույնիսկ ավելին, կարող էր մեր տղաներին վերադարձնել որպես բարի կամքի արտահայտություն: Ինչու՞ չի անում: Որովհետև, եկեք անկեղծ լինենք, ո՞վ է ուզում մեր տղաներին: Ոչ մեկը: Նշանակում է մեր տղաները որպես ապրող միավոր չկան: Որպեսզի Հայաստանը նրանց վերստին դարձնի ապրող միավոր, պետք է ձևակերպի այն թեմաները, որոնք այդ կենդանի հոգիներին դարձնում են «մեռել»: Որո՞նք են այդ թեմաները: Այդ թեմաներն են Ղարաբաղի կարգավիճակը, Ղարաբաղի զինված ուժերի լինել-չլինելը, Սևրի դաշնագիրը: Այսքանն էլ հերիք է: Թեպետ հաստատ այլ հարցեր էլ կլինեն:

Ու այս ամենը Փաշինյանը գիտի: Գիտի ու մայրերին չի ասում, թե ինչ գնով ինքը չի կարողանում մեր տղաներին վերադարձնել գերությունից: Ադրբեջանն ինքը չպետք է պատճառներ հորինի, թե ինչու չի կարողանում վերադարձնել մեր տղաներին, Ադրբեջանը տերն է միայն այն պատճառներին, որոնք անհնար են դարձնում վերադարձնելը: Մարդասիրության, Թաթոյանի փաստարկների ու ՄԻԵԴ-ի մասին պետք է մոռանալ, այստեղ մայրեր են ցամաքում, որոնք ձևականությունների համար բավարար առողջություն չունեն:

Ուզենք, թե չուզենք, հաճելի է դա մեզ, թե ոչ, Ադրբեջանը մեր գերիներին սկուտեղի վրա չի մատուցելու մեզ: Եթե նրան մնա, ընդհանրապես կգերադասի վերացնել: Հետևաբար նրանց վերադարձնելու ջանքերը պետք է գերբնական լինեն: Կա՞ այսօր ավելի գերբնական բան, քան՝ Թուրքիայի հետ ուղիղ երկխոսության մեջ մտնելը: Բայց դա կարո՞ղ է անել Փաշինյանը: Գուցե: Բայց որքան ինձ հայտնի է՝ հաղթող առաջնորդները պարտված առաջնորդների հետ նույնիսկ հեռվից հեռու լեզու չեն թրջում:

Ես գիտեմ, որ Թուրքիայի հետ երկխոսության միտքը Հայաստանում միանշանակ չի ընկալվում: Բայց պետական առաջնորդը, մի անգամ մենք դա տեսանք, պետք է նաև անի քայլեր ի հեճուկս հասարակության այն հատվածի, որն առավել զգացմունքային է ազգային հարցերում: Պետությունը շատ ավելի բարդ օրգանիզմ է, և նրա ազգային հարցը պետք է կենսունակ լինի վաղվա քաղաքացու համար: Այսօրվա քաղաքացին պարտվեց: Բայց դա դեռ պետության պարտությունը չէ, պետությունը պարտվում է, երբ նրա առաջնորդը քաղաքացուց ավելի ամբոխահաճո է: Ավելին, անուղղելի ամբոխահաճո է: Մեր մեջ ասած, դա էլ տեսանք: Կընդառաջի՞ մեզ Թուրքիան: Դժվար է ասել: Բայց մենք ընկնելու ավելի տեղ ունե՞նք:

Հայտնի անեկդոտ կա՝ մեկը եկեղեցում աղոթում է ինչ-որ սրբի պատկերի առաջ՝ սուրբ Ավգուստին, այնպես արա, որ այս վիճակախաղը շահեմ: Մի երեք ժամ աղոթելուց հետո էս սրբապատկերը լեզու է առնում ու սրան ասում է՝ իսկ դու գոնե սկզբի համար փորձիր վիճակախաղի տոմսը գնել: Եվ ուրեմն վաղը չի՞ ծագի այն հարցը, թե՝ իսկ դուք Թուրքիայի հետ խոսել փորձե՞լ եք:

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Գերիների անհապաղ վերադարձի հարցը Պաշտպանը ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին

Նատա Հարությունյան

Գերիների հերթական խումբն է վերադառնում Հայաստան․ ուղիղ

Նատա Հարությունյան

ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում պահվող 4 հայ գերիներին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին