1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վերաճի ռազմական գործողությունների․ Ռուբեն Սաֆրաստյան
Այլ Լուրեր

Թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վերաճի ռազմական գործողությունների․ Ռուբեն Սաֆրաստյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.amի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

-Interfax.az-ի հաղորդմամբ՝ փետրվարի 1-ից 12-ը Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնելու են համատեղ զորավարժություն։ Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում այն, և ի՞նչ հնարավոր հետևանքների սպասել։

-Այսպիսի պարտությունից հետո, երբ մեզ մոտ շատ ուժեղ է անվտանգության բացակայության զգացողությունը, այս զորավարժությունները միտված են հոգեբանական ճնշում գործադրել Հայաստանի վրա, որ ցույց տան, թե Հայաստանին վտանգ է սպառնում ոչ միայն արևելքից, այլ նաև հարավ-արևմուտքից՝ Թուրքիայից։ Այդ զորավարժությունները բացի ռազմական խնդիրներից, կարծում եմ, նպատակ ունեն ճնշում գործադրել մեր հասարակության վրա։

-Այնուամենայնիվ, Հայաստանի դեմ ռազմական ակտիվ գործողությունների վերսկսման հնարավորություն տեսանելի՞ է։

-Պատմական փորձը ցույց է տալիս, որ ամեն ինչ կարելի է սպասել թուրք-ադրբեջանական տանդեմից, բայց եթե ընդհանուր գնահատենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ռազմական իրադրությունը, չեմ կարծում, որ այդ զորավարժությունները կարող են վերաճել ռազմական գործողությունների։

-Պարո՛ն Սաֆրաստյան, պատերազմից հետո Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները ինչպիսի՞ բնույթ են կրում։ Թուրքիան պատերազմի արդյունքներից գո՞հ է, թե՞ այնուամենայնիվ, դժգոհություններ ունի։

-Այս պատերազմը հրահրելով և այն ղեկավարելով՝ Թուրքիան ավելի մեծ նպատակներ էր իր առաջ դրել, որոնց մասին պատերազմի հենց առաջին օրերին պաշտոնապես հայտարարել է Էրդողանը, երբ ասաց՝ նպատակ ունենք այստեղ ռուսների հետ կիրառել սիրիական մոդելը։ Հետագայում սիրիական մոդելը փոխեցին նորով և կրկին պահանջ էին դնում, որ թուրքական զորքերը ռուսական խաղաղապահ զորքերի հետ մասին գործեն, բայց ռուսները դա թույլ չտվեցին։ Երկրորդը՝ ցանկանում էին, որ իրենց համատեղ մոնիտորինգային կենտրոնը, որը վերջիվերջո ստեղծվեց, իր առաքելությունն իրականացնի Արցախի տարածքում, ինչը ևս ռուսները թույլ չտվեցին, այսինքն՝ հիմա այդ մոնիտորինգը իրականացվելու է միայն տեխնիկակական միջոցներով, մոնիտորինգի թուրք և ռուս սպաները Արցախի տարածք չեն մտնելու, թուրքը օրինական ձևով ոտք չի դնի Արցախի հողին։ Դա էլ էին ուզում, բայց ռուսները դա էլ չտվեցին։ Այս երկու խնդիրներն են, որ Թուրքիան չկարողացավ լուծել, բայց մյուս կողմից ստացավ որոշ բան, որն ավելի սիմվոլիկ է։ Այն առումով ստացավ, որ Ռուսաստանը համաձայնեց, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունի խոսքի իրավունք, և պատահական չէ, որ Արցախի հետ կապված ինչ-որ մի գործողությունից հետո Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունենում։ Այսպիսով՝ Թուրքիան ավելի շատ էր ուզում, բայց քիչ ստացավ, բայց ինչ որ ստացավ, ավելի սիմվոլիկ է, իսկ սիմվոլները Թուրքիայի արտաքին քաղաքականության համար կարևոր են։

-Ինչպե՞ս եք գնահատում հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, այն կյանքի կկոչվի՞, և ի՞նչ կարող է տալ Հայաստանին ճանապարհների ապաշրջափակումը։

-Մի քանի կարևոր հանգամանքի վրա եմ ցանկանում ուշադրություն հրավիրել։ Եթե գործարկվի այս ծրագրի ամենակարևոր հատվածը՝ Սյունիքով Թուրքիան, Նախիջևանն ու Ադրբեջանը կապել իրար։ Սա պետք է դիտարկել ոչ միայն կոմունիկացիոն խնդիր, այլ նաև Թուրքիայի համար շատ կարևոր պանթուրքիզմի տեսակետից, ինչին նրանք հասան։ Մյուս կողմից՝ տարածաշրջանի ապաշրջափակումը շատ կարևոր է, և պետք է հեռանկարային ծրագիր լինի։ Բայց կարևոր խնդիր կա՝ ժամանակավրեպ է։ Թուրքիան և Ադրբեջանը ստացան իրենց ուզածը, իսկ այն, ինչ մեզ կարող է օգուտ բերել, շատ մշուշոտ է։ Կան շատ լուրջ անվտանգային խնդիրներ։ Թուրքիայի հետ սահմանը բացելուն, ինչին ես չեմ հավատում,  մենք այս պահին պատրաստ չենք։ Հիմա եթե սկսվի իրագործվել այն, ինչ ստորագրվել է, մեր անվտանգության համար վտանգավոր է, սա այնպիսի ծրագիր է, որի համար պետք է ժամանակ, պետք է այս պարտության դառը ցավն անցնի մեր միջից, որ մենք կարողանանք ավելի շատ բան ստանալ, կարող ենք հարց դնել, որ երկաթգիծն անցնի ոչ թե Սյունիքով, այլ՝ Իջևանից, որ գնում է դեպի Ադրբեջան՝ Ղազախով, այնպես որ սա ապագայի ծրագիր է, իսկ հիմա այն ժամանակավրեպ է և վտանգավոր։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Մոսկվան ևս պետք է վախենա Թուրքիայի պանթյուրքիստական նկրտումներից․ Ռուբեն Սաֆրաստյան

Սերինե

Թուրքիան մտադիր չէ նախարարի ասած քաղաքականությունը վարել․ Ռուբեն Սաֆրաստյանը՝ ԱԳ նախարարի հայտարարության մասին

Սերինե

Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանին սադրանքներ կանի, քանի որ Արցախում իր նպատակին չհասավ, ինչը կարտահայտվի սահմանին զորքի կուտակմամբ․ թուրքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին