5 C
Yerevan
7 Մարտի, 2021
136140.8 By Google Analytics 06.03.2021
Գլխավոր » Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը կարգավորվել է
Սոցիալական

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին աջակցություն տրամադրելու հարցը կարգավորվել է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս համայնքի բնակիչներին գումարային աջակցություն տրամադրելու հարցը կարգավորվել է, 250 հազար դրամի չափով աջակցության ծրագիրը կվերաբերի նաև նրանց:

Հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը: Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով անշարժ գույքը կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառման շրջանակում իրականացվում է 300 հազար դրամի չափով և 250 հազար դրամի չափով սոցիալական աջակցման ծրագիր:  

«Համապատասխան ցուցակների կազմումը կատարվում է Արցախի տարածքային կառավարման նախարարության կողմից՝  հիմք ընդունելով տվյալ շրջանների վարչակազմի, գյուղապետերի տված տեղեկանքներն ու ցուցակները: Խոսքը վերաբերում է հաշվառված լինելուն և փաստացի բնակվելուն: Այն ընտանիքներին, որոնց տները թշնամու տիրապետության տակ են մնացել, նախատեսված է 300 հազար դրամ, Արցախում իրենց տունը կորցրածներին՝  250 հազար դրամ: Հիմա Բերձորի, Աղավնոյի և Ներքին Սուսի բնակիչների դեպքում սահմանվել է 250 հազար դրամի չափով աջակցություն, քանի որ այդ համայնքները թշնամու տիրապետության տակ չեն»,- ասաց նա:

Միքայել Վիրաբյանն ընդգծեց, որ պետությունն աջակցության ծրագրերում ոչ մի տարբերություն չի դրվում, թե քաղաքացիները Արցախի որ բնակավայրերն են ներկայացնում: Նրանք կարող են դիմել սոցիալական ծրագրերից  օգտվելու համար:

«Ոչ մի տարբերություն չկա Շուշիի, Հադրութի, Քաշաթաղի կամ Շահումյանի շրջանի բնակիչների միջև: Օպերատիվ շտաբի համակարգման աշխատանքներում Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները մեզ համար ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ: Բոլորը նույն կերպ են օգտվում սոցիալական ծրագրերից»,-հավելեց նա:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին