10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135772.8 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Վազգեն Մանուկյանը պատասխան կտա՞ ռազմական հեղաշրջման կոչերի համար
Գլխավոր Նորություններ

Վազգեն Մանուկյանը պատասխան կտա՞ ռազմական հեղաշրջման կոչերի համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Գյումրիում արած սկանդալային հայտարարությունից հետո 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը շաբաթ օրը գնացել է Վանաձոր և այնտեղ համախոհների առաջ ելույթ ունենալով՝ ափսոսանք հայտնել, որ Հայաստանում ռազմական հեղաշրջում չեղավ:

«Երբ որ պատերազմում պարտություն է լինում, և զինվորականությունը տեսնում է, որ երկրի ղեկավարը սխալ հրամաններ է տալիս կամ դավաճանական ճանապարհով է տանում, լինում է հեղաշրջում»,- համակիրներին բացատրել է Մանուկյանը՝ շարունակելով. «Զինվորականությունը վերցնում է իր ձեռքը իշխանությունը, ու, ես կարծում եմ՝ Հայաստանում էն վիճակն էր, որ պետք էր դա անպայման անել»:

Այնուհետև Վազգեն Մանուկյանը հիշեցրել է, որ պատերազմի ավարտից 2 շաբաթ առաջ ինքը կոչ է արել զինվորականներին իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: «Դա կոչ էր, որ իշխանությունը վերցրեք ձեր ձեռքը: Նույնը ես հեռախոսով ասում էի Ղարաբաղի գեներալներին: Վերցրեք, կորում ա երկիրը, վերցրեք ձեր ձեռքը, դուք կառավարեք, գոնե ռազմական գործողությունները դուք կառավարեք: Ցավոք սրտի Հայաստանում այդպիսի բան տեղի չունեցավ, և դժվարանում եմ ասել՝ ինչու, բայց որոշ երկրներում եղել են այդպիսի բաներ»,- ափսոսանք էր հայտնել նա:  

Հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 27-ին, երբ արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական ուժերին հայտնել էր, որ համաձայնելու է 5+2 ձևաչափով հողերը հանձնելու ռուսակական կողմի առաջարկին, պատերազմը դադարեցնելու համար, Վազգեն Մանուկյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կոչ անելով. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ»։

Իրավաբան Գևորգ Գյոզալյանը NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց, թե իրավական խնդիր Վազգեն Մանուկյանի հայտարարություններում առկա է: «Առեևույթ կա: Այս հայտարարությունը նշանակում է սահմանադրական կարգի տապալում, որովհետև Սահմանադրությամբ նախատեսված չէ, որ զինվորականները իշխանությունը վերցնեն, երբ պատերազմի ժամանակ պարտություններ են լինում: Սա գերիշխանին՝ այսինքն ժողովրդին շրջանցելու տիպիկ օրինակ է: Կարծում եմ՝ առերևույթ իրավական խնդիրներ էստեղ կան»,-նշեց Գյոզալյանը:

Իրավաբանն ասաց, թե ավելի կոնկրետ կարող է խոսել, եթե քրգործ հարուցվի և ուսումասիրություն կատարվի. «Բայց առերևույթ կա իրավական խնդիր, և դա սահմանադրական կարգը տապալելու կոչ է: Ցավալի է, որ սա ասում է քաղաքական գործիչ և վարչապետի հավակնորդ, որը թույլատրելի է համարում որևէ ձևով ժողովրդին շրջանցելը: Սա առնվազն տարակուսանք է առաջացնում, եթե ունենք նման քաղաքական գործիչ, դա ինձ համար մտահոգիչ է»:

Գևորգ Գյոզալյանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունների առթիվ պետք է քննություն իրականացվի՝ պարզելու, իրականում սահմանադրական կարգի տապալման կոչ է, թե ոչ: «Էլ ավելի վատ է, որ արվել է նաև պատերազմական իրավիճակում, բայց այդ եզրակացության կարող են գալ միայն քննություն իրականացնող մարմինները»,- նշեց փաստաբանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ Վազգեն Մանուկյանը կոչ է արել խախտել Սահմանադրությունը և կոչ է արել ռազմական հեղաշրջման: «Այսինքն՝ հանցագործություն ընդդեմ պետության և դա անում է հրապարակային: Այստեղ անելիք ունեն իրավապահ մարմինները: Պետք է քրեական գործ հարուցվի»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով. «Պարոն Վազգեն Մանուկյանն ապացուցեց իր տոտալ անպատասխանատվությունը, կտրվածությունը ՀՀ շահերից և իրողություններից: Նա անելիք չունի քաղաքականության մեջ, մանավանդ, որ էթիկայի կանոններն է խախտում հանրության մասին իր արտահայտություններում: Բացի դա էլ քրեական սահմանագծերն է հատում»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, չցանկանալով մտնել իրավական նրբությունների մեջ, ասաց, թե կարծում է, որ քաղաքական պայքարում հեղաշրջում կամ ռազմական հեղաշրջում տերմիններն օգտագործելն ու նման կոչեր անելը սխալ է և վնասակար: «Որովհետև ցանկացած այդ կարգի հեղաշրջում երկիրը հսկայական քայլերով հետ է նետում: Իհարկե, մենք վերջին շրջանում շատ լուրջ հարվածներ ստացանք, այս պարտությունը մեզ համար ճակատագրական է և ազդելու է մեր պատմության վրա: Իհարկե, երկրի իշխանությունները թույլ են տվել հսկայական, ճակատագրական սխալներ, բայց իշխանությունը հեռացնելու ճանապարհ ընտրել բռնի հեղաշրջումը և կարծել, որ ռազմական հեղաշրջմամբ հնարավոր է փրկել երկիրը, կարծում եմ, միամտություն է: Դա շատ ավելի մեծ վնաս կհասցներ մեզ, քան անգամ այն սխալները, որ թույլ տվեցին այս իշխանությունները»,- նշեց իրավապաշտպանը:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ այդ հայտարարությունների հեղինակը 16-ի վարչապետի թեկնածուն է, և ուզում է ղեկավարել Հայաստանը, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարծում, թե 2018-ին ժողովրդից մերժված կուսակցությունները Հայաստանում իշխանության գալու լեգիտիմ հնարավորություն ունեն: «Նրանք չունեն էդ հնարավորությունը, դա շատ ավելի վառ երևաց այս վերջին ամիսների ընթացքում, երբ նրանք շատ հիմնավոր բողոքով հրապարակ դուրս եկան, բայց ժողովուրդը նրանց կողքին չկանգնեց: Լրջություն հաղորդել նրանց չարժի, որովհետև ավելի շատ լրջություն ենք հաղորդում, քան ունեն»:

Ավելին, իրավապաշտպանը դժգոհեց, որ գործող իշխանությունն է լրջություն հաղորդում ժողովրդից մերժվածներին, որոնց ամեն օր լեգիտիմություն է հաղորդում՝ պատասխաններով, նրանց է տեսնում որպես մրցակից, ընդիդմություն է դիտարկում և էլիտա անվանում:

ՀՀ գլխավոր դատախազությունից դեռ չեն պատասխանել ռազմական հեղաշրջման անհրաժեշտության մասին Վազգեն Մանուկյանի կոչերի առթիվ մեր հարցմանը:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«Ջարդել, փշրել, գրավել, մահ»․ Վազգեն Մանուկյանի քաղաքական բառապաշարը

Նատա Հարությունյան

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել

Նատա Հարությունյան

Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիների հետ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին