
Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իրենց հարցազրույցներից մի քանիսի ժամանակ հայտարարել են, որ և՛ «Իմ քայլը», և՛ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները պատրաստ են կողմ քվեարկել Մարուքյանի՝ վարչապետի թեկնածությանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վստահեցնում է, որ ինքը չկա այդ ցանկում․ «Վստահ եղե՛ք, որ ես այդ պատգամավորների թվին չեմ դասվում։ Մեր խմբակցության դիրքորոշումն ու պինդ լինելը երևացել է նախորդ ամիսների ընթացքում։ Մենք այս երկրում ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան պարոն Մարուքյանին վարչապետ ընտրելը։ Բացառում եմ նման բան»,- եզրափակեց իշխանական պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստան»-ից Շաքե Իսայանը New Armenia.am –ին տեղեկացրեց, որ խմբակցությունը այդ թեմայի վերաբերյալ որևէ քննարկում չի ունեցել․ «Երբ կունենանք փաստացի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կլինի, այդ ժամանակ կքննարկենք և կներկայացնենք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության վարչապետի թեկնածուի կամ, եթե մեր խմբակցությունը իր թեկնածուն չառաջադրի, ապա ում թեկնածությունն է պաշտպանում։ Այս պահին Էդմոն Մարուքյանի կամ մեկ այլ անձի թեկնածության քննարկում չի եղել խմբակցությունում»։
Քաղաքագետ Արմեն Բադալյանն էլ վստահ է, որ «Իմ քայլում» կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ հեռանալու է, և կցանկանային այդ «խորտակվող նավը» հիմա լքել, բայց չի կարծում, թե իշխանական պատգամավորները կքվեարկեն «Լուսավոր Հայաստանի» ղեկավարի օգտին։
«Իրատեսական չեմ համարում այն, որ, եթե Մարուքյանը իր թեկնածությունը առաջադրի ՝ ձայների մեծամասնություն կստանա։ Նման կարգի հայտարարություններն արվում են մի քիչ ավելի հեռահար նպատակով, որովհետև հիմիկվանից քաղաքական ուժերը պատրաստվում են արտահերթ ընտրություններին, և սրանք ավելի շուտ նախընտրական քարոզչական հայտարարություններ են և ոչ թե կոնկրետ այս պահի քաղաքական հարցեր լուծելու միջոց»,- կարծում է քաղաքագետը։ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ թե՛ խորհրդարանական, թե՛ արտահերթ ընտրությունների ճանապարհով Էդմոն Մարուքյանի՝ վարչապետ դառնալու շանսերը շատ փոքր են, բացի այս, նա կարծում է, որ այս պահին «Բարգավաճ Հայաստանի» քաղաքական կշիռն ավելի շատ է, քան «Լուսավոր Հայաստանինը։
Քրիստինե Աղաբեկյան