
«Գագիկ Ծառուկյանն արդեն անդրադարձել է այդ հայտարարությանը՝ անընդունելի համարելով այն։ Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին՝ մշտապես հնչեցրել եմ այն թեզը, որ ավելի քան երբևէ մենք պետք է կարողանանք միասնական կերտել մեր պետության ապագան, և ով ուզում է լինի, բնորոշումները, տարբեր պիտակավորումները, սևերի և սպիտակների բաժանումները, տարբեր բաժանարար գծերը Հայաստանի քաղաքացիների շրջանակում, ինձ համար անընդունելի է»,- New Armenia.am-ի՝ ինչպե՞ս եք վերաբերվում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությանը հարցին ի պատասխան, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։
Իսայանից հետաքրքրվեցինք` արդյոք «Հայրենիքի փրկության շարժումը» քննարկման առարկա դարձրե՞լ է Մանուկյանի աղմկահարույց հայտարարությունը, ինչին ի պատասխան Իսայանն ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ քննարկել են այդ հարցը, թե ոչ։
Իսայանը չպատասխանեց մեր այն հարցին, թե Վազգեն Մանուկյանը պե՞տք է ներողություն խնդրի գյումրեցիներից․ «Կարծում եմ, առիթ կունենաք անձամբ այդ հարցն ուղղել Վազգեն Մանուկյանին, և նա կպատասխանի Ձեր հարցին»,- եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Շաքե Իսայանը նաև չմեկնաբանեց իրենց խմբակցության անդամ, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի այն հայտարարությունը, որում ասել է, թե Վազգեն Մանուկյանը «ինչ ասել է, ճիշտ է ասել»՝ պատճառաբանելով, թե խմբակցությունը տեղյակ չէ Ղուկասյանի նմանատիպ հայտարարությունից։
Քրիստինե Աղաբեկյան