1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136345.6 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » Դեռ պարզ չէ` «Նաիրիտում» ներդրումներ կարվեն, թե ոչ. «Փաստ»
թերթերի տեսություն

Դեռ պարզ չէ` «Նաիրիտում» ներդրումներ կարվեն, թե ոչ. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաճարակից և պատերազմից հետո հերթական անգամ խոսվում է տնտեսությունը վերականգնելու, երկիրը ոտքի հանելու մասին։ Այս համատեքստում առաջին հորիզոնականում է, իհարկե, տեղական արտադրությունը զարգացնելու հարցը։ Հասկանալի է, որ փոքր արտադրությունները որքան էլ լուծեն համայնքային կամ գյուղական զբաղվածության խնդիր, միևնույն է՝ կարևոր է մեծ գործարանների վերագործարկումը։ Մի կողմից՝ կաշխատի տնտեսությունը, սա ենթադրում է ֆինանսական մուտքեր պետական բյուջե, մյուս կողմից՝ կլուծվի գործազրկության հարցը։ Գաղտնիք չէ, որ մի շարք ոլորտներում դեռևս Խորհրդային Միության տարիներին Հայաստանը բավականին լավ ավանդույթներ է ունեցել, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո, եթե անգամ անկախության տարիներին ինչ-որ արտադրություններ վերականգնվեցին, ապա նախկին ծավալների մասին խոսել հնարավոր չէ։

«Նաիրիտ» քիմիական հսկան, ինչպես նրան անվանում են աշխատակիցները, ևս երկար ժամանակ է, ինչ գրեթե անգործության է մատնված։ Գործի չի դրվում նրա ողջ ներուժը։ Պետք են ներդրումներ, պետությունը չի կարողանում դրանք իրականացնել, իսկ օտարներին էլ սովորաբար այնքան պայմաններ են առաջադրվում, որ նրանք «հետ են քաշվում» իրենց մտադրություններից։ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշում է՝ պատերազմն իր ազդեցությունն ունեցավ նաև «Նաիրիտի» վերագործարկման խնդրի վրա։ «Մինչև այս դեպքերը մենք սպասում էինք, որ նոր քայլեր ենք անելու ներդրողների հետ։ Ներդրողները պետք է գային, փորձեինք կառավարության հետ սառած թեման նորից ընդհանրացնել։

Նախատեսված էր, որ նրանք պետք է ժամանեին հոկտեմբեր ամսին, բայց սեպտեմբերին սկսվեց պատերազմը, և ամեն ինչ սառեց։ Այսօրվա դրությամբ մենք դեռ հեռախոսային տարբերակով ունենք կապ իրենց հետ, նշում են՝ պետք է հասկանանք, թե Հայաստանի հետ վերջնական ինչ է կատարվելու, հակառակ դեպքում՝ չենք գա։ Նկատի ունեն՝ կլինի՞ կառավարության փոփոխություն, թե՞ ոչ։ Իրենք բավականին հիասթափված են այն ամենից, ինչ տեղի է ունեցել մեր երկրում, կարծիք են հայտնում՝ քանի դեռ Հայաստանում այս կառավարությունն է, ոչ ոք ներդրում չի կատարի, պետք է կարգավորվի Հայաստանի քաղաքական իրավիճակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Իսրայելյանը։ Նշում է՝ խոսքը եվրոպաասիական ընկերության մասին է։

«Ժամանակին «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոնը»՝ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ, բավական շահագրգռված էր ներդրումներ անելու առումով։ Մեր կառավարության դիրքորոշումն այլ էր։ Հիմա արդեն Ամերիկայում են ներդրողներ գտնվել, որոնք ցանկություն ունեին գալ Հայաստան և իրենց աչքերով տեսնեին ու համոզվեին, թե ինչ պատկեր է այժմ գործարանում։ Ըստ իրենց լուրերի՝ գործարանն ամբողջությամբ թալանված է, ոչինչ չկա։ Մեր ունեցած վերջին՝ հոկտեմբեր ամսվա տվյալներով գործարանում դեռ ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես նախատեսել էինք։ Ճիշտ է՝ լուրեր ստացանք, որ գործարանում ապամոնտաժում է կատարվում, բայց թե ինչ տեսակի, չկարողացանք ճշտել։ Այժմ գործարանից ստացվող ինֆորմացիան բավականին սուղ է, գրեթե չկա, կառավարիչը կարողացել է այնպես անել, որ ներսից գրեթե ինֆորմացիա չենք ստանում։

Երբ ներդրողները գան Երևան, պետք է միասին մտնենք գործարան, հասկանանք, թե ինչ ունենք այնտեղ։ Ներդրողը գումար է ներդնելու մեր մասնագետների տված երաշխիքի հիման վրա։ Մեզ վերականգնման համար պետք է 120-130 մլն դոլար, մասնագետները պետք է ասեն՝ պե՞տք է ավելացնել որոշակի գումար, թե՞ դրա անհրաժեշտությունը չկա։ Եթե պահպանված լինեն այն սարքավորումները, որոնք ունեինք, վերաթողարկումը միանշանակ հնարավոր է, բայց եթե այդ սարքավորումներից ինչ-որ բան վաճառած լինեն, արդեն անհնար է, որովհետև չենք կարողանա դրանք որևէ տեղից ձեռք բերել»,-նշում է մեր զրուցակիցը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին