10 C
Yerevan
4 Մարտի, 2021
135776 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել
Այլ Լուրեր

Մետաղական հանքարդյունաբերության հարցով քննիչ հանձնաժողովը օրենսդրական փոփոխության առաջարկ է արել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ազգային ժողովի՝ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքում, ի թիվս այլ առաջարկությունների, առաջարկել է նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում:

Քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցը ԱԺ նիստում ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանի վստահեցմամբ՝ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է հանրային հնչեղություն ունեցող հարցերից: Ինչպես նշված է զեկույցում՝ աշխատանքը բաժանվել է հատվածների. ուսումնասիրել Ամուլսարի հանքի շահագործման թույլտվության, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Թեղուտի, Սոթքի և Մղարդի հանքավայրերի հետ կապված հարցերը:

«Նոյեմբերի 25-ին քննիչ հանձնաժողովը հրավիրած նիստում քննարկել է ոլորտի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնաժողովին տրամադրված տեղեկատվությունները։ Քննարկվել են մետաղական հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր: Դատախազությունը տեղեկացրել է, որ երկու հանքավայրի նկատմամբ կան հարուցված քրեական գործեր: Հանքավայր շահագործող 27 ընկերություններն ունեն լիցենզիաներ, որոնց ժամկետներն ավարտվում են սկսած 2025-2045 թվականներից։ Շեշտադրվել է այն փաստը, որ ակտիվ շահագործման փուլում գտնվող հանքավայրերից ոչ մեկը շահութահարկ չի վճարում, այսինքն՝ շահույթով չի աշխատում»,-ասաց Բագրատյանը:

Առաջարկվել է ուսումնասիրել այդ կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, դրանց ծավալները, նպատակները։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկայացրել է տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ պատկան մարմիններին ուղղված հարցերի ցանկը։ Կարևորվել է հանքավայրերի իրական սեփականատերերի, հանքանյութի արտահանման ծավալների, տվյալ կազմակերպության աշխատողների թվի, միջին աշխատավարձերի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը։ Հանձնաժողովը կատարել է հարցումներ, որոնց ի պատասխան ՊԵԿ-ից ստացվել է մաքսային սահմանն հատած ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն, որի բացվածքը, Բագրատյանի խոսքով, այդպես էլ չի պարզաբանվել ՊԵԿ-ի կողմից:

Հանձնաժողովը քննարկել է նաև Ամուլսարի շահագործման տարածքում առկա պատմամշակութային հուշարձանների պահպանության թեման:

«Փաստում ենք, որ ՀՀ տարածքում գործող հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների հաշվետվությունները հիմնականում արժանահավատ չեն, դրանց օրինականությունը հիմնավորված չէ»,- նշեց Բագրատյանը

Կատարված աշխատանքների արդյունքում քննիչ հանձնաժողովն առաջարկել է կազմակերպել տեսակոնֆերանս ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կենտրոնի փորձագետների հետ՝ ոլորտի խնդիրները քննարկելու նպատակով: Հանձնաժողովն առաջարկել է նաև Շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ կազմակերպել լայնածավալ կրթական և իրազեկման միջոցառումներ մետաղական հանքարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ թափանցիկ աշխատելու և դրա արդյուքում դրական կողմերը արձանագրելու տեսանկյունից, նաև նախաձեռնել օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա մասնավոր կապիտալի ներգրավում և նոր ներդրումային միջավայրի ձևավորման հնարավորություն մետաղական հանքարդյունաբերության ոլորտում։ Հանձնաժողովն առաջարկել է մշակել կարգավորման մեխանիզմ հանքարդյունաբերողների ընթացիկ պարտավորությունների պարտադիր ամենամսյա հրապարակման համար։  Հանձնաժողովն իր զեկույցում շեշտել է նաև, որ արդյունավետ կառավարման ապահովման և ֆինանսական ցուցանիշների վերահսկողության նպատակով բոլոր հնարավոր գործառույթներում անհրաժեշտ է ձևավորել նոր չափորոշիչներ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին