1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135120 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Դրմբոնում ադրբեջանցիների ճանապարհը փակած արցախցիները դեռ պատասխան չունեն խաղաղապահներից
Այլ Լուրեր

Դրմբոնում ադրբեջանցիների ճանապարհը փակած արցախցիները դեռ պատասխան չունեն խաղաղապահներից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի բնակիչները երեկ փակել էին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյան ճանապարհը եւ հարց բարձրացրել, թե եթե ադրբեջանցիներն օգտվում են այս ճանապարհից՝ Քարվաճառ մեկնելու համար, ինչու հայերը նույն խաղաղապահների ուղեկցությամբ չեն կարող օգտվել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհի այն հատվածից, որն այժմ ադրբեջանցիների վերահսկողության տակ է։ Մարտակերտցիները հղում էին արել եռակողմ հայտարարության համապատասխան կետին եւ զգուշացրել, որ եթե այդ հարցը չլուծվի, իրենք պարբերաբար փակելու են ճանապարհը։

Ցուցարարներին երեկ միացել էր Արցախի «Արդարություն» կուսակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը, որը NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց, թե խաղաղապահներից դեռ պատասխան կամ լուծում չկա:

«Ում որ պահանջը ներկայացրել ենք, ինքը հարց լուծողը չէր, փոխանցողն էր: Մեր պահանջն այն է, որ եթե կոմունիկացիաները բացվում են, բացվեն բոլորի համար: Ռուս խաղաղապահներն այսօր ադրբեջանական բեռնատարներին ուղեկցում են մեր տարածքով, որ ավելի կարճ լինի, Մարտակերտից Վարդենիս տանող ճանապարհով ուղեկցում են դեպի Քարվաճառ, մենք էլ պահանջեցինք, որ եթե ճանապարհն օգտագործվում է, ինչը գրված չէ հայտարարության մեջ, ընդհանուր գրված է՝ կոմունիկացիաների բացում, մենք էլ այն օգտագործենք»,-ասաց Գալստյանը:

Նրա խոսքով՝ Գետավանի, Դրմբոնի և Մարտակերտի շրջանի բնակիչները Վարդենիս հասնելու համար այսօր կտրում են մի քանի անգամ ավելի ճանապարհ, քան նախկինում: «Եթե Դրմբոնից Վարդենիս 90 կմ է, ապա հիմա 600 կմ ճանապարհ են կտրում՝ Վարդենիս հասնելու համար: Եթե ռուս խաղաղապահներն ուղեկցում են ադրբեջանական բեռները, ապա մեր խաղաղ բնակիչներին էլ պետք է ուղեկցեն նույն ճանապարհի այն հատվածում, որն Ադրբեջանի վերահսկողության տակ է»,-նշեց արցախցի պատգամավորը:

Նրա խոսքով՝ խաղաղապահները խոստացել են փոխանցել պահանջը իրենց ղեկավարությանը և արձագանքել, ինչից հետո հայերը բացել են ճանապարհը ադրբեջանական բեռների համար: «Ռուս խաղաղապահները խնդրել են, ասել են՝ ռազմամթերք չի, հումանիտար բեռներ են, բացել ենք ճանապարհը»,-պատմեց Գալստյանը:

Արցախցի պատգամավորի խոսքով՝ անգամ աղետալի պատերազմից հետո Արցախում կյանքը շարունակվում է. «Շատ խնդիրներ կան, հիմնական խնդիրը բնակարանային խնդիրն է, որ օդում կախված է»:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին