8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136214.4 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Ի՞նչ ենք ուզում, ի՞նչ է պետք
Այլ Լուրեր

Ի՞նչ ենք ուզում, ի՞նչ է պետք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Պատերազմում պարտությանը զուգահեռ ակտիվացել են խոսակցություններն «ազգային գաղափարախոսության» կամ «ազգային երազանքի» մասին։ Ընդհանրապես, այս խոսակցությունները մեզ ուղեկցել են անցնող 30 տարիների ընթացքում։

«Ազգային միտք», «համահայկական ներուժ», «համաշխարհային ազգ», «ազգային տեսլական»  և այլ ճոռոմ բաղադրիչների տակ կորել է բուն բովանդակությունը և ազգային համաձայնության գոյությունը՝ պետությունը երկրորդվել, եթե կուզեք՝ ստորադասվել է։

Իսկ հնարավո՞ր է, որ պետության գոյությունն արդեն իսկ ազգային գաղափարախոսություն է կամ ազգային երազանքի որոշակի հանգրվան։

Աշխարհում կան  շուրջ 5000 էթնիկ հանրություններ (ցեղ, ժողովուրդ, ազգ), դրանցից միայն 225 կամ մի քիչ ավել–պակաս երջանիկներն ունեն ՊԵՏՈՒԹՅՈՒՆ։  Այլ հարց է՝ եթե մենք դա չենք ուզում տեսնել ու շեղվում ենք խնդրից։ Այլ բան՝ եթե ուզում ենք եղածն էլ կործանել ու «կրկին փորձիր»-ի սկզբունքով սկսել նորից, բայց այս անգամ չունենալով ոչինչ։

Տեսե՞լ եք ցեխերի մեջ խաղացող երեխաներին։ Նրանք սարքում են ինչ-որ հատակագծով տուն, հետո դուր չի գալիս, քանդում են այդ տունը ու նոր շաղախով զրոյից սկսում։  Որոշ բախտախնդիր խմբեր պետությանը վերաբերվում են նույն մոտեցումով։ Բայց չէ՞ որ պետությունը ցեխից շաղախ չէ, որ երբ ուզես քանդես ու քո ուզած տեսքն ստանաս։

Այս թեզերի ջատագովները տեղի–անտեղի հիշատակում են հրեաներին ու նրանց գաղափարախոսությունը։ Սակայն նրանք «վարպետորեն մոռանում» են, որ այդ նույն հրեաների ազգային նպատակը կամ իղձը սեփական պետություն ունենալն էր։ Թե ինչպես ստեղծվեց ու ում շնորհիվ, հարցի արդեն գեղագիտական կողմն է։

Մյուս կողմից, եթե անգամ գանք «ազգային գաղափարախոսների», «ազգային իղձեր մշակողների» ու «համաշխարհային ազգ» ստեղծողների դաշտ, չենք ստանա որևէ ռացիոնալ և համապարփակ պատասխան։ Մեկի համար ազգային իղձերի հիմքը թուրքի հանդեպ ատելությունն է, երկրորդի համար՝ տեխնիկական կանեփը, երրորդի համար՝ Մարսի բնակեցումը հայերով, չորրորդի համար՝ Հրո Երկիրը վարձով տալն ու հանգիստ ապրելը։ Երբեմն այս պարուրակներից տպավորություն է ստեղծվում, որ պետությունը մեզ համար դարձել է բեռ։ Մի մեծ բեռ, որը կարծես անկարող ենք տանել։

Թվում է, թե անձնական մակարդակում բոլորս գիտենք, թե ինչ ենք ուզում, բայց հենց հերթը հասնում է՝ ինչպես, լռում է ողջախոհությունը, և բացվում են գժանոցի դռները։

Իսկ միգուցե պարզապես պետությունը պահենք ու չտառապե՞նք «ազգափրկիչ գաղափարախոսությունների մորմորքով»։ Չէ՞ որ պետությունն ինքնին ազգային համաձայնություն է։

Խմբագրի խոսք

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին