8 C
Yerevan
8 Մարտի, 2021
136214.4 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Գերիների անունների, թվաքանակի հանրայնացումը որևէ վտանգ չի պարունակում․ Սիրանուշ Սահակյան
Այլ Լուրեր

Գերիների անունների, թվաքանակի հանրայնացումը որևէ վտանգ չի պարունակում․ Սիրանուշ Սահակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ հայկական կողմից գերիների ցուցակները միանգամից և ամբողջությամբ չեն տրամադրվել:

Լավրովի այս հայտարարությանն ի պատասխան՝  ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը New Armenia.am-ի հետ զրույցում ասաց, որ գերիների անունների, թվաքանակի հանրայնացումը որևէ վտանգ չի պարունակում․

«Որքան գործընթացը թափանցիկ լինի, այնքան կամայականություններից թե՛ մեր, թե՛ Ադրբեջանի քաղաքացիները պաշտպանված կլինեն, գործընթացը հեռու կլինի քաղաքական սպեկուլյացիաներից և կգործի իրավունքը՝ մարդասիրական նորմերի կանոններով։ Գործընթացին թափանցիկություն չտալն ընդամենը հնարավորություն է տալիս, որ մարդու իրավունքները կապվեն քաղաքական նկատառումների հետ»։

Սահակյանի համոզմամբ՝ ի սկզբանե վստահություն ձևավորելու կարևոր նախադրյալ կլիներ ցուցակներ փոխանակելը. «Երկու կողմերն էլ պետք է ճանաչեին ցուցակների ճշգրիտ լինելը, դրանք պետք է հրապարակայնացվեին, օր առաջ ընտանիքի անդամները պետք է տեղեկացված լինեին իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ, այնուհետև կազմակերպվեր գործընթացի հաջորդ փուլը»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրենց տեղեկություններով՝ հայկական կողմն Ադրբեջանում ունի շուրջ 150 գերի՝ անվիճելի ապացույցներով, բայց կան դեպքեր, որտեղ կան կանխավարկածներ, որոնք չեն հերքվել, ուստի չի բացառվում, որ թվաքանակը ավելին կլինի։

Հավելենք, որ ՌԴ արտգործնախարարի այս հայտարարության մասով փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունից, որտեղից, սակայն, խորհուրդ տվեցին կապվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի հետ։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին