
«Վարչապետի կողմից իրականացվող կադրային փոփոխությունները, որոնք մեկնարկել են պատերազմից հետո, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը՝ ի դեմս կառավարության և իր աշխատակազմի, փորձում է այնպիսի թիմ ձևավորել կամ այնպիսի տեղափոխումներ անել, որոնք կարող են կյանքի կոչել իր առաջարկած վեցամսյա ծրագիրը»,- NewArmenia.am –ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վերլուծաբան Գոռ Մադոյանը։
Նա կարծում է, որ այդ ծրագրի իրականացումը կարևոր կլինի նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քարոզարշավի համար։
«Դեռ վաղ է ասել՝ կադրային փոփոխությունները կծառայեն նպատակին, թե չէ, բայց լավ իմանալով Արսեն Թորոսյանին՝ որպես նախարար, որն անընդհատ ռեֆորմներ էր անում ոլորտում՝ անկախ հանգամանքից, ընդունելի էին դրանք ընդդիմության, թե իր թիմակիցների կողմից։ Այդ առումով աշխատակազմի ղեկավարի պաշտոնում, իհարկե, նոր լիցք կտա աշխատակազմին և այն բոլոր գերատեսչություններին և նախարարություններին, որոնք իրենց աշխատանքը համակարգում են աշխատակազմի հետ։ Արսեն Թորոսյանը ցույց է տվել, որ երբեք կոմպրոմիսների չի գնալու թե՛ նախկինների, թե՛ այլ ուժերի հետ, որոնք կփորձեն դիմադրել իր ռեֆորմներին»,- ասաց Մադոյանն ու հավելեց, որ այդ առումով բավական դրական նշանակում է. «Այն հետագիծը, որն ունի Արսեն Թորոսյանը, խոսում է այն մասին, որ կունենանք զգալի փոփոխություններ»,- կարծում է վերլուծաբանը։
Գոռ Մադոյանը չի բացառում, որ կադրային փոփոխությունները նաև նպատակ ունեն իշխանության վարկանիշը բարձրացնելու, բայց հիմնականը, ըստ նրա, կառավարելիության ավելի բարձր օգտակար գործողության գործակից ստանալն է, որի գլխավոր նպատակն է վարչապետի վեցամսյա ծրագիրը կյանքի կոչելը։
Քրիստինե Աղաբեկյան