6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134243.2 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » Արցախյան հարցում Ռուսաստանը երկիմաստ պահվածք է դրսևորում․ Արտաշես Խալաթյան
Հարցազրույցներ

Արցախյան հարցում Ռուսաստանը երկիմաստ պահվածք է դրսևորում․ Արտաշես Խալաթյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am –ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Արտաշես Խալաթյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։

-Լավրովի և ընդհանրապես վերջին շրջանում ռուս պաշտոնատարների հայտարարություններն ավելի շատ ինքնաարդարացման բնույթ ունեն և ավելի շատ փորձ են անում արցախյան ճակատում Հայաստանի կրած պարտության ամբողջ մեղքը բարդել Հայաստանի և Արցախի իշխանությունների վրա։ Նույն Դավիթ Տոնոյանի հնչեցրած արտահայտության բնորոշումը Լավրովի կողմից, որ դա էմոցիոնալ  և սուր բնույթի անտեղի հայտարարություն էր։ Նաև Արցախի կարգավիճակի հետ կապված մեղքը կրկին Հայաստանի վրա բարդելը, այն պարագայում, երբ կարգավորման գործնական բոլոր տարբերակներում Արցախի կարգավիճակի հարցը մնում էր բաց կամ ավելի վատ՝ 2000-ականներին քննարկվել է ընդհանուր պետության տարբերակը։ Այսինքն՝ Լավրովի ասածները, դրան գումարած համանախագահ Պոպովի պնդումները իրականությանը չեն համապատասխանում կամ բոլոր դեպքերում որևէ տեղ ֆիքսված խոսակցություններ չեն։

-Իսկ ի՞նչ նպատակով է Ռուսաստանը, ինչպես նշում եք, մեղքը փորձում բարդել հայկական կողմի վրա։

-Կարծում եմ, որ Ռուսաստանի ոչ բավարար դաշնակցային պահվածքը Հայաստանի նկատմամբ և հակամարտության ընթացքում թե՛ որպես համանախագահ պետություն, թե՛ որպես Հայաստանի դաշնակից անարդյունավետ գործողությունները, որոնք հանգեցրին նաև Հայաստանի և Արցախի անհամաչափ կորուստների, տեսնելով, որ այդ պահվածքը որևէ կերպ հնարավոր չի լինում, այսպես ասած, այլ սոուսով մատուցել հայ հանրությանը, փորձ է արվում չմեղքանալ, թե տեսեք այս ամենի մեղավորը «սորոսական» Փաշինյանն էր կամ, եթե լիներ Ռոբերտ Քոչարյանը, այլ կերպ կլիներ, կամ տեսեք` ռազմատենչ հայտարարություններ են Հայաստանից հնչել, կամ  Հայաստանը վախենում էր ճանաչել Արցախի անկախությունը, էլ ինչ ակնկալիք ունի Ռուսաստանից և այլն:

Սրանք փորձեր են ինչ-որ տեղ հանրային կարծիքը հեռացնել հակառուսական ծիրից և քավության նոխազ դարձնել գործող իշխանություններին, թեպետ շատ հարցեր կան, որ պետք է հղենք իշխանությանը, բայց կարծում եմ, որ հանրությունը տեսնում է, որ Ռուսաստանը երկիմաստ պահվածք է դրսևորում այսօր ևս և կարգավիճակի հետ կապված՝ որպես համանախագահ երկիր չի կարողանում  կամ որևէ կերպ չի սաստում Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցն ուղարկված է պատմության աղբարկղ, որ չկա Ղարաբաղի կարգավիճակի հարց, իսկ դրա հետ չհամաձայնողները իրենց մաշկի վրա կզգան Ադրբեջանի երկաթյա բռունցքը։ Դրան հետևում են Ռուսաստանի կողմից հնչող անատամ հայտարարությունները ամենաբարձր՝ նախագահի մակարդակով։

-Ռուսաստանի նման վարքագծի մեջ Ձեզ համար գործող իշխանության մեղքի բաժինը տեսանելի՞ է։

-Ինձ համար տարակուսելի է, թե ինչի մեջ են ռուսական իշխանությունները մեղադրում ներկայիս իշխանություններին։ Անգամ Սերժ Սարգսյանի կառավարման օրոք Սիրիա զորախումբ չի ուղարկվել Հայաստանի կողմից՝ այն էլ ռուսական դրոշի ներքո։  Եվ ես չեմ տեսնում որևէ հարց, որտեղ գործող իշխանությունները վարեն հակառուսական քաղաքականություն, կարծում եմ՝ դրանք անարդարացի մեղադրանքներ են։ Ինչ վերաբերում է նրան, որ Հայաստանի իշխանությունները փորձել են բազմավեկտոր քաղաքականություն վարել, կրկին անտեղի մեղադրանք է։ Ինքնիշխան պետությանը սահմանափակել արտաքին քաղաքականության այլ վեկտորի ուղղությամբ  նախաձեռնություններից, կարծում եմ, ավելի շատ Ռուսաստանի ուժային և կայսերապաշտական քաղաքականության դրսևորում է և ավելի շատ նաև բխում է արևմուտքի հետ սրացող հարաբերությունների տրամաբանությունից։

Սա ևս փորձ է արցախյան ճակատում Ռուսաստանի երկիմաստ քաղաքականության պատճառները բարդել Հայաստանի իշխանությունների վրա։ Կարծում եմ` դա է պատճառը, որ վարչապետը հեղինակեց իր վերջին հոդվածը, որտեղ թեպետ զգուշորեն, բայց փորձեց ինչ-որ կերպ հակադարձել Ռուսաստանից եկող այս հակաքարոզչությանը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Ռազմական դրության չեղարկումն ու չչեղարկումը պետք է հիմնված լինի անկողմնակալ փորձագիտական կարծիքի հիման վրա․ Արտաշես Խալաթյան

Սերինե

Տեղափոխվել ենք ռուս-թուրքական «միջնորդական» ձևաչափ․ Մինսկի խումբը պետք է սկսի գործել․ Արտաշես Խալաթյան

Նատա Հարությունյան

Վարձկան ահաբեկիչների փաստը հաղթաթուղթ է «անջատում հանուն փրկության» կոնցեպտն առաջ տանելու համար․ Արտաշես Խալաթյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին