28 Փետրվարի, 2021
134761.6 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » «Այն, որ կա տեղեկատվական հարձակում հանրության վրա, միանշանակ է»
Գլխավոր Նորություններ

«Այն, որ կա տեղեկատվական հարձակում հանրության վրա, միանշանակ է»

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հետպատերազմյան շրջանում դժվարացել է տեղեկատվության ստուգմամբ զբաղվող հարթակների գործունեությունը, քանի որ սոցցանցերի և տելեգրամ ալիքների միջոցով հրապարակ են նետվում կեղծ լուրեր, որոնք անգամ մեդիաահաբեկչության տարրեր են պարունակում և ցնցումներ են առաջացնում հասարակության շրջանում, սակայն դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս: Մյուս կողմից՝ պատերազմից հետո հասարակության մոտ առկա է անվստահություն պաշտոնական տեղեկության հանդեպ: 

«Փաստերի ստուգման հարթակ» fip.am-ի խմբագիր Անի Գրիգորյանը խնդրի առթիվ NewArmenia.am-ին ասաց, որ պատերազմից հետո հատկապես ակտիվացել են տելեգրամյան մի շարք ալիքներ, որոնց  տարբերությունն այլ աղբյուրների հետ այն է, որ չգիտես՝ ով է այդ տեղեկատվությունը գրում և տարածում, քանի որ դրանք անանուն են, սակայն բավական մեծ ազդեցություն ունեն մեր մեդիադաշտի և տեղեկատվական դաշտի վրա: 

«Անանուն գրառումները և կեղծ տեղեկությունները բավական լայն տարածվածություն են ունենում: Հաշվի առնելով, թե ինչպիսի ուղղվածություն ունեն, չենք կարող հերքել, որ դրանք չունեն քաղաքական ուղղվածություն: Հիմնականում սենսացիոն, շոկային տեղեկություններ են իշխանությունների վերաբերյալ»,-ասաց փաստերի ստուգմամբ զբաղվող կայքի խմբագիրը՝ հավելելով, որ շոկային տեղեկությունները տարածվում են շատ արագ և բավականին մեծ ազդեցություն են ունենում հանրության վրա: 

«Քանի որ նման տեղեկությունները հիմնականում իրականության հետ աղերս չունեն, հանրության մոտ աղճատված կարծիք է ձևավորվում»,-հավելեց նա: 

Խմբագիրը խուսափում է մեդիատեռոր բառից, բայց չի ժխտում, որ որոշ կեղծ տեղեկություններ առնչություն ունենում են ազգային անվտանգությանը: «Այն, որ կա տեղեկատվական հարձակում հանրության վրա, դա միանշանակ է: Ինչ-որ մի շրջան ամեն երեկո շոկային տեղեկատվություն էր նետվում դաշտ, և մինչ մենք կփորձեինք դա ստուգել, այն բավական մեծ տարածում էր ստանում՝ շոկի ենթարկելով հանրությանը»,-պատմեց Գրիգորյանը՝ հավելելով, որ  հատկապես տեսանելի չէ, թե, օրինակ, տելեգրամյան ալիքներից եկող ապատեղեկվության հետևում ովքեր են կանգնած: 

Ըստ խմբագրի՝ մեր հանրությունն ունի մեդիագրագիտության խնդիր, եթե որոշ չափով մեդիագրագետ լիներ, ապատեղեկատվությունն այսքան մեծ ազդեցություն չէր ունենա: 

Անի Գրիգորյանի կարծիքով՝ ոլորտը կարգավորելու խնդրում առկա է նաև օրենսդրական բաց: «Անցյալ տարի ընդունվեց ատելության խոսքի դեմ օրենսդրություն, սակայն ապատեղեկատվության վերաբերյալ որևէ օրենսդրական կարգավորում չկա: Եվ ֆեյք լուրեր տարածողները չեն պատժվում»,-նշեց նա: 

Հայաստանի վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագիծ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ի ղեկավար Ռաֆայել Աֆրիկյանի խոսքով՝ հետպատերազմյան տեղեկատվական հարձակումները կամ պայմանական «մեդիատեռորը» 2 տեսակի են՝ արտաքին և ներքին. «Մեկն Ադրբեջանի կողմից՝ պատերազմական իրադարձությունների հետ կապված, մյուսը՝ ներքին քաղաքական հարթակում ներքին խմորումների արդյունքում»:

Աֆրիկյանը նույնպես ֆեյքնյուզից հիմնական դեղատոմս է համարում մեդիագրագիտությունը: «Դա էսպես ասած վակցինա է, որը պաշտպանում է նման հարձակումներից: Օրինակ՝ տեղեկատվական հոսքեր կային, որ Սյունիքի Շուռնուխ ու Որոտան գյուղերը պետք է հանձնվեն, Արարատի մարզի Տիգրանաշենը և այն: Իրականում այդ գյուղերում ապրող գյուղացիների վրա այդ տեղեկատվական հարձակումները գրեթե չեն ազդում, քանի որ իրենք տեղում իմանում են իրականությունը: Դա ավելի ազդում է այլ բնակավայրերում՝ օրինակ Երևանում բնակվողների վրա»,-ասաց նա: 

Ըստ Աֆրիկյանի՝ «ԶԼՄ-ների մասին» գործող օրենքը պետք է փոխվի, քանի որ 2000-ականների սկզբին է ընդունվել և, օրինակ, չի տարածվում ինտերնետային հարթակների և կայքերի վրա: «Մենք մեծ խնդիր ունենք օրենքը 2021-ին իրականությանը հարմարեցնելու հետ»,-ասաց Աֆրիկյանը՝ հավելելով, որ պետք է պետությունը դպրոցական և բուհական տարիքից մարդկանց մեդիագրագիտություն սովորեցնի, որ, օրինակ, սոցցանցերը դեռ տեղեկատվական աղբյուր չեն, որ տեղեկատվության աղբյուրը պետք է ստուգել, ինչպես թղթվասերի ժամկետն ու ֆիրման ենք ստուգում: «Օրենսդրական կարգավորումներ են պետք: Դա պետք է շատ նուրբ արվի, որ խոսքի ազատությունը չտուժի»,-նշեց Աֆրիկյանը: 

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» media.am-ի կայքը «Ստուգված է» հարթակով է պայքարում ապատեղեկատվության դեմ: Կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանի խոսքով՝ հետպատերազմյան տեղեկատվական իրավիճակը դեպրեսիվ է: «Իրականում Հայաստանում փաստերը ստուգողների համար դժվար ժամանակներ են, որովհետև կա վստահության ճգնաժամ ինֆորմացիան կրողների և տարածողների նկատմամբ, հատկապես՝ պաշտոնական տեղեկատվության»,-ասաց խմբագիրը՝ շարունակելով. «Եթե մինչպատերազմյան ժամանակ որևէ լուր ճշտելու համար փաստեր ստուգող լրագրողը ստուգում էր պաշտոնական տեղեկատվությունը, արխիվը, ստանում պաշտոնյայի գրավոր պատասխանը, հիմա, քանի որ վստահություն չկա պաշտոնական տեղեկատվության հանդեպ, պաշտոնյաների նկատմամբ, որոնք տեղեկատվություն են տարածում, ճգնաժամ է ստեղծվել: Հիմա այդ առումով դժվարացել է մեր աշխատանքը, լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք, որ մեր ընթերցողներին իրականությունը պատմենք»: 

Միևնույն ժամանակ Գեղամ Վարդանյանի կարծիքով՝ ապատեղեկատվությանն առնչվող օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա: «Այն, ինչ որ կա քրեական օրենսգրքում և քաղաքացիական օրենսգրքում, լրիվ կարող է փակել դաշտը: Դժվար է մարդկանց մեղադրել, որ հեշտությամբ հավատում են ստին կամ չեն ստուգում ինֆորմացիան: Մենք խոսում ենք հետպատերազմյան իրավիճակի մասին, երբ մարդկանց մոտ կա հիասթափություն, քանի որ մարդիկ 1 ամսից ավելի կերակերվում էին պաշտոնական տեղեկատվությամբ, որը մի րոպեում պարզվեց, որ այդքան էլ ճիշտ չէր և սուտ էր: Պաշտոնական տեղեկության հանդեպ վստահության ճգնաժամը խնդիրներ է ստեղծում հասարակության համար»,-եզրափակեց նա:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Ֆեյքային դաշտում էլ հաջողության չեն հասել. «Փաստ»

Սերինե

Ո՞վ և ինչո՞ւ է գործարկում «ֆեյքեր» վարչապետ Փաշինյանի մասին. DW-ի անդրադարձը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին