28 Փետրվարի, 2021
134764.8 By Google Analytics 27.02.2021
Գլխավոր » ԼՂ հակամարտության կարգավորում․ ի՞նչ ունենք այսօր
Գլխավոր Նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորում․ ի՞նչ ունենք այսօր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի աղետալի հետևանքների մասին խոսելիս հաճախ շրջանցվում է գլխավոր խնդիրը՝ ԼՂ հակամարտության չլուծված մնալու հանգամանքը։

Միջնորդ երկրներ ներկայացնող քաղաքական շատ առաջնորդներ վերջին երկու տասնամյակների ընթացքում հաճախ էին կրկնում այն միտքը, որ ռազմական գործողություններով հարցը/հակամարտությունը չի լուծվելու, այնպես, ինչպես այն չլուծվեց 1994 թվականին՝ առաջին պատերազմից հետո։ Այդ ժամանակ հրադադարին հաջորդած բանակցային գործընթացի նպատակն էր հասնել փոխշահավետ հանգուցալուծման․ այնպիսի մի իրավիճակի, երբ կողմերը կամովին կհամաձայնվեն կարգավորման ինչ-որ մոդելի, որը հետևաբար կլինի կայուն և երկարաժամկետ։

Պատերազմին նախորդող վերջին ամիսներին, երբ Հայաստանի ԱԳ նախարարը պարծենում էր, որ բանակցային սեղանին կարգավորման որևէ փաստաթուղթ չկա, պատերազմը դարձավ բանակցությունների միակ այլընտրանքը։ Ընդ որում, բոլորը հասկանում էին, որ այն չի բերելու հակամարտության կարգավորման, այլ պարզապես փոփոխելու է հակամարտության գոյություն ունեցող ստատուս-քվոն։ Երկու կողմն էլ հույսը դրել էր այն բանի վրա, որ պատերազմի արդյունքում հենց իր դիրքն է ամրապնդվելու, ինչը հնարավորություն կտա ստանալ առաջին հերթին ներքաղաքական դիվիդենտներ։ Արտաքին քաղաքական ծրագրերի, ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության, տարածաշրջանի հեռանկարի զարգացման մասին ոչ ոք չէր խոսում։

Պետք է խոստովանել, որ անցած տարվա սեպտեմբերին բախման տարբերակը դարձավ ընդունելի երկու կողմերի համար՝ մեկը պատրաստվում էր պատերազմի, մյուսը՝ նույնպես։ Միայն դրանով է բացատրվում, որ 2020թ․ սեպտեմբերին նախորդող ամիսներին պետության արտաքին քաղաքականության պատասխանատուները չէին նախաձեռնել ակտիվ դիվանագիտական քայլեր վերահաս պատերազմը կանգնեցնելու համար։ Այսպես, այդ ամիսներին ԱԳ նախարարը իրականացրել է միայն մեկ այց՝ 5 օր գտնվելով․․․․ Եգիպտոսում։ Դիմակայության մարտավարությունը նախընտրելու մասին են վկայում նաև պետական այլ ինստիտուտների քայլերը․ ՊՆ հրապարակած նոր «տեսլականը», նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունները՝ «Սևրի հաշտության պայմանագիրն այսօր էլ մնում է որպես կարևոր փաստաթուղթ՝ Հայկական հարցի արդարացի լուծման հասնելու հայ ժողովրդի իրավունքի մասին» վկայում էին դիմակայության ճանապարհով գնալու վերջիններիս վճռականության մասին։ Նույնիսկ ՀՀ Ազգային Անվտանգության՝ հուլիսին հաստատված ռազմավարությունում մեր առաջանայնությունների մեջ չկար փոխզիջումներով ԼՂ հարցի կարգավորումը, որպես ռազմավարական նպատակ։ Փաստաթղթում խոսվում է սպառնալիքներից, բանակցային գործընթացին մեր հավատարմությունից, անվտանգության ապահովումից, սակայն հարցի կարգավորումը որպես անվտանգության կայուն ու երկարատև երաշխիք չի ընդգծվում։

Այսօր արդեն այս բոլոր փաստաթղթերը, մտքերն ու մտադրությունները ակտուալ չեն։ Խնդիրն այլ է՝ այսքան տառապանքներից, կորուստներից ու ցավից հետո էլ հարցը կարգավորված չէ։

Ի՞նչ է նշանակում հարցը՝ ԼՂ հակամարտության կարգավորում․ առաջին հերթին դա կողմերի համաձայնությունն է, որը պետք է ամրապնդվի փոխզիջումների հիման վրա ստորագրված փաստաթղթով։ Այն նաև պետք է ամրագրվեր երկրների ղեկավարների ձեռքսեղմամբ ու հակամարտության տրամաբանությունից դեպի խաղաղություն հաստատված ճանապարհային քարտեզով։ Խաղաղ կարգավորումը պետք է հնարավորություն ընձեռեր սահմանամերձ ապառազմականացված գոտիներում համագործակցության զանազան նախագծերի ձևավորման և իրագործման համար։ Դրանց անմիջապես կմիանային միջազգային կառույցներն ու դոնոր պետությունները՝ նյութական մեծ աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային ծրագրերի իրագործմանը։

Այսօրվա իրողությունները այլ են․ հաղթանակած Ադրբեջանը այլևս չի ցանկանում (չի կարողանում) գնալ փոխզիջումային կարգավորմանը։ Հողի վրա ուժով և հազարավոր զոհերի գնով փոփոխված ստատուս քվոն չի նպաստում ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շարունակմանը։ Առաջին հերթին հե՛նց ուժային բալանսի փոփոխության պատճառով։

Ռուսաստանի նախաձեռնությամբ այսօր տեղի են ունենում բանակցություններ ճանապարհների ապաշրջափակման, կյանքը բնականոն հուն տեղափոխման ուղղությամբ։ Եվ դրանք, ամենայն հավանականությամբ իրագործվելու են, որովհետև կա դրա ցանկությունը Մոսկվայում, Բաքվում և Երևանում։ Իրագործան գործընթացն էլ նպաստելու է հասարակություններում խորը վերքերի աստիճանական սպիացմանը։

Սակայն հարցը, հակամարտությունը, նույնիսկ այսքան թանկ գնով, կարգավորված չէ։ Եվ դա երևում է ամենուր՝ թե՛ մեր ներքին քննարկումներում, ռևանշի հասնելու բավականին բարձր լսվող խոսակցություններում, և թե՛ Ադրբեջանի հասարակությունում առկա խմորումներում, որի արտահայտությունն էլ Ի․ Ալիևի շարունակական սպառնալիքով լի խոսքն է։

Այս փուլում ավելի քան անհրաժեշտ է, որ կողմերը գան համաձայնության ՌԴ ԱԳ նախարար Լավրովի երեկ արտահայտած մտքի շուրջ՝ հակամարտության կարգավորման, ԼՂ կարգավիճակի հարցը պետք է թողնել ապագային։ Այսօր դրա բարձրացումը կարող է վտանգել դեռևս փխրուն խաղաղությունն ու ապաշրջափակման ուղղությամբ երեք մայրաքաղաքներում գործադրվող ջանքերը։ Այս հարցում պետք է գալ համաձայնության, ինչը դուռ կբացի նաև Հայաստանի համար այսօր ամենացավոտ՝ գերիների խնդրի լուծման համար։

Նմանատիպ Հոդվածներ

ԼՂ հակամարտության միջնորդության համընդհանուր ճանաչված ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է. Լավրով

Անի Գրիգորյան

Միացյալ նահանգներում ՌԴ դեսպանի խոսքով՝ ԼՂ հակամարտության շուրջ ԱՄՆ և Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են

Անի Գրիգորյան

ԼՂ հակամարտության կարգավորումը բխում է բանակցային գործընթացի բոլոր կողմերի շահերից․ՌԴ փոխարտգործնախարար

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին