1 C
Yerevan
2 Մարտի, 2021
135104 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Կեղծիք
Այլ Լուրեր

Կեղծիք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իտալիայի նախկին վարչապետերից մեկն ասում էր, որ չարժի կործանել աշխարհը հանուն ճշմարտության։ Իհարկե, այս փոքրիկ անկեղծացման մեջ խտացված է մարդկության պատմության հիմնական ողբերգություններից մեկը՝ կեղծիքը։

Մենք երբեք չենք իմանա որևէ ժամանակաշրջանի իրական պատմությունն ամբողջապես։ Մենք միշտ կընդունենք այն, ինչն ավանդել են կամ ուզել են, որ իմանանք։

Ավելին, դրան գումարվում է այն ժամանակաշրջանի կնիքը, թե ինչպես է մեզ մատուցվում։ Խոսքը միայն պատմությանը չի վերաբերում։ Ընդհանրապես՝ հանրային բազմաթիվ ընկալումներին ու «ճշմարտություններին»։ Այդ փոխանցումների շուրջ ստեղծվում են միֆերը, բայց բառի բացասական իմաստով։

Իսկ մեզ հաճելի է կեղծել, քանի որ ճշմարտությունը շատ հաճախ ցավոտ է։ Ոչ միայն ցավոտ է, այլ նաև բազմաթիվ դեպքերում մենք այնքան ենք մոլորվում մեր իսկ ստեղծած ստերի մեջ, որ օրգանապես ունակ չենք լինում ճշմարտությունն հասկանալու, նույնիսկ՝ կործանիչ ողբերգություններից հետո։

Ժողովրդական առածն ասում է․«Սուտը կքանդի մեր տունը»։ Թվում է, թե ժողովուրդը, որը հղացել է նման գիտակցական միտք, չի տրվի ստին, միֆին, պարտադրված կեղծիքին։

Բայց արի ու տես, որ այդ իմաստնությունն արտահայտվում է միայն առածի տեսքով. իսկ իրական կյանքո՞ւմ։ Դե իսկ իրական կյանքում առածն, ինչպես կենացն ու հայհոյանքն է։ Եղած են ասելու, բայց չանելու համար։

Ու մենք շարունակում ենք կեղծել՝ մարդկային հարաբերություններ, ժպիտ, գնահատական, դիպլոմ, պատմություն, բժշկի տեղեկանք, զենք․․․ ամեն ինչ։

Դա մեզ ուղեկցում է ամենուր՝ անձնական մակարդակում, երբ հարբեցողը կամ թմրամոլն ինքն իրեն համոզում է, որ կդադարի, երբ ուզի, մեկ այլ մոլորության մեջ հայտնվածը վստահում է իր կամքին ու էլ ավելի խորանում մոլորության մեջ, մինչև չի կործանվում հիմնովին։ Անհատական մակարդակի փոքր ողբերգությունները դառնում են գաղափարական պատումներ ու սկսում են կործանել հասարակություններին, պետություններին։

Մեզ պատուհասեց արցախյան երկրորդ պատերազմի ողբերգությունը։ Մի պահ վերանանք թշնամուց։ Ի՞նչն էր պարտության հիմնական պատճառը։

Իմ խորին համոզմամբ՝ կեղծիքն էր։ Գրեթե բոլորն էին կեղծել այս խնդրի թե՛ էությունը, թե՛ բանակցային գործընթացը, թե՛ մեր հնարավորությունները, թե՛ ռազմական պոտենցիալը։

Կեղծել էին՝ սկսած 1998թ–ից։ Հեղափոխությունն անգամ մաքրագրում չմտցրեց այս հարցում, ու նորը հաճույքով շարունակեց հնի կեղծիքը։ Երբեմն՝ չգիտակցված, որովհետև ինքն էլ էր նախորդ կեղծիքի զոհն ու հավատացյալը։

Այսքանից հետո մենք դեռ ունակ չենք ճշմարիտ խոսելու։ Օրինակ, մենք պատրաստ չենք իրար աչքերի մեջ նայելու ու հարց տալու․«Ինչու՞ կորցրեցինք Հադրութը»։

Խնդիրը միայն իշխանության ու ռազմաքաղաքական ղեկավարության երբեմն հանցավոր բացթողումների մեջ չէ։ Քանի՞ հադրութեցի մնաց պաշտպանելու Հադրութը։ Սիրելի ընթերցող, այս հարցը տալուց ես բնավ մեղադրական երանգ չեմ դնում։ Բայց ուզում եմ անկեղծ լինենք։

Մենք արգելում ենք թուրքական ապրանքը։ Լավ ենք անում, թե վատ, իմ որոշելիքը չէ։ Լուրջ դեմքով գովազդում ենք «ազգային բրենդը»։ Լավ ենք անում, թող զարգանա ազգային տնտեսությունը, բայց չենք հարցնում, թե այդ շորը, որը կարում ենք ազգային ասեղով (չինական ազգային է, բայց էլի ազգային է), ազգային հաստոցով (գերմանական կամ չինական է, բայց ոչինչ ազգային է), ազգային կտորով (թուրքական, չինական կամ պարսկական է, բայց ոչինչ, ազգայինի տակ կանցնի), արդյո՞ք այդքան ազգային է։ Ազգային բառի դեմ բան չունեմ, բայց ազգայինն արժեզրկողի դեմ ունեմ։ Ազգայինը ծամոն չէ, որ երբ ուզես, փուչիկ հանես։ Բայց մենք դա էլ ենք կեղծել։ Տարիներով ենք կեղծել։ Ու այդ կեղծիքն է, որ թույլ չի տվել ազգասերին, պետականասերին տարանջատել ազգակործանից ու պետությունը սպանողից։ Ու շարունակում ենք կեղծել մազոխիստական մի վայրի խրախճանքով, երբ ամեն կեղծիքից հետո մի կտոր միս էլ է պոկվում սեփական մաշկից, մարմնից, արդեն ոսկորն է երակը պահում, բայց դա չի ստիպում կանգ առնել։

Մենք անկեղծ խոսելու պետք ունենք։ Ուղիղ, միմյանց աչքերի մեջ նայելով՝ կեղծիքների թմբիրից մարդկանց ձերբազատելու համար։ Ու դրա կարիքն ունենք ամենուր՝ կրթության, քաղաքականության, պատմության մեջ։ Ազգային ցավոտ հարցերում՝ հատկապես։ Այլապես կեղծիքը քանդել է մեր տունը, կկործանի վերջնականապես։

Խմբագրի խոսք

Նմանատիպ Հոդվածներ

Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերով յուրացման և պաշտոնեական կեղծիքի դեպքեր

Նատա Հարությունյան

Բացահայտվել է խարդախությունների և կեղծիքների շղթա. չորս մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին