6 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134214.4 By Google Analytics 24.02.2021
Գլխավոր » «Էդտեղ դատական նիստ գոյություն չունի, ի՞նչ կապ ուներ Շուշին». Մարտի 1-ի զոհերի հարազատները հիասթափված են դատարանից
Գլխավոր Նորություններ

«Էդտեղ դատական նիստ գոյություն չունի, ի՞նչ կապ ուներ Շուշին». Մարտի 1-ի զոհերի հարազատները հիասթափված են դատարանից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու նրանց ներկայացուցիչը տարակուսած են երեկվա դատական նիստի ընթացքում տեղի ունեցածից, երբ մեղադրյալներն ու մեղադրող դատախազը, մի կողմ թողնելով Մարտի 1-ի գործը, վեճի բռնվեցին, թե ով է հանձնել Շուշին:

«Էդտեղ դատական նիստ գոյություն չունի: Ես մի քանի անգամ գնացել եմ, հետո տեսա, բուն դատավարություն չկա, էլ չեմ գնում»,-մեզ հետ զրույցում դժգոհեց Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դատական նիստերը սկսել են տապալվել, երբ Քոչարյանին 2 մլրդ-ով ազատել են բանտից: «Հանցագործը, մարդասպանը պետք է նստի բերդում, պիտի բռնեին, փակեին և վերջ»,-ասաց սպանվածի հայրը՝ հավելելով. «Արցախի հողերը հանձնելու փաստաթուղթը Քոչարյանն է ստորագրել, հիմա ինչի՞ մասին է խոսում: Ի՞նչն է ազատագրել: Հողերը հենց ինքն է տվել: Քոչարյանները թող իրենց անցած ճանապարհը նայեն, որտեղով անցել, մահ են սփռել: Շուշին իրենք չեն ազատագրել, Շուշին մեր ազատամարտիկներն են ազատագրել: Դե թող հիմա գնային, ազատագրեին»:

Հիշեցնենք՝ երեկ դատական նիստի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատախազը դիրքորոշում էր հայտնում պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ: Մասնավորապես, անդրադառնալով Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանի այն մտքին, թե նա պաշտպանում է Շուշին հանձնողներին, մեղադրող Բաղդասարյանն ասաց. «Ես երբեք հանձնողներին չեմ պաշտպանում…»: Դրանից հետո Քոչարյանը և Խաչատուրովը հայտարարեցին. «Հանձնողներից մեկն ես, էլի»։ Փոխադարձ մեղադրանքներից հետո դատարանը ընդմիջեց նիստը:

Մարտի 1-ի 10 զոհերից Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Հովսեփ Խաչատրյանը ևս ընդգծեց, որ մինչ այժմ նորմալ դատավարություն չի եղել: «Թող թողնեն մեղադրական եզրակացությունը կարդան դատարանում, տեսնեն՝ ինչի մեջ են մեղադրում: Ի՞նչ կապ ունի Շուշին Մարտի 1-ի իրենց գործողությունների հետ: Շուշին իրենք 30 տարի տվել են, 30 տարի կերել ու թալանել են պետությունն ու բանակը, էսպես պետք ա լիներ: Իրենք չգիտե՞ն՝ ինչ են արել Շուշիում, որ առանց ամաչելու խոսում են: 25 տարի երկիրը կերել են, ոսկորն ու կաշին են թողել, հիմա ո՞ւմ վրա են մուննաթ գալիս: Եթե Նիկոլն ա կերել, տանենք Նիկոլին կախենք: Իրանց միլիարդավոր հարստությունը մեր ԱԹՍ-ների ու տանկերի փողերով են դիզել, Արցախի համար անգամ նորմալ զենք չեն առել»,-իր դժգոհությունը հայտնեց զոհվածի ծնողը: 

Մարտի 1-ի գործով տուժողներից մեկի պաշտպան Սեդա Սաֆարյանը NewArmenia.am-ին ասաց, որ տուժող կողմը արդեն 4 ամիս բոյկոտում է դատական նիստերը, քանի որ գործով դատավորը քայլեր չի ձեռնարկում իրական դատավարություն ապահովելու ուղղությամբ: «Հատուկ տակտիկա է մշակվել պատասխանողների կողմից, և հատուկ տակտիկական քայլերով դատավարության բուն հունից շեղել են: Ավելի հակված եմ ասելու, որ դատավորը ղեկն իր ձեռքում չի պահում: Դատավորի գործառույթները որպես արդար դատաքննություն իրականացնող մարմնի, ընդունելի չէ, ինչի պատճառով մենք նիստերին չենք գնում: Այդ նիստերը Մարտի 1-ին չեն վերաբերվում»:

Պաշտպանի խոսքով՝ տուժողները դատական նիստին չեն գնում դատարանում ստեղծված մթնոլորտի պատճառով: «Անհավասար վիճակում են հայտնվել տուժողները ամբաստանյալների շահերի պաշտպանների հետ: Անգամ դատարանի դահլիճից հանեցին նրանց:  Երբ դատավորին ասում ես՝ մեղադրյալների պաշտպանների հարցերը կապ չունեն այս գործի հետ, դատավորն անտեսում է և ասում՝ նստեք, թող շարունակի Ալումյանը կամ Խուդոյանը, դա նշանակում է, որ դատավորը տոն է տալիս նրանք շարունակեն գործի հետ առնչություն չունեցող հարցերի քննարկումը»,-պատմեց Սաֆարյանը:

Ըստ նրա՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներին վերագրված արարքների քննարկումից դատական նիստը վերածվել է բոլորովին այլ քննարկումների: «Տպավորություն է, որ այդ գործով մեղադարական եզրակացությունը չի հրապարակվելու, ապացույցների սահմանման կարգ չի սահմանվելու: Մարտի 1-ի նիստերը ձախողման եզրին են, որովհետև դատարանն ինքը քննություն չի իրականացնում: Իսկ գործով մեղադրյալները դատարանը դարձրել են իշխանության համար պայքարի հարթակ՝ տեսնելով, որ փողոցային պայքարը արդյունք չի տալիս»:

Նշենք, որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, պաշտպան Արամ Վարդևանյանի և մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց նկատողության տեսքով և որոշեց սանկցիաների մասին տեղեկացնել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ փաստաբանների պալատի նախագահին:

NewArmenia.am-ն այսօր գնահատական խնդրեց գլխավոր դատախազությունից երեկվա դատական նիստի հետ կապված: «Մեկնաբանելն ավելորդ է. ակնհայտորեն դատավարական օպոնենտների կողմից որդեգրվել է դատավարության այս փուլը իրավունքի չարաշահման բոլոր հնարավոր եղանակների կիրառմամբ հնարավորինս ձգձգելուն զուգահեռ ցանկացած ձևով ու գնով մեղադրողներին սադրելու, մանիպուլյատիվ որակումներով նրանց հունից հանելու և այդ կերպ դատավարության գործընթացն իր բուն խնդիրների ու նպատակների համատեքստից հանելու, էժանացնելու գործելակերպը»,-ի պատասխան ասաց դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ շարունակելով. «Անընդունելի են իր դատավարական պարտականությունները կատարող, մասնագիտական ծառայությունն իրականացնող պետական ծառայողին էժանագին շահարկումների դաշտ ներքաշելու և անհիմն պիտակավորելու փորձերը: Դա ոչ միայն հարիր չէ զուտ բարոյական ու մարդկային առումով, այլ նաև ընդգծված վերաբերմունք է պետական ինստիտուների և պետական ծառայության նկատմամբ»:

Ակնհայտ է նաև, որ գործով դատախազն ինքը չպետք է որևէ կերպ ներքաշվեր շահարկումների դաշտ՝ անկախ որևէ կողմի ջանքերից:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Իշխանության ուժեղությունն այն է, որ չի միջամտում դատական համակարգի գործերին․ Բաղդասարյանը` Մարտի 1-ի գործի մասին

Սերինե

Առանց դատական համակարգը զտելու, հնարավոր չէր իրականացնել իրական արդարադատություն․ վերլուծաբանը՝ Մարտի 1-ի գործի մասին

Սերինե

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց դատախազներին բացարկի միջնորդություն

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին