
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց այն մոտեցումը, որ իրենք չեն զրկի ժողովրդին՝ իշխանություն ձևավորելու լծակից: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով իր հրաժարականի և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:
«Կա շատ հստակ մի բանաձև՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանություն ձևավորելու հնարավորությունից և լծակներից ու իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ եթե խորհրդարանական ընդդիմադիր ուժերը շարունակեն մերժել արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրենց առաջարկած տրամաբանությունը, ապա իրենք համապատասխան դիրքորոշում կձևավորեն այդ մոտեցման նկատմամբ: