
Կառավարություն-ազգային ժողով հերթական հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները կրկին խոսեցին գործող իշխանության հրաժարականի անհրաժեշտության մասին։ Կառավարությունն էլ վերահաստատեց, որ արտահերթ ընտրությունները շարունակում են մնալ իրենց օրակարգում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ առաջարկեց հուշագիր ստորագրել որից հետո արտահերթ ընտրությունները կկազմակերպվեն օրենքի սահմանված կարգով։ Ընդդիմությունը, սակայն, շարունակում է պնդել, որ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի առանց նախապայմանների։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն իշխանության առաջարկի մերժումն ընդդիմության կողմից պայմանավորում է երկու հանգամանքով․ «Որևէ քաղաքական կուսակցություն հիմա չի ցանկանում ինչ-որ կերպ համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հաշվի առնելով նրա շատ ցածր վարկանիշը և վախենալով պիտակավորումներից։ Երկրորդը, որ արտահերթ ընտրությունների դեպքում այսօրվա գործող ակտիվ ընդդիմությունը քիչ շանսեր ունի հաջողության հասնել ընտրությունների միջոցով, դրա համար նրանց ավելի ձեռնտու է սրել ներքաղաքական իրավիճակը և հասնել արտահերթ ընտրությունների ոչ թե այս իշխանությունների միջոցով, այլ այս իշխանություններին հեռացնելուց հետո»։
Բաղդասարյանը չի կարծում, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, որովհետև, ինչպես Փաշինյանն է պնդում, չի ուզում իշխանություն ձևավորելու իրավունքը որևէ մեկը խլի ժողովրդից, այլ՝ Փաշինյանը կառչած է իր աթոռից և բոլոր հնարավոր միջոցներով փորձում է երկարաձգել իշխանությունը․
«Դրանք ուղղակի դատարկ պատճառաբանություններ են, և Նիկոլ Փաշինյանը բոլոր մեթոդներով կառչած է իր աթոռից ու ոչ մի դեպքում չի պատրաստվում զիջել այն ու ամեն ինչի կգնա՝ իշխանությունը պահելու համար»։
Քաղաքագետը նշում է, որ ընդդիմության կողմից ներքաղաքական իրավիճակի լարումը որոշակի վտանգներ պարունակում է, բայց ընդգծում է, որ այս իշխանությունների՝ օր ավել մնալն առավել վտանգավոր է Հայաստանի համար, «որովհետև այս իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, բացարձակապես ադեկվատ չեն և չեն տիրապետում ո՛չ մարտահրավերներին, ո՛չ դրանց լուծման մեխանիզմներին»,- կարծում է Արմեն Բաղդասարյանը։
Քրիստինե Աղաբեկյան