
Պատերազմից հետո բողոքներ կան, որ հատկապես կամավորականների մի մասի զինգրքույկներում չի նշվում, որ նրանք մասնակցել են պատերազմական գործողություններին, ինչը խոչընդոտ է հանդիսանում, որպեսզի վերջիններս օգտվեն սոցիալական որոշ արտոնություններից՝ օրինակ, ուսման վարձի փոխհատուցումներից և այլն: Բացի դա, անհասկանալի է, թե ՀՀ և Արցախի պաշտպանության նախարարությունները ինչ սկզբունքով են սահմանվել կամավորականներին տրվող վճարը, քանի որ վերջիններս բավական տարբեր չափերի վճարներ են ստացել:
«Արաբո կամավորական վաշտ»-ից, օրինակ, տեղեկացանք, որ նրանց կամավորականների առաջին 98 հոգանոց վաշտը գնացել է Ջաբրայիլ, 2-րդը՝ 40 հոգանոցը՝ Մարտունի 2-րդ պատշպանական գոտի, 22 հոգի առանց գրանցման են գնացել պատերազմ: «2 ծանր վիրավոր ունենք, 7 թեթև, 5 հոգի անհայտ կորած են, որոնց վերաբերյալ որևէ տեղեկություն չկա»,-պատմեց վաշտի ներկայացուցիչը:
Ջաբրայիլում եղած 98 հոգին 17-18 օր կռվելու դիմաց ստացել են 29.500-ական դրամ գումար: «Բոլորն այդքան են ստացել: Տղաները լսել են, որ որոշ մարդիկ, որոնք 3 օր մասնակցել են հավաքների, չեն էլ ուղարկել ռազմաճակատ, 400 հազարական դրամ գումար են տվել: Մենք գումարի համար չենք գնացել, բայց իրականությունը դա է: Ջաբրայիլից ամենավերջում մեր վաշտի տղաներն են դուրս եկել»,-մեզ հետ զրույցում պատմեց վաշտի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ՊՆ-ից որևէ կերպ չեն հիմնավորել գումարի չափը: «Չենք էլ հետաքրքրվում, գումարի համար չենք գնացել: Կարող է հետագայում շտկվի, բայց այս պահի դրությամբ այդպես է բաշխվել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով. «Մարտունում կռված 2-րդ վաշտի 39 հոգին հոկտեմբերի 3-ից նոյեմբերի 15-ը ստացել են 60-65 հազար դրամ»:
Նրա խոսքով, երբ պատերազմից հետո իրենց կամավորականները մոտեցել են տարբեր զինկոմիսարիտաներ, նրանց զինգրքույկներում գրվել է, որ նրանք զորակոչվել են հայկական բանակ, բայց չի գրվել, որ մասնակից են մարտական գործողություններին: «Ասել են՝ դա հետո կլինի, քանի որ պաշտպանության նախարարի հրամանը նոր, 1 շաբաթ առաջ է դուրս եկել: Ժամկետ չեն նշել»: Նրա խոսքով՝ մասնակիցներ կան, որ ուսման վարձի խնդիր ունեն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում տեղեկացրեց, որ պատերազմական հանցագործություններին առնչվող 1300 քրգործ կա: NewArmenia.am-ը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե արդյոք դրանց մեջ կան նաև զինգրքույկներում նշումների և կամավորականների վճարների հետ կապված գործեր:
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ իրենք նման ահազանգեր, նման երևույթի վերաբերյալ դիմումներ, հաղորդումներ չեն ստացել: «Կարող եմ ասել, որ իրենց կարծիքով այդպիսի ոչ իրավաչափ դեպքերի առնչված անձինք կարող են նման փաստերը ներկայացնել դատախազություն, որպեսզի առավել առարկայական լինի: Դատախազությունը կապահովի, որպեսզի դրանք պատշաճ ուսումնասիրության առարկա դառնան, իսկ բավարար հիմքեր ի հայտ գալու դեպքում նաև իրավական գնահատական տալուն ուղղված միջոցներ կձեռնարկվեն»,- նշեց Աբրահամյանը:
Մարինե Խառատյան