5 C
Yerevan
25 Փետրվարի, 2021
134019.2 By Google Analytics 23.02.2021
Գլխավոր » «Դատավորներ կան, որ միացել են 17-ի շարժմանը». ինչ սպասելիքներ կան ԲԴԽ նոր անդամներից
Այլ Լուրեր

«Դատավորներ կան, որ միացել են 17-ի շարժմանը». ինչ սպասելիքներ կան ԲԴԽ նոր անդամներից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Իրավական շրջանակներում որոշակի սպասումներ կան Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամներից, թեև ընտրվածները միանշանակ չեն ընդունվում: Ինչպես հայտնի է՝ Ազգային ժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրեց «Իմ քայլի» 2 թեկնածուներին՝ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, որին կողմ քվեարկեց 86 պատգամավոր, դեմ՝ 3-ը, իսկ Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Դավիթ Խաչատուրյանին կողմ էին 85 իմքայլականներ, 3-ը՝ դեմ և 1-ն անվավեր:

Հատկապես այն պահից, երբ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը կոչ արեց դատավորներին ապացուցել՝ իրենք վնգստացող դատավորնե՞ր են, թե՞ ոչ, դատական համակարգը բացահայտ դեմարշ է իրականացնում գործող իշխանության դեմ. Անգամ վարչապետի մահափորձի մեջ մեղադրվողներն են ազատ արձակվում դատարանի դահլիճից, դատարանի որոշմամբ կալանքից ազատվեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին նոյեմբերի 10-ին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած անձը, այս ընթացքում դատարաններն ազատ արձակեցին նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին, ծանր հանցանքների մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաներից որևէ մեկն այսօր կալանավորված չէ:

Իրավաբան Գևորգ Գյոզալյանը դրական է գնահատում ԲԴԽ 2 նոր անդամի ընտրությունը: Ավելին, կարծում է, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի ընտրությունը կարող է որոշակի հավասարակշռություն բերել Բարձրագույն դատական խորհրդում: «Գագիկ Ջհանգիրյանը թե՛ որպես իրավաբան, թե՛ իր անցած փորձով ակնհայտ հակակշիռ կլինի, և դրա ապացույցը ԲԴԽ նախագահի հայտարարություններն են՝  Ջհանգիրյանի տարիքի հետ կապված, ինչում նա ակնհայտ շտապեց, որովհետև ակնհայտ տեղեկացված չէր օրենքից, որ սահմանափակումը ԱԺ-ի կողմից առաջադրված թեկնածուին չի վերաբերում»,-ասաց Գյոզալյանը:

Նրա կարծիքով՝ դատական համակարգի վիճակն անմխիթար է, վերջին շրջանում, հատկապես՝ պատերազմից հետո դատական համակարգը վերադարձել է իր հին գործելաոճին՝ չհիմնավորված վճիռներ, երկակի ստանդարտներ: «Այսինքն՝ այն, ինչ մինչ հեղափոխությունը կար: Իմ վստահորդներից շատ շատերը կարծում են, որ դատական համակարգը կրկին մխրճվել է կոռուպցիոն գործարքների մեջ: Որևէ դրական բան չես կարող ասել դատական համակարգի մասին»,-նշեց փաստաբանը:

Գյոզալյանը հիշեցրեց, որ ԲԴԽ նախագահը հայտարարում էր, թե դատավորները պետք է ապացուցեն, որ իրենք վնգստացող դատավորներ չեն՝ բաց թողնելով գլխավորը. «Ի վերջո, այդ դատական համակարգը գնահատական տվե՞ց այդքան տարվա կեղծիքներով ընտրությունների վերաբերյալ: Բացի մի քանի հոգուց՝ գնահատական չի եղել, այն դեպքում, երբ այդ կեղծիքները տարիներով «կնքվել» են դատական վճիռներով ու որոշումներով: Իսկ որ այդ ընտրությունները կեղծիքներով են եղել, ապացույցները հրապարակվել են»:

Միևնույն ժամանակ Ջհանգիրյանի և Խաչատուրյանի նշանակումը, ըստ իրավաբանի, շատ բան չի կարող փոխել դատական համակարգում: «Որպեսզի ԲԴԽ-ն դատավորին ենթարկի կարգապահական պատասխանատվության, պարտադիր պետք է լինի հարուցված կարգապահական վարույթ, ԲԴԽ-ն ինքնուրույն չի կարող դա հարուցել: Այդ մենաշնորհը պատկանում է բացառապես արդարադատության նախարարին և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովին: Եթե կարգապահական վարույթները չհարուցվեն, ԲԴԽ-ն ոչինչ չի կարող անել»,-ասաց նա:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս կարծում է, որ դատական համակարգը աղետալի վիճակում է: «Ամեն դատավոր անկախ դատավորի իր կեցվածքը յուրովի է դրսևորում՝ կախված, թե ով ինչ կապեր ունի: Դատավորներ կան անգամ, որ միացել են 17-ի շարժմանը, անունները չեմ ուզում նշել, սակայն ի՞նչ իրավունք ունի դատավորը քաղաքական դիրքորոշումներ հայտնել: Ինչպե՞ս կարող ենք վստահել նրանց անաչառությանը»,-տարակուսանք հայտնեց իրավապաշտպանը՝ շարունակելով.

«Կարծում եմ՝ պետք էր հեռացնել որոշ դատավորների այդ համակարգից՝ իրենց կայացրած բացահայտ ապօրինի վճիռների համար: Քոչարյանի տարիներին, Մարտի 1-ից հետո դատական համակարգը իշխանության ոտքի տակ դրեցին: Իսկ հիմա մեծամասամբ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի նշանակած դատավորներն են»:

Չնայած իրավապաշտպանը ողջունում է ԲԴԽ նոր անդամ Դավիթ Խաչատուրյանի մուտքը ԲԴԽ, վերապահում ունի Գագիկ Ջհանգիրյանի մասով: «Հնարավոր է՝ Ջհանգիրյանը իրավաբանական բարձր գիտելիքներ ունի, սակայն երբ մոտ 10 տարի ՀՀ զինդատախազ է եղել, իր գիտելիքները չի ծառայեցրել այդ համակարգը, բանակը բարեփոխելուն՝ քրեական գործերի բացահայտման առումով»,-նկատեց նա՝ հավելելով, որ կարծում է, թե ԲԴԽ-ն պետք է համալրվեր «մաքուր» հետագծով մարդկանցով, թեև չի բացառում, որ Ջհանգիրյանը հիմա ծառայեցնի իր գիտելիքները բարեփոխումներին:   

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը դրական է գնահատում ԲԴԽ նոր 2 անդամներին էլ: «Միանշանակ, ԲԴԽ-ի գործունեության վրա նրանց աշխատանքը դրական կանդրադառնա, բացասական չի կարող անդրադառնալ, ԲԴԽ-ն այն մարմինը չէ, որ 2 անձի փոփոխությամբ կարող է էական փոփոխություն լինել, 2-ն էլ փորձառու մասնագետներ են»,-նշեց նա:

Փաստաբանը չի կարծում, որ դատական համակարգի ամբողջական վեթինգի կարիք կա: Կարծում է, որ 25-30 դատավորի փոխելու խնդր կա, և այդ «վարկաբեկված» դատավորների անունները բոլորը գիտեն: «Հեղափոխությունից հետո լիքը բան պիտի փոխվեր, չփոխվեց: Պետք է վեթինգ անել քննչական մարմիններում ու դատախազությունում: Շատ քրգործեր այսօր պարզապես չեն քննվում ու այդպես էլ դատարան չեն հասնում»,- նկատեց նա:

Փաստաբան Հարություն Բաղդասարյանը կարծում է, որ դատական համակարգը հիմնովին բարեփոխելու համար հեղափոխությունից հետո պետք է օրենք ընդունվեր բոլոր դատավորների լիազորությունները դադարեցնելու մասին, ինչը չի արվել: «Տպավորություն էր, որ դատարաններն ու գործադիրը ինչ-որ բաներ էին պայմանավորվում, հետո նրանց ջուրը նույն առվով սկսեց չհոսել, և գործադիրը որոշեց, որ այլ դատարաններ պետք է ստեղծի»,- նշեց նա: Հիմա, ըստ փաստաբանի, իշխանությունը փորձում է իրեն հաճելի դատավորներ նշանակել:  

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին