Արցախի հարցում, եթե լայն իմաստով ասենք, վերաիմաստավորման փուլում ենք գտնվում, բայց կան որոշակի սկզբունքներ, որոնք հայկական կողմերի համար եղել են ու պետք է մնան կայուն: NewArmenia.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն`անդրադառնալով ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքին: Նա հիշեցրեց, որ հայկական կողմի համար Արցախի հակամարտության շուրջ բանակցություններում եղել են անքակտելի սկզբունքներ, իսկ պատերազմից հետո ավելացել են դրույթներ, որոնց արդեն անհրաժեշտ է անդրադառնալ:
«Մինչպատերազմյա և հետպատերազմյա շրջանում սկզբունքային հարցը, որը քննարկվում էր, քննարկվում է ու պետք է քննարկվի, Արցախի կարգավիճակն է, որը, ցավոք, ավելի ու ավելի է բարդանում որպես բանակցային խնդիր: Սակայն, եթե մենք անդրադառնում ենք պաշտոնական մակարդակում հայկական կողմերի դիրքորոշմանը տվյալ հարցի վերաբերյալ, այն է եղել ու հուսով եմ`կմնա այն, որ Արցախը չպետք է ստանա որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում: Որքանով է սա հնարավոր ապահովել, ինչքան է առկա անվտանգային ռեսուրսը բավական այս դրույթն ապահովելու համար, այլ քննարկման հարց է, սակայն հայտարարությունների և աշխարհաընկալման տեսանկյունից սա պետք է դառնա այն կետը, որը չի կարող որևէ կասկածի ենթարկվել»,- ասաց նա:
Մարկարովը մյուս կարևոր հարցը համարում է Արցախի սահմանների խնդիրը: Նա գիտակցում է, որ կորցրած տարածքների խնդրի լուծումը չափազանց բարդ է, սակայն գտնում է, որ պատերազմից հետո կորցրած տարածքների խնդիրը ևս պետք է բարձրաձայնվի:
«Անկախ նրանից, թե Արայիկ Հարությունյան ինչ է ասում կամ չի ասում, կարող է ասել, թե`ոչ, գործողությունը և ազգային կենսապահվածքը պետք է ուղղված լինի, որ ապահովի անվտանգային ու անկախ Արցախի ոչ թե գոյությունն, այլ բարգավաճումը»,- շարունակեց Ալեքսանդր Մարկարովը:
Հարցին, երբ խոսում ենք Արցախի կարգավիճակի հստակեցման մասին, ի՞նչ սահմաններով ենք կարգավիճակը պատկերացնում, քաղաքագետը պատասխանեց, թե այս հարցում պետք է իրատես լինել:
«Իրատես լինելով պետք է առաջին հերթին սկսենք քննարկումները ներկաս ահմանների շրջանակներում, հետագայում արդեն ավելացնենք այն հատվածները, որտեղ առնվազն հայկական բնակչությունը կազմում էր մեծամասնություն: Գուցե բանակցությունների ժամանակ նաև դրվեն կոշտ ու սուր խնդիրները, որոնց արձագանքը կարող է նպաստել կարգավիճակի հարցի քննարկմանը: Ադրբեջանն այսօր, վաղը և 10 տարի առաջ ամբողջ տարածքը, որը գտնվում էր ՀՀ տարածքից դուրս, ընդունում է սեփական պետության տարածք: Սակայն առնվազն պետք է սկսել խոսել ներկայիս տարածքների և առավելագույնը խոսել դեօկուպացիայի մասին»,- եզրափակեց Ալեքսանդր Մարկարովը:
Հիշեցնենք, որ Արցախ նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս ասել էր. «Թեև, դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք պայքարն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է»:
Անի Արամի
