5 C
Yerevan
2 Մարտի, 2021
135158.4 By Google Analytics 01.03.2021
Գլխավոր » Ո՞ւմ է պետք Հայաստանը, եթե այն բանական չէ
Այլ Լուրեր

Ո՞ւմ է պետք Հայաստանը, եթե այն բանական չէ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ռուս պատմաբան Վասիլի Կլյուչևսկին գրում է․ «Պատմությունը ոչինչ չի սովորեցնում, բայց պատմություն չիմացողներին պատժում է ամենայն դաժանությամբ»։ 19-րդ դարում ստեղծագործող պատմաբանը դժվար թե կանխատեսեր, որ բառախաղ հիշեցնող իր սրամտությունը կարող է ամբողջությամբ արտահայտել հայ ժողովրդի տառապանքի էությունը, ավելին՝ դառնալ նրա թշվառ գոյության չընկալված կենսափիլիսոփայությունը։ 

Ճիշտն ասած՝ այլ նկարագիր հնարավոր չէ տալ այն հավաքականությանը, ավելի շուտ՝ նրա մտավոր շրջանակներին, որոնք հարյուր տարվա ընթացքում առնվազն երկու անգամ շարժվել են գրեթե նույնական ճանապարհներով ու ամեն անգամ հայտնվել խոնարհված գոյության և անփառունակ վախճանի ընտրության առջև։ Կարսից մինչև Շուշի ձգվող հարյուրամյակում հայերն այդպես էլ չընկալեցին այն պարզ իրողությունը, որ Մեծ Հայքն արդեն վաղուց գոյություն չունի, իսկ աշխարհն էլ չի առաջնորդվում Նպատի աշխարհաժողովի սահմանած օրենքներով։ 

Ազգային չընդհատվող և շարունակական ողբերգությունն արդեն իսկ փոխակերպվում է զավեշտի։ Ըստ տրամաբանության՝ Բեռլինի կոնգրեսից դուրս շպրտված հանրույթը պետք է շատ ավելի խոհեմ և իմաստուն գտնվեր 1920 թ․-ին, իսկ Կարսի անկում և անկախության կորուստ տեսած հանրույթը պարտավոր էր կրկնակի կենսունակ գտնվել արդեն 21-րդ դարում, երբ խաղասեղանին էին դրված  քաղաքական արժանապատիվ գոյությունն ու հեքիաթային անհոգ չգոյությունը, ցավոտ իրականությունն ու անցավ միֆը։

Հենց այս պարզունակ ճշմարտության ըստ պատշաճի չընկալումը երկու տասնամյակի ընթացքում հողի մեջ ամուր խրված անկախությունը փոխակերպեց պայմանականության։ Այսինքն՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո կասկածի տակ է հայտնվել ոչ թե անկախությունը, այլ դրա պայմանական լինելիությունը։ Պայմանականություն, որը կարևոր էր այնքանով, որ իրականության հետ առերեսվելուց հետո կարող էր և վերագտնել իր հաստատուն բնույթը։ Բայց մենք անկախության պայմանական կարգավիճակը նվազեցնելու փոխարեն կրկնապատկեցինք այն, պատմությանը դահճի գործառույթներ շնորհեցինք և գլուխներս կամովին դրեցինք պատմության դատաստանի առջև։ Չմտածող գլուխը պետք է գլխատվի։ 

Ցավոք սրտի, նույնիսկ այդ աղետից կամ էլ աղետի կրկնությունից հետո մենք համառորեն չենք էլ փորձում պատմություն սովորել։ Մեր փոխարեն ուրիշ մեկն է սովորում՝ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը։ Բոլորովին վերջերս նա ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո կիսվել էր վերջինիս հայտնի լուսանկարներով և արել հետևյալ բանաստեղծական գրառումը․ «Այսօր ես լսեցի այս ձեռքերը, որոնք մի ժամանակ պետությանը առաջնորդեցին անկախության»։ 

Իսկ մտածելու ունակությունը կորցրած, ամեն ինչ տեսած, բայց ոչինչ չսովորած մտավորական հորջորջվողները այդ նույն ժամանակամիջոցին զբաղված էին Նժդեհ ցիտելով։ Ավելի շուտ՝ Նժդեհի աֆորիզմները փրկելով։ 

Այսինքն՝ նացիոնալիզմի իռացիոնալ մամուռի մեջ մխրճված զանգվածները այդպես էլ չկարողացան գլխի ընկնել, որ ազգային աղետի պատճառը ծավալապաշտական արկածախնդրությունն էր, իսկ դրան սնուցող և միս ու արյուն տվող գաղափարախոսությունը՝ նժդեհականությունը կամ էլ ցեղակրոնությունը։ Նրանք այդպես էլ չհասկացան ու չճանաչեցին Զանգեզուրի համար կռվող հերոսին, բայց արժևորեցին և վերականգնեցին հենց այդ նույն հերոսի մոլորությունն ու սխալը։ Սխալ, որի ամբողջատիրական ու շովինիստական ներազդեցությունը կործանեց այն ամենը, ինչ որ տարիներով էր ստեղծվել։ Եվ դեռ շարունակելու է կործանել։ 

Բանից պարզվում է, որ մենք ոչ միայն չենք ուզում պատմություն սովորել, այլ նաև կիսատ-պռատ գիտելիքներով սխալ հատվածներում ենք խարիսխ գցում՝ «տապանը» կանգնեցնելով հատկապես այն կետում, որտեղ ցամաք չկա և չի էլ կարող լինել։ 

Այսինքն՝ հայ ժողովուրդը Նժդեհից վերցնելու որևէ արժեք այլևս չունի՝ բացառությամբ Զանգեզուրյան ինքնապաշտպանության հիշողությունից։ Մենք պետք է հասկանանք, որ հանուն Հայաստանի պայքարող Նժդեհի գաղափարները միտված են կործանելու այդ նույն Հայաստանը։ 

Թերևս դրա մասին էր ակնարկում նաև դեսպանը։ Նա ընդամենը փորձում էր հասկացնել հայ ժողովրդին, որ ձեր անկախությունը, թեկուզև՝ պայմանական, վտանգի տակ է, իսկ վտանգի չեզոքացման բանալին թաքնված է ոչ թե միֆական անցյալականության, այլ ընդամենը երեկվա պատմության մեջ, որն է՝ 1990-ականների Հայաստանը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ։ Լաքոթը հուշում էր, որ նա է անկախության խորհրդանիշը և ձեր հայացքը պետք է շեղվի դեպի նա։

«Նա»-ն այս պարագայում ավելի շատ գաղափարական կոնցեպտների ամբողջություն է, այլ ոչ թե ֆիզիկական անձ։ 

Ցավոք սրտի, հայ մտավորականությունը դեսպանի ակնարկը ընկալեց զուտ որպես հաճոյախոսություն, ինչպես որ պետության ճակատագիրն է դիտարկում որպես հակապատմական, բայց հարմարավետ բախտավորություն։ Ո՞ւմ է պետք Հայաստանը, եթե այն բանական չէ։ 

Նմանատիպ Հոդվածներ

Գիքորը` պետության և կալվածքի երկընտրանքի առջև

Սերինե

Հեղափոխության երկրորդ ալիքը․ Ուժեղ ձեռք

Սերինե

Միքայել Մինասյան․ վտարանդի արքայազնը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին